Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ասացեք խնդրեմ` ի՞նչն է փոխվելու
«Աշխարհը փոխվելու է ...», «նոր աշխարհ...», «նոր աշխարհակարգ...», '’Reset...'’, ‘’Restart...'', «աշխարհն ու պետությունները այլևս չեն լինելու նախկինը...», «նոր կորոնավիրուսը անդառնալիորեն փոխել է աշխարհը...», նույնիսկ` «...կորոնավիրուսը եկավ փրկելու աշխարհը...», «մարդիկ կվերարժևորեն կյանքը...», և այլն, և այլն...
Սրանք են համաշխարհային տեղեկատվական հիստերիային և «պանդեմիկ» մղձավանջին ուղեկցող ( ինչ-որ տեղ` նաև սնուցող ) ամենամոդայիկ ձևակերպումները: Բոլորն էլ մի ընդհանրություն ունեն` հստակ չի նշվում, թե ի՞նչն է փոխվելու, ինչքան է տևելու «փոխված» իրավիճակը, և փոխվելուց հետո ինչպիսի՞ն է լինելու աշխարհը:
Մի կողմ թողնենք այս ամենի տնտեսաքաղաքական պատճառներն ու դավադրապաշտական վարկածները:
Հայտնի է, որ պարտադրված հուզական ֆոնի վրա շատ մարդիկ առանց երկար-բարակ մտածելու կարող են հավատալ և իրենց ենթագիտակցության մեջ ամրապնդել ցանկացած միտք և իրողությունների հետ աղերսներ չունեցող ցանկացած տեղեկություն: Դրան զուգահեռ, պետք է հաշվի առնել այն, որ երբ որևէ խոսք կրկնում են շատերը, և այն բավարար չափով ու փաստարկված չի հերքվում, պարզաբանվում, կամ հակադարձվում, ապա այն վերածվում է անքննարկելի իրողության` չլինելով այդպիսին: Այդ է պատճառը, որ այս կարգի ( և ոչ միայն այս կարգի ) որևէ դարձվածք, միտք, արտահայտություն ևս` ընդունվում է, որպես վերջին ճշմարտություն:
Այսուհանդերձ, բազմաթիվ հարցերի պատասխանները մինչ այժմ կարծես միայն պաթետիկ են, անորոշ և վերացական:
Եվ այսպես, ի՞նչն է փոխվելու...
Այո, մի գուցե փոփոխվի աշխարհի հիմնական դերակատար կենտրոնների միջև հավասարակշռությունը, մի գուցե...
Մի գուցե ինչ-որ միություններ խարխլվեն, կամ` առավել ամրապնդվեն, մի գուցե...
Չի բացառվում, որ մի քանի երկրներում կվերանայվեն գաղափարական և արժեքային առաջնայնությունները, իսկ դրանց արդյունքում նաև պետական քաղաքական համակարգերի, զարգացման ուղղությունների և համագործակցության գերակայությունների հարցերը: Մի գուցե...
Հնարավոր է նաև, որ այս ամենին հետևի խաղաղ և արդյունավետ գոյատևման փուլ: Հնարավոր է` չի բացառվում: Երկարատև, թե կարճատև` այսօր դժվար է ասել: Կարևոր է, որ Հայաստանը պատրաստ լինի նաև այս փոփոխություններին: Սակայն սա այլ ծավալուն թեմա է:
Եվ ի՞նչ` այս ամենի արդյունքում աշխարհը վերջնական և անվերադարձ փոխվե՞ց, մարդը փոխվե՞ց:
Բայց չէ՞ որ ոչ ոք չի կարող հիմնավորել ու պնդել, որ ժամանակ անց մարդկությունը այլևս չի ունենալու նմանատիպ խնդիրներ, աղետներ և ցնցումներ: Մի՞թե պարզ չէ, որ դրանք էլ են լինելու ժամանակավոր: Չէ՞ որ մարդուն հատուկ է շատ արագ մոռացության տալ հենց իր իսկ ոչ վաղ անցյալը, նույնիսկ այն, թե երբ է ինքը հանգիստ, խաղաղ ու անվտանգ ապրել և զարգացել, իսկ երբ է մաքառել ու պայքարել իր գոյատևման համար: Նաև` հաճախ կրկնել նույն սխալները:
Հեռու չգնանք` Հայաստանը դրա վառ օրինակն է:
Չէ՞ որ քանի դեռ կա մարդը, որն աղբյուրն է բոլոր համավարակների, պատերազմների և ճգնաժամերի, ապա` դրանք լինելու են: Նոր տեսակներով, նոր ձևերով, բայց միևնույնն է` լինելու են:
Անհրաժեշտ է ընդգծել, որ ցանկացած համավարակ, կամ խորը ճգնաժամ իր ժամանակի համար յուրահատուկ է, և հավանաբար հիմքեր չկան պնդելու, որ այս գործընթացների ավարտը լինելու է մարդկության զարգացման պատմության «ամենա ամենա» ճամփաբաժանը, անդառնալի և ճակատագրական կտրուկ փոփոխությունների սկիզբը, կամ ավարտը: Առայժմ միակ տարածված և արտահայտված վարկածն այն է, որ այս ամենը քաղաքակրթությունների և գաղափարախոսությունների պայքարի հետևանք է, չնայած չի բացառվում, որ այլ պատճառ էլ լինի: Բայց չէ՞ որ քաղաքակրթությունների և գաղափարախոսությունների պայքարը կա, եղել է, և լինելու է այնքան ժամանակ, քանի դեռ կա մարդ արարածը: Պարզապես փոխվելու են այդ պայքարի տեսակները, դրսևորման ձևերն ու մասշտաբները: Նաև` հաշվի առնենք, որ երկիր մոլորակի վրա ամեն մի հաջորդ ակնթարթ նոր է, ժամանակի առումով անկրկնելի, և այսպես թե այնպես մարդն ապրում և գործում է անընդհատ նորացվող աշխարհում:
Իհարկե, չի բացառվում, որ միառժամանակ մարդիկ կխուսափեն համբուրվել, գրկախառնվել, նույնիսկ ձեռքով բարևել, և կպահպանեն այսպես կոչված` «սոցիալական հեռավորություն»: Ի՞նչ էլ բառ են գտել` «սոցիալական»... Սակայն միայն մի շատ կարճ ժամանակ, դա շատ կարճ է տևելու: Ամեն ինչ մոռացվելու է, և շատ արագ:
Ի՞նչն է փոխվելու մարդու մեջ մի հերթական համաճարակից, համաշխարհային տնտեսական ճգնաժամից, կամ Աստված մի արասցե` պատերազմից հետո:
Բոլոր մարդիկ դառնալու են ազգապաշտ, բարի, ազնիվ, հոգատար, աշխատասեր, հայրենասեր, հավատավոր, անկաշառ, ընկերասեր, թե` հակառակը... Այլևս չե՞ն չարանալու, չե՞ն ստելու, չե՞ն նախանձելու, չե՞ն զրպարտելու, չե՞ն դավաճանելու, կամ հերոսանալու, չե՞ն կռվելու և հաշտվելու, չե՞ն սիրելու, կամ` ատելու... Ագահությունն ու ընչաքաղցությունը նվազելու ե՞ն: Չե՞ն ստեղծագործելու...
Այդպես երբևէ եղե՞լ է, ինչու՞ հիմա պետք է լինի:
Կամ` երկրագնդի վրա ապրող կենդանիների մոտ այդ ի՞նչն է փոխվելու:
Ի՞նչն է փոխվելու բնության մեջ... Այսինքն, որպեսզի կռահենք, թե ի՞նչն է երբևէ փոխվելու, կամ ինչը կարող է փոխվել, հավանաբար անհրաժեշտ է պարզել, թե արդյո՞ք փոխվելու է մարդը, երբ և ի՞նչն է փոխվելու մարդու մոտ, մարդու մեջ և մարդկային հարաբերություններում:
Վերջին հարցի լիարժեք պատասխանը տվյալ համատեքստում կարծես թե չի նշմարվում:
Հետևաբար չեն նշմարվում նաև վերը շարադրված պարզունակ հարցերի պատասխանները: Սակայն եթե առավել ուշադիր լինենք, ապա կնկատենք, որ ի զարմանս բոլորիս համայն մարդկությունը միասնաբար, վերջնական, ամբողջական, ինչու ոչ` նաև գիտական, միջազգային օրենսդրական ու սպառիչ կերպով մինչ օրս չի սահմանել, թե ի՞նչ է հենց ինքը` «մարդ» ասածը: Ասել է թե` փաստորեն մարդկությունը լծվել է մի էակի հոգևոր, մտավոր և ֆիզիկական իրավունքների իրացմանը, առանց հստակ և լիարժեք ընկալելու և սահմանելու դրա էությունը: Ամեն ինչ ըստ էության սահմանված է, բացի նրանից, թե վերջապես ի՞նչ է մարդը...
Իսկ մի գուցե այս «կռիվը» հենց դրա շու՞րջ է, և դրա հիմքում ընկած հոգևորի շու՞րջ է...
Այսինքն, նրա շուրջ, թե` արդյո՞ք մարդ էակը առանց որոշակի հավատի, հոգևոր արժեքների, սեռի, գենետիկ ու էթնիկ պատկանելիության կենսաբանական պարզագույն միավոր է, թե՞ այնուամենայնիվ` մարդ արարած և անհատականություն, որն ի սկզբանե պատկանում է երկու սեռից մեկին ( կին, կամ տղամարդ ), և իր մեջ կրում է գենետիկ, էթնիկ, հոգևոր ու պատմաաշխարհագրական առանձնահատկություններով պայմանավորված յուրահատկություններ և արժեքներ` ազգություն, լեզու, հավատ, ընդունակություններ, հակումներ, հոգեբանություն, ավանդույթներ, բարոյականություն, մշակույթ և հիշողություն:
Արդյո՞ք բավարար է մարդ հասկացության բացառապես կենսաբանական բնորոշումը, ըստ որի այն պատկանում է կենդանիների թագավորությանը, քորդավորների տիպին, կաթնասունների դասին, պրիմատների կարգին, հումանոիդների ընտանիքին, մարդ ցեղին և բանական մարդ տեսակին: Արդյո՞ք այս ամենը ամբողջական է բնորոշում մարդուն: Թե՞ նախընտրելի է մարդու միայն աստվածաբանական սահմանումը: Իսկ մնացա՞ծը...
Իսկ մի գուցե նշվածները միասին վերցրա՞ծ:
Ո՞րն է «մարդ» էակի սահմանումը:
Ո՞րն է մարդու սահմանումը:
Այո', հավանաբար այս ամենը կստիպի, որպեսզի երբևէ սահմանվի, ընկալվի, հասկացվի և մեկընդմիշտ ընդունվի, որ «մարդ» ասածը սովորական կենսաբանական միավոր չէ, որին հնարավոր է մոդելավորել, կլոնավորել, խաչասերել այլ կենդանու հետ, կրկնօրինակել, թվայնացնել, դարձնել միատեսակ, և լիարժեք կառավարել` մեկ, կամ մի քանի մոդելներով, քանակական և որակական առումով:
Նաև այն` որ այո', մարդը բարձր արժեք է, պետք է ունենա իրավունքներ և պաշտպանվածություն, բայց այն միակ և բարձրագույն արժեքը չէ: Բարձրագույն արժեքները նրանք են, որոնք նա կրում է իր մեջ, որոնց նա դավանում է, ապավինում է, և որոնց շնորհիվ` գոյատևում, արարում և զարգանում է:
Եթե այս ամենի, և սրան հաջորդող նմանատիպ երևույթների արդյունքում ևս մի քայլ արվի և երբևէ տրվի մարդու սահմանումը, ապա` հավանաբար միայն այդ դեպքում կարելի է հույս ունենալ, որ հնարավոր կլինի մի փոքր փոփոխել մարդկային կյանքի զարգացման ուղղությունը: Զարգացման ուղղությունը, և ոչ թե աշխարհը...
Չգիտեմ երբ, բայց ուշ թե շուտ` դա լինելու է:
Իսկ եթե ոչ, ապա այսպես էլ կշարունակվի` մի օր լավ, մի օր վատ, հետո` նորից լավ...
ՀԳ
Եթե մի պահ փորձենք պատկերացնել տիեզերքը, նաև` այն, թե ինչքան չնչին մասնիկ է տիեզերքը մեծ տիեզերքի համեմատ, իսկ վերջինս` հաջորդի, և այդպես շարունակ, ապա` շատ ավելի մոտ կլինենք այն մտքին, որ մարդը չի կարող անվերադարձ փոխել աշխարհը...
Ասել է թե` տարածության և ժամանակի անսահմանության պայմաններում անհնարին է մի չնչին մոլորակի վերաբերյալ վերջնական եզրահանգումներ անելը, որովհետև կառավարումն ամենայն հավանականությամբ այլ տեղում է, որին պայմանականորեն մարդիկ այլ անվանում են տվել:
Աստված մեզ պահապան:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը