20 03 2020

Արտադրամասը Աննա Հակոբյանի հիմնադրամի նվիրատուի՞նն է․ «Հրապարակ»

Արտադրամասը Աննա Հակոբյանի հիմնադրամի նվիրատուի՞նն է․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Կարի արտադրամասը, որը կորոնավիրուսի վարակի բներից մեկն է եւ գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում, պատկանում է հայտնի օլիգարխ, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: Հնարավոր է, որ այն գրանցված չէ պարոն Ալեքսանյանի անունով, սակայն փաստացի ղեկավարն է, ինչի մասին իր ֆեյսբուքյան գրառման մեջ երեկ ակնարկել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը․ «Այս արտադրամասի անունն այսպես էլ մնաց՝ «հայտնի արտադրամաս»։ ՆՓ-ն այնքան նուրբ է, որ ասում է.

«Արտադրամասը գաղտնիք չէ, ուղղակի զուտ կոռեկտության առումով, ինչպես մենք հիվանդացած մարդկանց անունները չենք նշում, զուտ էթիկայի առումով, այնպես էլ ընկերության անունը չենք նշում, բայց կարող եմ ասել, որ արտադրամասը գտնվում է Երեւանի Շենգավիթ համայնքում եւ Իտալիայի հետ կապ ունեցող արտադրամաս է» (տես նրա հարցազրույցը «Շանթ» հեռուստաընկերությանը, մարտի 18-ին)։ Ինչպիսի՜ նրբանկատություն։ Հետո էլ ասում եք՝ ՆՓ-ն կոպիտ է։ Չի կարող արտադրամասի անունը տալ, տիրոջը տեղը չի բերում։ Իսկ սա այն նույն հայտնի օլիգարխն է, որին ՆՓ-ն իր կյանքի նախավարչապետական հատվածում քլնգում էր, իսկ հետվարչապետական հատվածում ախպերացել է հետը։ Նույնիսկ արտոնություններ է տվել արտադրական գործունեություն ծավալելու համար։ Նիկոլ, շատ մի ատիր, սիրել կա: Եվ ապա այս պարոնը, շահույթի մոլուցքով տառապող, Իտալիայում կորոնավիրուսի ծաղկման օրերին ինստրուկտոր է ընդունում»:

Կարի արտադրամասը, որի անունը Փաշինյանը չի գաղտնազերծում, առանց մտածելու, որ այդ իր գաղտնապահությամբ մեծացնում է Շենգավիթի արտադրամասից դուրս եկող վարակի շղթան, բաճկոններ է արտադրում, որոնց ինքնարժեքը 3 դոլար է: Վաճառքն իրականացվում է եվրոպական երկրներում: Երեկ մեր հարցին ի պատասխան, թե իսկապե՞ս իր իտալացի գործընկերն է եղել վարակի աղբյուրը, Սամվել Ալեքսանյանը պատասխանեց․ «Ի՞նչ ասեմ, ազիզ ջան»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ