16 03 2020

Պարետի ցուցումով որոշ վայրերում կարգելվի հանրային սննդի օբյեկտների, առևտրի և զվարճանքի կենտրոնների գործունեությունը



Արտակարգ դրության ընթացքում սահմանափակումներ են նախատեսվում տնտեսական գործունեության առանձին տեսակների և ծառայությունների մատուցման, կրթական հաստատությունների գործունեության վերաբերյալ:

Մասնավորապես, Պարետի ցուցումով համապատասխան համայնքներում արգելվում է հանրային սննդի օբյեկտների, առևտրի և զվարճանքի բազմաֆունկցիոնալ կենտրոնների գործունեությունը:

Արտակարգ դրության ողջ ընթացքում դադարեցվում է պետական, համայնքային և ոչ պետական հանրակրթական (այդ թվում՝ նախադպրոցական), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններումներում, արտադպրոցական դաստիարակություն իրականացնող (մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոններ, երաժշտական, նկարչական և արվեստի դպրոցներ, ակումբներ, մարզադպրոցներ, առողջարարական ճամբարներ և արտադպրոցական դաստիարակություն իրականացնող այլ կազմակերպություններ) կազմակերպություններում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գործող միջազգային ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը, բացառությամբ այն ուսումնական հաստատությունների, որոնք ունեն հեռավար ուսուցման հնարավորության:

Բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող կազմակերությունները (անկախ սեփականության ձևից) բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացնում են` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ցուցումները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ