17 03 2020

Արտակարգ դրության ռեժիմում ավելի քիչ ճկունություն ունենք, քան մինչ այդ. Ավինյան

Արտակարգ դրության ռեժիմում ավելի քիչ ճկունություն ունենք, քան մինչ այդ. Ավինյան

Մարտի 17֊ին ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան առաջին նիստը։

Տիգրան Ավինյանը ասել է.

«Օրակարգում ունենք մի քանի կարեւոր հարցեր եւ, մասնավորապես, առաջինը զուտ գործընթացային խնդիրներին վերաբերող հարցեր են:  Ես պետք է խնդրեմ, որ բյուրոկրատական բոլոր ընթացակարգերի վերաբերյալ մենք ունենանք մի փոքր ավելի ճկուն մոտեցում:

Ես տեսնում եմ, որ որոշակի խնդիրներ առկա են ու նույնիսկ արտակարգ դրության ռեժիմում մենք ունենում ենք որոշումների կայացման ֆորմալիզացման հետաձգումներ կան: Պետք է խնդրեմ, որպեսզի մեր իրավաբանները մի փոքր ավելի կոնկրետ ու ճկուն համակարգ առաջարկեն, որով մենք առաջ կշարժվենք,  որովհետեւ ինձ մոտ մեկ-մեկ տպավորություն է ստեղծվում, որ արտակարգ դրության ռեժիմում մենք ավելի քիչ ճկունություն ունենք քան մինչ այդ ունեինք:

Եվ պետք է խնդրեմ, որ ձեր ուշադրության կենտրոնում պահեք այս հարցը:

Պարոն Թորոսյանին խոսքը կփոխանցեմ անպայման, որպեսզի ներկայացնի ընդհանուր իրավիճակը թե ինչ նորություններ ունենք:

Հետագայում նաեւ կքննարկենք մի քանի կարեւոր այլ հարցեր, որոնք վերաբերում են հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակումներին ՀՀ ամբողջ տարածքում եւ թե ինչպես իրականացնել վերահսկողությունը դրա նկատմամբ: Մենք երեկ երեկոյան պարոն Սարգսյանի հետ խոսել ենք ու որոշակի պայմանավորվածություն ունենք թե ինչ է պետք անել: Կարծում եմ բոլոր սահմանափակող միջոցառումները պետք է ուղեկցվեն հստակ մեթոդական ցուցումներով, որպեսզի յուրաքանչյուր իր պարտականությունները կատարող պաշտոնյա իմանա թե ինչ է պետք անել ու ինչ քայլերի հերթականություն ինքը ունի անելու եւ այդ ամեն ինչը պետք է շատ հստակ լինի:

Քննարկելու ենք միասնական թեժ գծի գործարկման հարցերը: Կրկին ունենանք բոլոր այն պոտենցիալ հարցերը ու պատասխանները, որոնք թեժ գծին կարող են ուղղվել: Եվ այդ հարցերին պետք է հստակ պատասխաններ տրվեն:

Ֆինանսական հարցեր ունենք քննարկելու, հաղորդակցման ուղիներին վերաբերող հարցեր, սահմանափակումների վերաբերյալ՝ նաեւ ԶԼՄ-ների մասով»:

Այնուհետեւ Առողջապահության նախարարը ներկայացրել է հանրապետությունում իրավիճակը կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի հետ կապված: Ի լրումն պարետատան իրականացրած միջոցառումների նիստի մասնակիցները կարեւորել են  քաղաքացիական գիտակցության ու զգոնության դերը ու լրացուցիչ անվտանգության միջոցառումները:

Նիստի ընթացքում քննարկվել է պարետի ընդունած որոշումը հանրային միջոցառումների սահմանափակումների մասին։ Կարեւորվել է Ոստիկանության դերը հանրային միջոցառումների արգելքի ռեժիմը վերահսկելու գործում: Վերահսկողական միջոցառումների վերաբերյալ տրվել են համապատասխան մեթոդական ցուցումներ: Առանձնացվել է մարզերում ու Երեւան քաղաքում տարբեր գերատեսչությունների ներգրավմամբ վերահսկողական գործողությունների կոորդինացման գործում մարզպետերի ու Երեւանի քաղաքապետի դերը։

Նիստի մասնակիցները քննարկել են սոցիալ֊տնտեսական անհրաժեշտ միջոցառումները տնտեսությունը ակտիվացնելու ու կորոնավիրուսի ազդեցությունը սոցիալական տարբեր խմբերի վրա մեղմելու  համար։

Անդրադարձ է կատարվել նաեւ մի շարք երկրների հետ հաղորդակցության ու վիզային ռեժիմներին վերաբերող հարցերի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ