Hraparak.am-ը գրում է․
«ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կառավարությանն առաջարկել է արտակարգ դրության այս շրջանում ժամանակավորապես ազատել բանտից մի շարք դատապարտյալների։ Մանավանդ` ոչ ծանր հանցագործությունների կատարման մեջ մեղադրվողներին։ Բագրատյանն առաջարկում է նրանց ազատ արձակել, անձնագրերը չտալ, կարելի է նաեւ թևերին թևնոց անցկացնել, որ հսկողության տակ լինեն։ Առաջարկը, սակայն, չի վերաբերում նրանց, որոնք ծանր հանցագործությունների համար են դատապարտվել՝ պետական դավաճանության, մարդասպանության, բռնաբարության համար և այլն։ Արդյունքում, ըստ Բագրատյանի, առնվազն երկու քրեակատարողական հիմնարկ կազատվեր, որը հետո, եթե կորոնավիրուսի բռնկումը շարունակվեր, կարելի կլիներ օգտագործել կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով։
«Այդ խցերը շատ հարմար են դրա համար, ընդամենը պետք է վերանորոգել։ Եթե իմ ասածն անեին, ահագին կշահեին, մի քանի հարյուր հոգի պակաս կվարակվեր»,-մեզ հետ զրույցում ասաց Բագրատյանը։ Իսկ ռիսկը մեծ չի՞ լինի, որ ազատության մեջ գտնվելով՝ այդ դատապարտյալները կշփվեն վարակվածների հետ և կդառնան պոտենցիալ վարակակիր ու տարածող, Բագրատյանն ասաց․ «Ոչ, ռիսկը մեծ չէր լինի, բոլոր առաջադեմ երկրները դա արել են, և նույնիսկ բռնապետական Իրանն է 85 հազար կալանավորի ազատել։ Էս նույն բանը մենք արել ենք երկրաշարժի ժամանակ, այսինքն՝ սա անծանոթ բան չի, սա նորմալ քայլ է, որը պետք էր ի սկզբանե անել»։
ՀՀ նախկին վարչապետին հարցրինք՝ իսկ իր առաջարկը նաև քաղաքական աղմկոտ գործերով կալանքի տակ գտնվող անձա՞նց է վերաբերում, օրինակ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ով մեկ տարուց ավելի կալանքի տակ է, եւ գործով դատաքննության ավարտը չի երեւում, Բագրատյանն ասաց․ «Այո, իրենց մասին էլ է առաջարկս։ Բացի այդ, Քոչարյանի մասով՝ երկու տարի առաջ, երբ նրան բռնել էին, ես ասել էի, որ նման պարագայում, երբ խոսքը հանրապետության նախագահի մասին է, ու դեռ ապացույց պետք է գտնել, որ նա մեղավոր է, ես ասել էի, որ եթե մենք խափանման միջոցը կալանքն ենք ընտրում, ապա ունենում ենք քաղաքական դատավարություն»»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը