06  04  2020

Ի՞նչ է նշանակում օժանդակել մի մասին․ սա անընդունելի է ու դատապարտելի․ Էնֆիաջյան

Ի՞նչ է նշանակում օժանդակել մի մասին․ սա անընդունելի է ու դատապարտելի․ Էնֆիաջյան

Վերջին օրերին բազմաթիվ բողոք-նամակներ են ստացվում առ այն, որ ՀՀ կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային ծրագրերը իրականում անօգուտ են եւ ոչ ներառական: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը:

Նա նշել է. «Հիմա խոսենք ըստ էության: Մասնավորապես խիստ մտահոգություն է առաջացնում այն, որ ներկայումս ՀՀ-ում շարունակում են փոքր մնալ իրականացվող թեստավորման ցուցանիշները: Առկա վիճակագրությունը ցույց է տալիս, որ ՀՀ-ում օրական իրականցվում է 200-300 թեստավորում: Հավատացեք սա ոչ թե քիչ է, այլ շատ քիչ է: Մինչդեռ միջազգային փորձը ցույց է տալիս, որ այս համավարակին հաղթելու ամենագործուն միջոցը ազգաբնակչության շրջանում մեծածավալ թեստավորման իրականացումն է: Օրինակ համավարակի դեմ հաջող պայքարի առաջավոր երկիր համարվող Հարավային Կորեայում օրական իրականացվում է 15-20 հազար թեստավորում:

Հասարակության շրջանում մեկ այլ բողոք հարուցող հարց է հանդիսանում վերցված վարկերի  վերադարձման հարցը: Պետք է բոլոր վարկերի գծով ՀՀ կառավարությունը եւ ՀՀ ԿԲ իրականացնեն առաջիկա մի քանի ամիսների գծով տոկոսների համաներում եւ մարման ժամկետների երկարացում այդ ամիսների կտրվածքով: Ավելին՝ այդ ամիսներից հետո էլ պետք է առաջարկվի մեխանիզմ, որը կենթադրի մուծումների բեռի աստիճանական վերականգնում: Օրինակ մեր դաշնակից  Ռուսաստանում արդեն իսկ մշակվում է այդ մեխանիզմը:

Չլուծված է շարունակում մնալ գործազուրկների հիմնախնդիրը: Ինչ է նշանակում օժանդակություն տալ նրանց մի մասին: Սա անընդունելի է ու դատապարտելի: Հասարակության վրդովմունքն այս առումով լրիվ տեղին է, քանի որ պետք է օժանդակություն տրվի բոլոր գործազուրկներին եւ այդ օժանդակությունը պետք է լինի առնվազն առաջիկա ամիսների կտրվածքով, այլ ոչ թե միանվագ: Օրինակ ԱՄՆ կառավարության տնտեսական օժանդակության փաթեթով ավելացվել է տրվող գործազրկության նպաստների գումարը, որը ունի երկու նպատակ: Մի կողմից թեթեւացնում  է գործազրկության ճիրաններում հայտնված անձանց սոցիալական հիմնախնդիրները, իսկ մյուս կողմից ավելացնում է տնտեսության մեջ կատարվող սպառման ծախսերը, որը էական նշանակություն կունենա իրական հատվածի իրացման ծավալների պահպանման տեսանկյունից:

Հասարակության շրջանում առկա դժգոհությունների մի ստվար մաս էլ վերաբերում է այնպիսի  խոցելի խավերի, ինչպիսիք են հաշմանդմաները, տարիքային կենսաթոշակառուները, բազմազավակ մայրերը եւ այլն: Ցավոք այստեղ եւս մեր կառավարության կողմից իրականցվող քայլերը ոչ բավարար են եւ ոչ էլ հուսադրող քաղաքացիների համար:

Ամփոփելով վերը նշվածը՝ կարելի է աներկբա նշել, որ իրականցվող միջոցառումների մասշտաբները խիստ անհամապատասխան են ստեղծված իրավիճակին, որի վառ վկայությունն են հանդիսանում հասարակության մեջ առկա խորը դժգոհությունները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ