Փաստաբան Վահե Եփրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սերժ Սարգսյանն ու《չարյաց փոքրագույնը》։
Ապրիլի 23 ֊ն է։ Երկու տարի առաջ նույնը օրը Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց՝ մաղթելով խաղաղություն, ներդաշնակություն, տրամաբանություն։ Առավել քան հավատում եմ՝ պատգամներն այս անկեղծ էին, մինչդեռ մինչ այսօր չիրականացված՝《սիրո ու հանդուժողականության հեղափոխությունը》խաղաղության փոխարեն ատելություն ու պառակտում ներմուծեց հայ հանրություն, ներդաշանակության փոխարեն երկիրն անցավ իրավաքաղաքական վայրիվերումների փուլ, թռիչքաձև աճի փոխարեն բռնեցինք անկման ուղին, արդարադատությունը վերածվեց մահակի, տրամաբանությունն իր հերթին ևս խորթ մնաց սույն իշխանությանը՝ նախ տապալվեց սահմանադրական կարգը Նիկոլի վարչապետացմամբ, ապա՝ ԱԺ նույնակերպ զավթումը ու մինչևիսկ դատարանների շրջափակմամբ՝ դատական իշխանության գրեթե ամբողջովին գործադիրին վերահսկելի դարձնելն. այդ գործընթացի《հաջողությամբ պսակվելուն》մնացել է մեկ ատյան՝ Սահմանադրական Դատարանը, որի՝ իշխանության կցորդը դարձնելու անհագ բաղձանքը գերակա գտնվեց նույնիսկ համաշխարհային համավարակի պայմաններում ապօրինի հանրաքվե անցկացնելու նախապատրաստությունից՝ վտանգելով ՀՀ քաղաքացու կյանքն ու առողջությունը։
Այս երկու տարիներին Հայ Առաքելական Եկեղեցին ենթարկվեց անբարո արշավանքի, ի դեմս Երկրորդ ու Երրորդ Նախագահների դեմ《սանձազերծված արդարադատության》՝ ոտնահարվեց Նախագահի ինստիտուտը, սասանվեցին պետության թե՛ հոգևոր, թե՛ աշխարհիկ հիմքերը, պատերազմ անցած գեներալներին դատեցին դասալիքները, Արցախյան հերոսամարտը ստորադասվեց《Թավշյա հեղափոխությանը》, հանուն հայրենյաց ընկածները կոչվեցին《զոհեր հանուն ոչնչի》, Արցախյան հարցը《վերելակային դիվանագիտության》շնորհիվ հետ շպրտվեց դեպի ծայրահեղ ոչ հայանպաստ տեր ֊ պետրոսյանական դիրքեր՝ փաստ Լավրովի վերջին հայտարարությունը, պետությունը լցվեց քաղբանտարկյալներով, քաղաքական հետապնդումներով՝ Ռոբերտ Քոչարյանի ապօրինի կալանքն անիրավության ու անբարոյականության ամենավառ ապացույց, հասարակությունը կազմաքանդվեց սևերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների, փսեվդոլիբերալների ու պետականամետների, հպարտների ու շարքային քաղաքացիների, պոպուլիսների ու պրագմատիկների ...
... Երկու տարի առաջ այս օրն Օպերայի բակում լսելով Սերժ Սարգսյանի հրաժարականի՝ շատերի համար ավետիսն, ինձ համար գույժը, մտքովս անմիջապես անցավ՝《չարյաց փոքրագույնը՜》. սրա մասին դեռ այնժամ եմ գրել։ Չթվա՝ Սերժ Սարգսյանը կուռքս է՝ երբևէ որևէ անձի, առավելևս իշխանության որպես կուռք չեմ դիտարկել՝ կռապաշտությունն իմը չէ, այնուամենայնիվ չգրված ճշմարտություն է՝ երբեք իշխանությունը չեն նվիրում։ Հանրապետական ընկերներիս հետ ու ոչ միայն բազմիցս բանավիճել եմ Սերժ Սարգսյանի անակնկալ հեռանալու պատճառների շուրջ, մատնանշվում են արյունահեղությունից խուսափելը, ժողովրդի կամքը կատարելը, առաջնագծում կիսապատերազմական Արցախ ունենալու պայմաններում քաղաքացիական պատերազմի վտանգն ու էլի շատ պատճառներ, որոնք չեմ ժխտում՝ ճշմարիտ են, սակայն նաև համաձայնեք՝ դեռ հեռավոր իննսունականներից բացառապես բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած, ուժային կառույցներ ղեկավարած ֊ կայացրած Երրրոդ Նախագահը պարզապես չէր կարող իրեն հատուկ հեռատեսությամբ ու այսպես ասած《շախմատային մտածողությամբ》օբյեկտիվորեն չգնահատել իրավիճակը, չգիտակցել՝ տուրք տալով ամբոխին՝ պետությունը հանձնում է բախտախնդիր պատեհապաշտների ձեռքը, վերջապես անհնար է, որ Նիկոլն իրավացի էր՝《 ...Դուք չեք պատկերացնում Հանրապետությունում իրավիճակը, Դուք ՀՀ ֊ ում չունեք այն իշխանությունն, ինչի մասին Ձեզ զեկուցում են》, սակայն Սերժ Սարգսյանը հեռացավ, ուրեմն կար առավել խոշոր, կենսական վտանգ, որ հնարավոր է՝ չվերապրեինք, և գուցե վստահությունը Նիկոլի կառավարչական տկարությունն էր՝ լավ էր ճանաչում նրան, իսկ հույսը՝ հայ ժողովրդի խորքերում ծվարած արժեհամակարգն էր, որ մինչևիսկ բռնի քայքայմամբ՝ անհնար է վերացնել։ Ինչևէ, նա հեռացավ լու՜ռ՝ որոշ գործիչների լռությունն առավել խոսուն է, քան տեղատարափ ճիչերն այլոց, ամեն դեպքում Երրորդ Նախագահը բազմիցս խոստացել է խոսել, վստահ եմ՝ խոսելու՛ է։
Բնավ չեմ ցանականում ձեռնամուխ լինել Սերժ Սարգսյանի մտքերի շարադրմանը, սակայն գտնում եմ՝ նա պարզապես ընտրեց《չարյաց փոքրագույնը》՝ հայտնի չէ՝ ինչ կարող էր ծառանալ պետության ու մեր ժողովրդի առջև քաղաքական այդ քայլը չկատարելու պարագայում, ի վերջո սեփական փորձից առավել քան վստահ եմ՝ ո՛չ իրեն, ո՛չ հանրապետական ընկերներիս հաճելի չէ թունոտ խուժանի անբարո կեցվածքը, որ թերևս միայն վերջերս է թոթափվել, սակայն դեռ չի վերացել, Շուշիի ազատագրման օպերացիան ղեկավարած անհատի համար հաստատապես հաճելի չէ տեսնել՝ ինչպես է ՀՀ վարչապետի կինը հայ զինվորին գլխատած սրիկային հերոսի կոչմանն արժանացրած հայատյացի կնոջը հրավիրում Շուշի՝ թեյելու ու《մուղամ》լսելու, վերջին հաշվով Սերժ Սարգսյանին հաճելի չէ լինել մեղադրյալի աթոռին՝ շղթայված տեսնելով պետականակերտ հերոս ընկերոջը՝ Ռոբերտ Քոչարյանին. շրջանառվում է միտք՝ տարաձայնություններ են ունեցել, գուցե և ունեցել են, նորմալ է՝ նույն մարդը չեն՝ առանձին գործիչներ են՝ իրենց հատուկ գաղափարներով, քաղաքականությամբ, տեսլականներով, պատկերացումներով, բայց և փաստենք՝ պատերազմի բովով անցած երկու Նախագահ միմյամց չեն բանտարկում, այն էլ Իրենք՝ եթե ամենն իրենց զատի, Արցախն է մեկտեղումը նրանց։
Երրորդ Նախագահը պոպուլիստ չէր, հրապարակներում թափանցիկություն ու անկեղծություն չէր խոստանում, պատեհ ֊ անպատեհ սեր խոստովանում՝ քաղաքական ետնաբեմերում միաժամանակ բանակցելով մի《փաստաթղթի》շուրջ՝ դրա բացակայության պրոպոգանդային լծելով սեփական ողջ քաղաքական թիմը, հակառակը՝ կարող էր գնալ նաև ոչ պոպուլյար քայլերի ու արժանանալ《առանց արգելակների》քննադատության։ Ապրիլյան քառօրյան քննող ամոթալի հանձնաժողովը դեռ լույս կսփռի հայ զինվորի հաղթանակը ստորացնողների ու իսկական պետականամետների իրականության ամենամութ խորշերի վրա, սակայն մինչև《թավշյա գարունն》ու դրանից հետո տեղի ունեցած աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում, (Լուկաշենկոն է նշում՝ Սարգսյանը հրաժարվում էր հող հանձնել) ու հատկապես Արցախի շուրջ այնժամ ձևավորված իրավիճակը տեղիք է տալիս փաստելու՝ Սերժ Սարգսյանի իշխանությունից կարող եք լինել դժգոհ, (ինքս, իհարկե, մշտապես առողջ ու պրոդուկտիվ, այն քննադատել եմ հաճախ), սակայն անհնար է նրան մեղադրել հայրենիքը դավելու մեջ, ուստի նման իրավիճակում թերևս ռացիոնալ է պատասխանը՝ նա ընտրել է《չարյաց փոքրագույնն》, ի վերջո բավարար է միայն պատկերացնել՝ արտաքին ճնշումների տակ կքած Հայաստան ֊ Արցախը, որ դեռ երկու գարուն առաջ սեփական որդիների արյամբ հաղթանակեց, կանգնած է ներպետական բախումների եզրին՝ արնատենչ թշնամու թիրախում ...
Սերժ Սարգսյանը դեռ կխոսի՜, գալիք տասնամյակները դեռ կբացահայտե՜ն վտանգները, որոնցից գուցե անտեղյակ մնացինք, իսկ նա գերադասեց առժամանակ մնալ չհասկացված, բայց չզոհել հայի մեծագույն ձեռքբերումը՝ Պետականությունը Հայոց։
《Թավշյա հեղափոխությունը》գուցե լուծեց իր առջև դրված նպատակները՝ գուցե շահած ժամանակի շնորհիվ աշխարհաքաղաքական վերադասավորումներն առավել տեսանելի դարձան, գուցե փոխվեց Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, գուցե պայմաններ ստեղծվեցին բեկում մտցնելու բանակցություններում, գուցե պարպվեց ներհայաստանյան շիկացած մթնոլորտը, գուցեները շատ են, սակայն այժմ՝ երկու տարի անց, ամենը վերստին վերադարձել է ի շրջանս յուր, կրկին լինելիության շեմին ենք, իսկ պետության ղեկին ո՛չ աշխարհի առջև Արցախի Պետականությամբ հպարտ Քոչարյանն է, ո՛չ պատեհ պահին հանուն այդ նույն պետականության աշխարհը մանևրելու ունակ Սարգսյանը՝ Նիկո՜լն է՝ պետականախույս դասալիքն, ով թափանցիկի ու արդարության խոստումներով հանդերձ՝ մարտիմեկյան տասը զոհերն է վաճառում հանրությանը մեր, պարգևաթալանով զբաղվում, պղծում ամեն արժեք ու վերջապես Արցախով սակարկում։
Նման իրավիճակում մեզ որևէ անելիք չի մնում, քան մեկտեղվել քոչարյանական《Կոնսենսուս ֊1》բանաձևի շուրջ, հաստատել արդարադատություն, կարճել Նախագահների նկատմամբ հարուցված շինծու քրեական գործերն ու անվերապահորեն ապահովելով այնժամ արդեն մեղադրյալ Փաշինյանի արդարացի դատաքննության իրավունքը՝ լծվել Հայաստանի ու Արցախի պաշտպանությանն ու զարգացմանը՝ պետությունը հանձնելով պետականամետների կառավարմանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը