ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը գրում է․
«Միջազգային ավիացիոն կազմակերպությունը, այսպես ասած` լիցենզիայից զրկել է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեին, ինչը շատ վատ հետևանքներ կարող է ունենալ մեր ողջ քաղաքացիական ավիացիայի և, մասնավորապես, օդաչուների համար, որոնց պարզապես կարող են թույլ չտալ թռչել>>,- գրում է 168.am-ը:
Պատկերացնու՞մ եք, թե սա ինչ լուրջ հարված է մեզ նման փակ/ landlocked/, դեպի ծով ելք չունեցող երկրի համար:
Ընդամենը ամիսներ առաջ, ազգային փոխադրողի մասին մտածելու և տրանսպորտային, ավիացիոն քաղաքականություն մշակելու փոխարեն,<<հիանում էինք>> մի քանի տասնյակ հազար դոլար ճամփորդությունների վրա մսխած, նույնքան էլ պարգևավճար ստացած և ընդամենը տարակուսելի, մի քանի անփառունակ չվերթ Հայաստան բերած թիթեռնիկով:
Եվ ու՞ր է հիմա ՔԱ-ի պետը: Պարզապես թռավ առաջին իսկ թեթև ցնցումից՝ ապացուցելով երկրում իրականացվող կադրային քաղաքականության մերկությունը, սեփական քաղաքականության չգոյությունը, այդպիսի քաղաքականություն մշակել-իրականացնելու անունակությունը: Եվ, գոնե ինձ համար, հաստատ, մի դիտարկում ևս՝ այս հողի հետ կապ չունեցող ու նրա ցավը չկիսող մարդիկ հեռու պիտի լինեն որոշումներ կայացնելուց: Կառավարումը, որոշում կայացնելը, ոլորտային քաղաքականություն մշակելը ռոմանտիկ, կարճատև տուրիզմ չէ, ոչ էլ՝ բակալավրական փորձաշրջան:
Ի դեպ, տասը օր առաջ Կառավարությանը ներկայացրած մեր՝ ՀՅԴ փաթեթում, հետևյալ առաջարկությունը կա.
<<Սկսել ազգային փոխադրողի ձևավորման աշխատանքներ` օգտվելով ճգնաժամի ընձեռած` քիչ ռեսուրսով շարժակազմ ձեռք բերելու հնարավորությունից: Հրաժարվել առկա անհեռանկարային և երկրի շահերից չբխող քաղաքականությունից և նախապատրաստվել նոր ավիացիոն քաղաքականությանը` թե՛ ներքին, թե՛ արտաքին կարգավորման առումով>>:
Իհարկե, վստահ չեմ, որ կլսեք, կմտածեք, կգործադրեք...չէ՞ որ դուք ամեն ինչ գիտեք ու ամեն ինչ ձեզանով է սկսվում...
Ե՞րբ է գալու լրջանալու պահը, դուք պատկերացնու՞մ եք իրական մարտահրավերները, հակաճգնաժամային կառավարման պատասխանատվությունը...
3.04.2020»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը