20 04 2020

Ազնվորեն աչքերի մեջ նայելով ազնիվ կարծիք հայտնելն ավելի հայրենասիրական է. Թևան Պողոսյան

Ազնվորեն աչքերի մեջ նայելով ազնիվ կարծիք հայտնելն ավելի հայրենասիրական է. Թևան Պողոսյան

Սոկրատեսը խոսք ունի՝ փոփոխությունների գաղտնիքը նորը ստեղծելու վրա կենտրոնանալու, ոչ թե հնի հետ կռվելու մեջ է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի նախագահ, ՀՀ նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Եթե մարդիկ չեն նայում ապագային, ուրեմն ինքներդ ձեզ պիտի հարց տաք՝ ի՞նչն եք սխալ անում, որ այդպես է։ Եթե ապագային միտված ոգեշնչում չեք տեսնում, ուրեմն հարցրեք ինքներդ ձեզ՝ ինչո՞ւ է համատարած այն ընկալումը, որ «անցյալի հետ է պայքարը»։

Այս իշխանության գոյությունը մեր ժողովուրդն իր հաղթանակն է համարել։ Ինչպես իր հաղթանակն է համարել 1994-ը, 2016-ի ապրիլը։ Ոչ ոք չի ուզում կրակն ընկնել իր հաղթանակների ձեռքը։ Երկիր կառուցեք մեր բալիկների համար։

Այլապես ինչո՞ւ են ձեր քայլերը հանգեցնում նման տպավորության, եւ ոչ թե սպասումների, որ, ասենք, սա անելով՝ վաղը կունենանք սա, 6 ամիս հետո սա, 5 տարի հետո կհասնենք սրան, որ շարունակենք ընթացքը դեպի 2050-ի այս նպատակակետ։ Չէ՞ որ մեզ այդպես ասվեց 2019-ի օգոստոսի 5-ին Ստեփանակերտում։

Իսկ իրականում այն, ինչ դուք ասում եք, չի նշանակում այն, ինչ մարդիկ լսում են։ Մարդիկ լսում են այն, ինչ իրենք են ցանկանում կամ այդպես են զգում, որ ասվեց։ Ուրեմն խոսքներդ այնպես ձեւակերպեք, որ լսենք այն, ինչ ասում եք։ Ցանկանում եք փոփոխություննե՞ր՝ եղեք այդ փոփոխությունը։ Եղեք ու դարձեք այդ փոփոխությունը։

Դարձեք այդ փոփոխությունը, որովհետեւ ազնվորեն, աչքերի մեջ նայելով ազնիվ կարծիք հայտնելն ավելի հայրենասիրական է, քան այդ այլեւայլ ձեւակերպումները։

Այո, մենք երկար ճանապարհ պետք է անցնենք, մինչ սովորենք իրար հետ միասին ապրելը, համակեցության նոր կանոնները, բայց այդ ճանապարհն էլ միասին ենք անցնելու։ Այո, միշտ չի, որ հենց այս խմբի առաջարկն է լինելու լավը կամ այն խմբի առաջարկները՝ վատը։ Պարզապես պետք է սովորենք միասին գտնել մեր միասնական ճիշտ ճանապարհը։ Դրա համար պետք է մի բան փոխվի՝ բոլորս դառնանք բաց իրար լսելու, իրար հարգելու, իրար համար ցավ ապրելու, իրար փայփայելու համար։ Մեր ուժը հենց իրար հետ միասնական լինելու մեջ է։ Մի՛ բաժանիր, միացրու՛։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ