15 04 2020

Իրավապահ համակարգը պետք է կալանավորման բազմաթիվ որոշումներ վերանայի. Սիրանուշ Սահակյան. Past.am

Իրավապահ համակարգը պետք է կալանավորման բազմաթիվ որոշումներ վերանայի. Սիրանուշ Սահակյան. Past.am

Past.am-ը գրում է. Առկա կարգավորումները անորոշ կամ անսահմանափակ ժամկետով արտակարգ կամ ռազմական դրություն հայտարարելու հնարավորություններ չեն ստեղծում: «Փաստի» հետ զրույցում այս մասին շեշտեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը:

«Արտակարգ բառն արդեն իսկ հուշում է, որ, որոշակի իրավիճակով պայմանավորված, մենք տարբերվող ու ժամանակավոր վիճակ ունենք: Միջազգային ստանդարտները ևս փաստում են, որ արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշումները պետք է ունենան ժամկետային սահմանափակումներ: 

Առավելագույն ժամանակահատված կա, որը, որպես կանոն, չի գերազանցում 2 ամիսը: ՀՀ գործող կարգավորումները հնարավորություն են տալիս արտակարգ դրություն հայտարարել երկրի ամբողջ տարածքում կամ որոշակի հատվածներում: Այն դեպքում, երբ արտակարգ դրություն է հայտարարվում որոշակի մասերում, այդ պարագայում տևողությունը կարող է հարաբերականորեն երկար լինել: Եթե արտակարգ դրություն է հայտարարվում ամբողջ տարածքում՝ այն 30 օր է, եթե որոշակի հատվածներում՝ 60 օր: 

Բայց կա արտակարգ դրությունը երկարաձգելու մեկ հնարավորություն. եթե ամբողջ տարածքով է, երկարաձգումը չի կարող գերազանցել 30 օրը, եթե որոշակի հատվածում՝ 60 օրը: Հաշվի առնելով այս կարգավորումները, կարող ենք ասել, որ ՀՀ ամբողջ տարածքում երկարացված արտակարգ դրությունը, բոլոր դեպքերում, չի կարող գերազանցել 60 օրը:

60 օրից ավելի արտակարգ դրություն պահպանելը կհակասի ՀՀ Սահմանադրությանը, օրենքներին ու հակաիրավական վիճակ կստեղծի: Դրանից հետո մենք որևէ իրավական հիմք չունենք, որը թույլ կտա մեր երկրում շարունակել արտակարգ դրությունը:

 Հաշվի առնելով, որ թույլատրվում է մինչև 60 օր երկարաձգել արտակարգ դրությունը, կարող ենք ասել, որ վերջին երկարաձգումն օրենքին համապատասխան է իրականացվել»,-անդրադառնալով այս թեմայի շուրջ բանավեճերին՝ ընդգծեց Ս. Սահակյանը:

Սիրանուշ Սահակյանի հետ զրույցում անդրադարձանք նաև ամբողջ աշխարհում քննարկվող մի հարցի՝ազատությունից զրկված անձանց խնդրի հետ: Հաշվի առնելով համաճարակը՝ տարբեր երկրներ տարբեր գործիքներ են կիրառում այս առումով, միջազգային կազմակերպությունները կոչ են անում մասնավորապես փոխել ռիսկային խմբում գտնվող ազատազրկված անձանց խափանման միջոցը:

Ս. Սահակյանը նախ նկատեց՝ ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոցների և պատիժների կիրառման մեր պրակտիկան առհասարակ բազմիցս քննադատվել է միջազգային կառույցների կողմից, որոնց իրականացրած ծրագրերը միտված են եղել մեզ մոտ այլընտրանքային խափանման միջոցների, այլընտրանքային պատիժների կիրառման պրակտիկայի տարածմանը:

«Ազատությունից զրկելու միջոցները քննադատվել են, որովհետև կայացած համակարգ չունեցող երկրներում խափանման միջոցները ոչ թե ծառայում են հետագա հանցավոր գործողությունները խափանելու կամ արդարադատությանը միջամտելու վտանգները կասեցնելուն, այլ ունեն պատժիչ բնույթ: 

Սրան զուգահեռ՝ ունենք ճգնաժամային իրավիճակ, որը առավել վտանգավոր է փակ հաստատություններում գտնվող անձանց համար: Վարակը ռիսկային է հենց այս խմբերի նկատմամբ, ու սա է պատճառը, որ միջազգայնորեն, ընթացիկ բարեփոխումներին զուգընթաց, հատուկ միջոցառումներ են ձեռնարկվում, որ անազատության մեջ գտնվող անձանց խափանման միջոցները փոխարինվեն: 

Ինչ վերաբերում է մեզ, ապա փոխարինող խափանման միջոցներ մենք շատ ունենք, որոնք կարող են ապահովել անձանց պատշաճ վարքագիծը. նույն գրավը, հայտնի մարդկանց երաշխավորությունները լուրջ գործիքներ են»,-ասաց նա՝ հավելելով, որ այդ գործիքներով հնարավոր է ապահովել թե՛ անձի ազատությունը, կյանքն ու առողջությունը, թե՛ արդարադատության իրականացումը:

«Կարծում եմ՝ հիմա իրավապահ համակարգը պետք է կալանավորման բազմաթիվ որոշումներ վերանայի: Կարող է կիրառվել գրավը: Միևնույն ժամանակ, այս ընթացքում պետք է հնարավորինս խուսափել կալանքը որպես խափանման միջոց կիրառելուց: Առհասարակ, համակարգը ճկուն է: 

Համաներումներ ևս կարող են կիրառվել, բայց կարծում եմ, որ տուժողների իրավունքներն ավելի պաշտպանված կլինեն, որ մենք դա անենք ոչ թե հայեցողական՝ ներումների կամ համաներումների, այլ դատարանների ու դատավորների ներգրավվածության միջոցով»,-ընդգծեց Ս. Սահակյանը՝ շեշտելով, որ ցանկացած ինստիտուտ կիրառելիս պետք է լինեն օբյեկտիվացված չափանիշներ, և այդ չափանիշները հավասարապես պետք է կիրառություն ունենան նույն կարգավիճակում գտնվող անձերի նկատմամբ:

Նա չբացառեց, որ մեկ կամ մի քանի ազատման դեպքեր կարող են օգտագործվել այլ անձերի նկատմամբ նույնական մոտեցում պահանջելու նպատակով. 

«Ի վերջո, իրավունքի ոչ խտրական կիրառությունը հենց այդ մասին է: Մյուս կողմից՝ խափանման միջոցը փոխելու հետ կապված հարցերը իսկապես ենթակա են անհապաղ քննարկման, և այս առումով դարձյալ ունենք միջազգային ստանդարտներ: Ավելին, անգամ միջնորդության բացակայության պարագայում գոյություն ունի պարբերական վերանայման ինստիտուտը, եթե անձը գտնվում է անազատության մեջ, դատական համակարգը, պարբերաբար, ոչ ուշ քան երկու ամիսը մեկ, պետք է անդրադառնա հիմքերի շարունակական գոյությանը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ