2020թ-ի ապրիլի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 210 հոդված, որոնցից 17-ը եղել է բացասական, 193-ը՝ չեզոք։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի մասին դրական հոդվածներ չեն դիտարկվել։ Զարուհի Բաթոյանը հիմնականում քննադատության է արժանացել պարգևավճարների թեմայով: Ըստ լրատվական հրապարակումների` 8 ամսում նախարարը 30.000 դոլար պարգևավճար է ստացել։
Մամուլի հրապարակումների համաձայն` շատ քաղաքացիներ ուղղակի չեն կարողանում լրացնել դիմումի ձևերը, որպեսզի կարողանան օգտվել կառավարության աջակցության ծրագրերից։ Ըստ հրապարակումների` ծրագրերը մատչելի ներկայացնելու խնդիր կա: Շատերը չեն հետաքրքրվում, չնայած, որ կարող են շահառու լինել, որովհետև բարդ է գրված:
Հրապարակումներից մեկում անդրադառնալով թեմային` գրել են. «Մարդիկ չգիտեն՝ ինչ է ՀԾՀ-ն (նույն սոցիալական քարտն է), հասարակ մարդը, ով գուցե պոտենցիալ շահառու է, չի էլ փորձում խորանալ դրա մեջ: Նախարարությունը թեժ գիծ է ներդրել, խոսում ես, 10 վայրկյան հետո անջատվում է: Այ սենց քաոսային վիճակ, լիքը բացթողումներ ոլորտում, բայց դա չի խանգարել Զարուհի Բաթոյանին 2019-ին 8 ամսում 30 հազար դոլար պարգևավճար ստանալ: Տարրական բաներ կան, որ մարդիկ չգիտեն էս թեմաների վերաբերյալ, իսկ նախարարն իր էջով բանաստեղծություն է տարածում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը