10 04 2020

ՀՀ ողջ տարածքում արտակարգ դրությունը 30 օրով երկարաձգելն անհնար է․ Մարուքյան

ՀՀ ողջ տարածքում արտակարգ դրությունը 30 օրով երկարաձգելն անհնար է․ Մարուքյան

Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

«Մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ կառավարությունում կա նախագիծ ևս 30 օրով արտակարգ դրությունը երկարացնելու վերաբերյալ:

Իրազեկում եմ Ձեզ, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ առանձին տարածքներում` 60 օրը:

Հետևաբար, ամբողջ Հանրապետության տարածքում նույն ռեժիմի երկարաձգումն օրենքով այլևս անհնար է»,- գրել է նա։

Հայաստանում քննարկվում է կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված սահմանափակումները մեկ ամսով երկարաձգելու հարցը, ինչի մասին ԱԺ-ում Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտնել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: ՀՀ-ում արտակարգ դրություն է սահմանված մարտի 16-ից, և գործելու է մինչև ապրիլի 14-ը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ