Ազգային ժողովի փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն առաջարկում է մեր երկրում վերանայել վարկերի մարման քաղաքականությունը: ԱԺ փոխխոսնակն այս առումով հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես ասվում է.
«Կորոնավիրուսի ծագումը և տարածումն ամբողջ աշխարհում մեծ իրարանցում առաջացրեց: Այսօր արդեն պարզ է, որ համավարակը լուրջ հարված է հասցրել մեր բնակչությանը: Ի թիվս այլ հետևանքների` մտահոգիչ է այն, որ մեր բնակչության էական մասն ունի սպառողական վարկերի գծով պարտքեր, որոնք այս պայմաններում վերադարձնելը գրեթե դառնում է անհնարին:
Մասնավորապես, ըստ ՀՀ ԿԲ տվյալների, այս տարվա հունվարի դրությամբ ՀՀ-ում սպառողական վարկերի պորտֆելը հասնում է 1 տրլն դրամի: Ավելին՝ օրերս հեղինակավոր Moody՝s վարկանշային ընկերությունը, գնահատելով ԱՊՀ երկրներում այս պահին տիրող իրավիճակը, նշում է, որը մեր երկիրը սպառողական վարկերի վերադարձման առումով ամենառիսկային երկիրն է ԱՊՀ անդամ երկրների շարքում: Այս պայմաններում էական է ՀՀ ԿԲ-ի դերը, որը ՀՀ առևտրային բանկերի հետ միասին պետք է իրականացնի քայլեր, որոնք հնարավորություն կտան մեղմել այս բացասական հետևանքները: Մասնավորապես, պետք է այս պահին նախնական մի քանի ամսով դադարեցվի այդ վարկերի գծով տոկոսների հաշվարկը, ինչպես նաև նույնքան ժամանակով հետաձգվի այդ վարկերի մայր գումարների մարումը: Սա ոչ թե ցանկալի է, այլ խիստ անհրաժեշտ և պահանջված ինչպես մեր բնակչության (քանի որ չի դադարում բանկերի խնդիրների հետ կապված նամակներն ու հաղորդագրությունները), այնպես էլ մեր ամբողջ տնտեսության կայունության տեսանկյունից»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը