Ինչպես նախապես ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հայտարարվել էր, աշխարհում նոր կորոնավիրուսի վարակի տարածմամբ պայմանավորված Արցախում համաճարակային կայուն վիճակը պահպանելու և ս.թ. մարտի 31-ին համապետական նշանակության ընտրությունները պատշաճ մակարդակով անցկացնելու նկատառումներից ելնելով, ԿԸՀ-ն նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող ԱՀ միջգերատեսչական հանձնաժողովի հետ համագործակցելով՝ ձեռնարկել է մի շարք նախականխիչ-պաշտպանական միջոցներ:
Ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը, մասնավորապես, հիմքում ունենալով բացառապես ընտրողների առողջական վիճակը անխոցելի պահելու գերնպատակը, քվեարկության օրը տեղամասային կենտրոնների սանիտարահիգիենիկ վիճակն ու տեղամասային ընտրական հանձնաժողովականների, ընտրողների և այլ անձանց առողջական վիճակի անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվել են մի շարք միջոցառումներ:
Այսպես, տեղամասային կենտրոններում գտնվողները (ընտրական հանձնաժողովի անդամներ, ընտրողներ և այլ անձինք) ապահովված կլինեն մեկանգամյա օգտագործման դիմակներով, ձեռնոցներով, ախտահանիչ նյութերով (ալկոհել, քլորակիր), տեղամասային կենտրոններում կլինեն ուղեցույց-բժշկական ցուցումներ: Տեղամասերը կախտահարվեն նախապես: Քվեարկելիս գրառում կատարելու համար յուրաքանչյուր ընտրողի կտրամադրվի անհատական գրիչ: Քվեարկության օրը Արցախի Հանրապետության բոլոր պետական բուժհիմնարկները շուրջրյա հերթապահություն կիրականացնեն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը