28 04 2020

Պետական դավաճանությունը էլ ո՞նց է լինում. Լիա Իվանյան. Panorama.am

Պետական դավաճանությունը էլ ո՞նց է լինում. Լիա Իվանյան. Panorama.am

Panorama.am-ը գրում է. 2008-ի մայիսին տպագրվեց  «Դավաճանություն» պատվածքների ժողովածուս, որտեղ վերջին պահին ավելացրեցի ապրիլին գրված «ՀԱՓ․ Հանգամանքների ազդեցության փորձարկում»   պատմվածքը, որում Դևը՝  հայրենիքի դավաճան  Լևոն Տեր-Պետրոսյանը  2008-ի մարտի 1-ին հայի արյուն հեղեց։ Այժմ՝ 2020-ին, երևի պետք է գրվի նաև պետական դավաճանության մասին, որի  հերոսը՝  ԼՏՊ հոգեզավակ Փաշինյան Նիկոլը  Հայաստանն է կործանում և Արցախն է ծախում։

Ցավոք, ոչ այն ժամանակ, ոչ էլ հիմա սրանք գեղարվեստական երևակայության արդյունք չեն, այլ մեր  իրականությունը։ Եթե առաջին դեպքում հետագա  կյանքը ցույց տվեց դավաճանության  առկայությունը, ապա  2020-ին մեր երկրի իշխանության  ապազգային դեմքն  ամբողջովին ջրի երես հանեցին կորոնավիրուսի դեմ անկարողությունը  և բանակցային գործընթացի ծածուկ կողմերի  բացահայտումները։ 

Նորմալ երկրում նույնիսկ  այսպիսի կասկածների դեպքում  առնվազն իմպիչմենտի գործընթաց կսկսվեր։

Բայց  ո՞վ պետք է այն նախաձեռնի․․․ ԱԺ-ն հաշվի մեջ չէ, որովհետև մեծամասնություն կազմող իմքայլականներն ատամներով կպահեն, մեծ հաշվով, իրենց գործատուին։ Նրանք հո լավ գիտեն, որ հենց չլինի ՆՓ-ն, իրենք րոպեական կրկին կհայտնվեն իրենց կոտրած տաշտակների մոտ։ Չի բացառվում նաև, որ   հաջորդ իշխանությունները հենց նրանց վրա կկիրառեն իրենց իսկ ընդունած օրենքները, և  ապօրինի ձեռք բերած գույքն ու անաշխատ պարգևավաճարները  բռնագանձելուց հետո,   հետհամաճարակային կանոններով այդ օրենքները խարույկը  կնետվեն՝ թավշյա վիրուսն իսպառ ոչնչացնելու համար։

Խորհրդարանական կամ արտախորհրդարանական ընդդիմություն, ըստ էության  չկա, որովհետև, եթե պետության համար ճակատագրական այս ժամանակահատվածում  միավորվելու եզրեր չեն գտնում, ուրեմն ամեն մեկն իր պարաննն  է ձգում, չգիտես ում կողմից հանգուցալուծում ակնկալելով։
Ժողովուրդը մոլորված է․ աչքի առաջ բացահայտվում են փաշինյանական  ստերը, բայց դեռ ձգում են  այն դժվարին պահը, երբ  ամեն մեկը առնվազն   ինքն իրեն պետք է խոստվանի, որ հիմարաբար խաբված է եղել։ Ինքնահիասթափությունը միշտ էլ  ավելի ծանր է, քան ուրիշից հիասթափվելը։ Արդեն  ամեն օր  են մարդիկ տեսնում, թե ինչպես է  իրենց կուռքն իրենց դավաճանում․․․ Չտեսնել չեն կարող, որովհետև յուրաքանչյուրի մաշկին է կպնում։ Թարմ օրինակն այն է, որ   մեկ ամիս առաջ  կոմունալների չվճարման դեպքում անջատումները բացառելու խոստում տված  վարչապետը այսօր պահանջում է չուշացնել մուծումները։ Ժողովրդին դավաճանելը հո պոզով-պոչով չի լինում։

Ո՞վ պետք է պահանջի այս իշխանությունների հրաժարականը։ Աբսուրդ է, բայց հենց ինքը՝
Փաշինյան Նիկոլն է դրդում գործողությունների․․․ ուրիշ ի՞նչ կերպ հասկանալ նրա  28․04․2020թ «կոմունալային» լայվում տեղ գտած ինքնամերկացումը․ «Մեր հայտարարությունները 100 տոկոսով իրականություն չեն դարձել, դա էլ մեր քաղաքական պատասխանատվությունն է: Ուրեմն, մենք այդքանով վատ կառավարություն ենք: Այս ինֆորմացիան ընդունեք ի գիտություն ձեր հետագա գործողությունների համար: Հայհոյեք մեզ, ձեր բոլոր իրավունքներից օգտվեք»։

Ժողովրդի իրավունքներից մեկը իշխանությունների  հրաժարական պահանջելն է։ Մանավանդ այն դեպքում, երբ իշխանության առաջին դեմքը խոստովանում է իր անզորությունը կորոնավիրուսի դեմ, և վճռականորեն չի հերքում  բանակցություններում իր պարտվողական դիրքորոշման մասին միջազգային հայտարարությունները։

Փաստորեն, երկու տարի ձգվող պետության կազմաքանդմանը, պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություների աջ ու ձախ հայտարարմանը, պետությանը զենքի առևտրի ու նարկոթրաֆիքի մեջ փնովելուն գումարվեց ամենից աններելին․ կիսապատերազմական վիճակում գտնվող երկրի ղեկավարը խաբում է իր ժողովրդին՝  բանակցություններում ջուր լցնելով  հակառակորդի ջրաղացին։ Պետական դավաճանությունը էլ ո՞նց է լինում։ Պարզ տրամաբանությամբ՝ իմպիչմենտը նվազագույնն է, որ պետք է պահանջվի այս իշխանություններից։

Հ․Գ․ Վարչապետական վերոնշյալ լայվը մի մի հին անեկդոտ հիշեցրեց․ ուրեմն դատում են հարազատ հորն ու մորը սպանած մի  երիտասարդի։ Դատավորն  ասում է՝ «Ամբաստանյալ, վերջին խոսք ունե՞ք», սա էլ  թե՝ «Հա, դատավոր ջան․․․  եթիմ տղա եմ, խղճա ինձ»։

Լիա Իվանյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ