ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Եվրոպական Միությունը, չնայած իր ներքին խնդիրներին ու ճգնաժամին, այնուհանդերձ պատրաստակամություն է հայտնել հարևանության ծրագրի շրջանակներում աջակցություն ցուցաբերել որոշ երկրներին։
Երեկ ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով կոմիսար Օլիվեր Վարհելին հայտարարեց, որ Արևմտյան Բալկանների երկրներին COVID-19 համաճարակի դեմ պայքարի շրջանակներում ԵՄ-ն պատրաստվում է ֆինանսական աջակցություն ցուցաբերել։
Մասնավորապես, ԵՄ-ն որոշել է այդ երկրներին հրատապ կարգով 38 մլն եվրոյի աջակցություն ցուցաբերել՝ որը կուղղվի առողջապահության ոլորտին։ Բացի այդ, ևս 373 մլն եվրո ԵՄ-ն պատրաստվում է հատկացնել այդ երկրներում կորոնավիրուսի համաճարակի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրների հաղթահարման և առողջացման նպատակով։
Հերթական առաջարկությունն եմ անում կառավարությանը՝ անկախ նրանից, կլսեն, թե ոչ․ (կյանքը ցույց տվեց, որ իմ առաջարկներին մեր ԱԳՆ-ում ականջալուր չեն լինում, այնուհետև դրանք ուրիշների կողմից են կյանքի կոչվում)։
Այնուամենայնիվ, առաջարկում եմ Արևելյան Գործընկերության երկրների հետ նախաձեռնել համատեղ դիմում Եվրոպական Միությանը՝ կորոնավիրուսի համաճարակի հարցում աջակցության և համագործակցության խնդրանքով։
Հայաստանի կողմից այս հարցում նախաձեռնողականությունը իմիջային տեսանկյունից վստահաբար կարևոր նշանակություն կունենա, միաժամանակ ստեղծված բարդ իրավիճակում ԵՄ աջակցությունը նույնպես չէր խանգարի եւ առողջապահական, եւ տնտեսական ոլորտներում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը