Այսօր, երբ համայն աշխարհը միասնաբար, ոգի ի բռին պայքարում է համավարակի դեմ, երբ չգիտենք թե վերահաս տնտեսական ճգնաժամը դեռ ինչ ավերածություններ պիտի գործի, երբ մեր սահմանները տևական հարձակումների տակ են, երբ մահվան արհավիրքն է կախված մեր հազարավոր հայրենակիցների գլխավերևում, - փոխանակ ազգային միասնության տեսլականով և գաղափարականով համախմբվելու և պայքարելու այս մեծագույն փորձության դեմ, որոշ պետական պաշտոնյաներ, ոչ ավել և ոչ պակաս, ժամանակ են գտել թիրախավորելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և նրա ազգընտիր Գահակալին։ Սթափվե՛ք, սիրելիներ, ձեր դյուրագրգիռ արտահայտությունները, գիտակցաբար և կամ անգիտակցաբար, հակառակություն են սերմանում և պառակտում առաջացնում՝ առանց այդ էլ պառակտված մեր հասարակության մեջ։
Իրապես ցավալի է պետական պաշտոնյանների և ցանկացած հայի նման պահվածքը։ Որպես հոգևոր սպասավոր և Հայաստանի Հանրապետության քաղաքացի խորապես հիասթափված եմ և խստորեն դատապարտում եմ ցանկացած վիրավորական և անհարգալից վերաբերմունք մեր Սրբություն Սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և նրա ազգընտիր Գահակալի՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի նկատմամբ։ Կոչ եմ անում ազգային միասնության և միաբանության։ Աղոթքս է, որ Աստված իմաստություն պարգևի մեր ազգին և մեր պետական պաշտոնյաներին, որպեսզի կարողանանք համախբվել ազգովին և դիմագրավել համավարակի և տնտեսական ճգնաժամի ներկա և տակավին գալիք փորձությունները։ Աստված պահապան մեր ժողովրդին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը