Հայաստանի արտաքին գործերի նախարարը ժամ առաջ պետք է հրաժարական տա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի ղեկավար Կարեն Բեքարյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «ՀՀ ռազմավարական գործընկեր, դաշնակից, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ՌԴ արտաքին գործերի նախարարը հայտարարեց, որ բանակցային սեղանին քննարկվում է Ղարաբաղյան կարգավորման փուլային տարբերակը (նշելով նաև՝ առաջին փուլերի ակնկալիքը) և դրա շուրջ համաձայնությունը քայլ կլինի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը կյանքի կոչելու ճանապարհին:
Եթե ՌԴ արտգործնախարարի ասածը չի համապատասխանում իրականությանը, ապա սա ուղղակի ցուցիչ է՝ ՀՀ-ՌԴ երկկողմ հարաբերությունների լիակատար տապալման, քանի որ ապատեղեկատվական դիվերսիան երբևէ առանց պատճառի չի կազմակերպվում:
Եթե ՌԴ արտգործնախարարի ասածը համապատասխանում է իրականությանը, ապա գործ ունենք Հայաստանի և Արցախի ազգային, պետական շահերի տապալման և սեփական հանրությանը հետևողականորեն ստելու հետ:
Երկու դեպքում էլ՝ արտգործնախարարը պետք է հրաժարական տա կամ հեռացվի զբաղեցրած պաշտոնից:
Եթե արտգործնախարարը չի հեռանում կամ հեռացվում, դա կնշանակի, որ այս ամենի ուղղակի պատասխանատուն վարչապետն է, դրանից բխող բոլոր հետևանքներով...
Հ.Գ. Լավրովին հարց է տրվել նաև գազի գնի հետ կապված, պատասխանը շատ խոսուն է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը