28 03 2020

Մայիլյանը ահաբեկիչ է անվանել Բաբայանին․ բանը հասել է հայհոյանքների. Politik

Մայիլյանը ահաբեկիչ է անվանել Բաբայանին․ բանը հասել է հայհոյանքների. Politik

Politik.am-ը գրում է․ «Թեմայից քաջատեղյակ մարդիկ կվկայեն, որ օրերս Բաբայանն իր մարզային ղեկավարներին հրահանգել է չաջակցել Մասիս Մայիլյանին: Իհարկե, սա նորություն չէ, սակայն մեզ հաջողվել է պարզել, թե որն է այս կոնֆլիկտի պատճառը:

Բանը նրանում է, որ ընտրարշավի  ընթացքում, երբ Մայիլյանը հանդիպել է Այգեստան բնակավայրի բնակիչների հետ,  Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի թիկնազորի նախկին աշխատակցի  եղբայրը հարցրել է, թե ինչու՞ է Մայիլյանը իր թիմում հանցագործներ ներգրավել։ Մասիս Մայիլյանը ի պատասխան քաղաքացու հարցի ասել է․ «ես ձեզ մարդկայնորեն հասկանում եմ, եկեք անցյալ չնայենք։ Եղել է   «տեռակտ» (խոսքը Արկադի Ղուկասյանի դեմ իրականացված մահափորձի մասին է, որի պատվիրման համար դատապարտվել է Սամվել Բաբայանը), ես էլ կյանքերից մեկին փրկել եմ:

Ըստ էության Մասիս Մայիլյանը  Սամվել Բաբայանին համարում է ահաբեկիչ։ Պատերազմ ու բազում դժվարություններ տեսած Բաբայանը երեկվա միամիտը չէր, որ Մասիսի կողքին ականջներ չունենար, ուստի կարճ ժամանակ անց այս ամենն իրեն զեկուցվել է:

Մասիս Մայիլյանի այս հայտարարությունից հետո Սամվել Բաբայանը շատ լուրջ խոսակցություն է ունեցել նրա հետ։ Բաբայանի ու Մայիլյանի խոսակցությունը վերածվել է անձնական վիրավորանքի տարափի։ Ըստ մեր աղբյուրների Բաբայանը հայհոյել է Մայիլյանին։ Մասնակիցների միջամտությամբ միայն գործը չի հասել բռնցքամարտի։

Մայիլյանի հետ հանդիպումից հետո Սամվել Բաբայանը խստիվ հրահանգել է իր թիմակիցներին չաջակցել Մասիս Մայիլյանին։ Բաբայանի թիմում սակայն որոշել են հրապարակային չասել, որ չեն աջակցում Մասիս Մայիլյանին, քանի որ հասարակության աչքերում կանլրջանա իրենց ողջ թիմը։

Ի դեպ, Սամվել Բաբայանն այս միջադեպի մասին խոսել է ԱրարատՆյուզ լրատվականի հետ հարցազրույցի ընթացքում։ Նա լրագրողին առաջարկել է հարցերն ուղղել Մայիլյանին, բայց հաստատել է, որ նախագահի թեկնածուն իր մասին նման հայտարարություն է արել։ Հաղորդման ընթացքում ակնհայտ երևում էր նաև նրա և Մայիլյանի հարաբերությունների սառեցումը։ Չնայած գործադրված ջանքերին, նա ի վերջո տեղի տվեց և հայտարարեց, որ Մայիլյանի հետ թիմակիցներ չեն»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ