25 04 2020

Ստացվում է՝ թուրքի կոտորածից 105 տարի անց Հայաստանի ղեկավարը թրքամե՞տ է․ հրապարակախոս. Panorama.am

Ստացվում է՝ թուրքի  կոտորածից 105 տարի անց Հայաստանի ղեկավարը թրքամե՞տ է․ հրապարակախոս. Panorama.am

Panorama.am-ը գրում է. Խորը մետաֆիզիկական խորհուրդ ունի այն փաստը, որ 1965-67թվականներից ի վեր առաջին անգամ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունք տանող ճանապարհը մարդկային գետ չդարձավ և անմար կրակը չշրջանակեցին հատ-հատ դրված միլիոնավոր ծաղիկները։ 2020 թվականին առաջին անգամ հայկական պետությունն արգելեց հային՝ գլուխ խոնարհել նահատակված հայերի հիշատակը հավերժացնող անմար կրակի  մոտ։

Արդյո՞ք միայն կորոնավիրուսի համավարակը   խանգարեց, թե՞  մարդկային գործոնն ավելի մեծ դեր խաղաց ապրիլի 24-ի միջոցառումներն ընդհանրապես չեղարկելու համար։ Ամենահեշտ ձևն, անշուշտ, արգելելն էր, ինչը և արվեց։ Բայց նաև ոչ ոք չի կարող արգելել մտածել, որ կառավարման հմտություններունեցող կառավարությունը  թերևս կջանար ավելի ընդունելի տարբերակ առաջարկել հանրությանը։

Բայց, նախ պետք է որ կառավարությունն ամիսներ առաջ ստեղծած  լիներ Ցեղասպանության  105-րդ տարելիցին նվիրված  միջոցառումների կազմակերպման հանձնաժողով։  Ամենայն հավանականությամբ չի էլ ստեղծվել, քանի որ չկա որևէ տեղեկատվություն նման հանձնաժողովի մասին։ Հետևապես, կարելի է եզրակացնել, որ կառավարությունում մտածել են՝ դե, տասնամյակներով ձևավորված ավանդույթի ուժով մարդիկ իրենք իրենցով  կկազմակերպվեն։

Այդուհանդերձ,  այս օրերին՝ կոմունալ վարձերի ու հացի փող չունեցողների  ամենափոքր խմբերն անգամ անցանկալի են գործող իշխանության համար, և  արտակարգ դրությունը տվեց մարդկանց հավաքվելն արգելելու հնարավորություն։

Իսկ տասնամյակների ավանդույթի ուժով, ապրիլի 24-ին ցանկացավ անմար կրակի մոտ ծաղիկներ դնել արգելքից անտեղյակ  82-ամյա Արտուշ Միրզոյանը։Ոստիկանները չէին թողնում, բայց քարահունջցի պապիկը  պատրաստ էր սպասել այնքան, մինչև թույլ կտան  բարձրանալ անմար կրակի մոտ։ Նա ո՛չ ընդդիմադիր է, ո՛չ ակցիա է անում, ո՛չ էլ ինչ-որ մեկի ուշադրությունն է ուզում գրավել։ Մարդը  «Զարուբյանի ժամանակից»ամեն տարի այդ օրը եղել է Ծիծեռնակաբերդում, և ուզում է  2020-ին ևս  ծաղիկներ դնել անմար կրակի մոտ։

Ապրլի 24-ին, հարգելով օրվա խորհուրդը, չհրապարակեցինք հոդվածներ։ Իսկ այսօր առավոտյան իմացանք, որ գիշերով «․․․վարչապետի հանձնարարությամբ Արտուշ Միրզոյանին պատվավոր ուղեկցել են անմար կրակի մոտ»։ «Մանանեխ ճաշից հետո», որն ավելի լավ է չմատուցվեր, քանի որ արվել էր  միայն համացանցում բարձրացված աղմուկը մեղմելու համար։
ՆաևԱրտուշ Միրզոյանի  հետ կապված  դրվագի  պատճառով 2020-ը պատմության կմնա  որպես ազգային խայտառակության  տարի։

Այս դրվագը բացահայտեց իշխանությունների իրական վերաբերմունքը մարդկանց հանդեպ։ Ամեն ինչից զգացվում է, որ ժողովուրդը չի եղել  կազմակերպիչների ուշադրության կենտրոնում։ Ակնհայտ է, որ լուսային ձևավորման մասին մտածել են,մտածել են համերգի մասին, վիրտուալ մասնակիցների անունները ներկայացնելու մասին․․․ այսինքն զոհերի հիշատակի վիրտուալ ոգեկոչմանն են նախապատրաստվել։ Դրսինների համար հիանալի շոու ստացվեց, հավանաբար։ Բայց մի՞թե սա է ապրլի 24-ի խորհուրդը։ Տասնամյակներ շարունակ յուրաքանչյուր մարդու իրական  մասնակցությունն էր էներգետիկ ահռելի ազդեցություն հաղորդել նահատակների ոգեկոչման արարողությանը։

Վատ իմաստով խորհրդանաշական է, որ  հարյուր հազարավորների փոխարեն 2020-ին  ծաղիկներ խոնարհեց մեկը, ով ժողովրդից ծածուկ առնվազն մեկ տարի ոչ հայանպաստ ուղղվածությամբ բանակցություններ է վարում ադրբեջանցիների հետ։ Ստացվում է՝ թուրքի  կոտորածից 105 տարի անց Հայաստանի ղեկավարը թրքամե՞տ է․․․

Ասվածը որպես մեծագույն աբսուրդ կհնչեր,  եթե ՌԴ արտգործնախարար Լավրովը բաց տեքստով չասեր, որ Ղարաբաղյան բանակցություններն ընթանում են  հայության համար անընդունելի փուլային տարբերակի շուրջ։ Լավրովն այն կարգի  դիվանագետը չէ, որ պատահական  սպրդումներ անի։ ՀՀ ԱԳՆ մեղմիկ  հակադարձումները և ադրբեջանական գործընկերների հետ հեռակա պարզաբանումներն  ավելի շատ շեղելու տպավորություն են թողնում։  Հանրության գիտակից և արդեն բավականաչափ մեծ հատվածը սպասում է վարչապետի սպառիչ բացատրություններին կամ հրաժարականին։

Ի դեպ, պետական խորհրդանիշ հարգելու բոլոր հանգամանքները ջնջել-վերացրել է հենց խորհրդանիշ հանդիսացող անձը՝ իր նեղանձնական  խնդիրներն  անթաքույց կերպով վեր դասելով  պետության  շահից  և վերջնականապես վերածվելով պետության թիվ 1 վտանգի։
Կորոնավիրուսը մոլորակի մարդկությանը  մետաֆիզիկական մտորումների գիրկն է նետել և ստիպում է լրջորեն դասակարգել ճիշտն ու սխալը՝  անձնական, հասարակական, պետական և միջպետական բոլոր հարաբերություններում։ Ըստ այդմ, մեր երկրում սխալ մարդ է ղեկավարը, քանի որ խաբում է ժողովրդին անգամ անվտանգային կարևորագույն հարցերում։
 

Լիա Իվանյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ