Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը հրադադարի ռեժիմ մտցնել սիրիական Իդլիբում։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքում Մոսկվայում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նա նաև հայտարարել է, որ Թուրքիան իրեն իրավունք է վերապահում պատասխանել սիրիական զորքերի գործողություններին։ Էրդողանը խոստացել է, որ Անկարան «պարտավորվում է հայրենիք վերադառնալու հարցում աջակցություն ցուցաբերել սիրիական փախստականներին»։
ՌԴ նախագահն իր հերթին հայտնել է, որ երկրները սիրիական Իդլիբում լարվածության խնդրի ընդունելի լուծում են գտել։
«Մենք ոչ միշտ ենք համաձայն մեր թուրք գործընկերների հետ Սիրիայում կատարվածի մեր գնահատականներում, սակայն ամեն անգամ ծայրահեղ պահերին, հենվելով երկկողմ հարաբերությունների ձեռք բերված բարձր մակարդակի վրա, մեզ միշտ հաջողվել է շփման եզրեր գտնել վիճելի հարցերի վերաբերյալ, հասնել ընդունելի լուծումների։ Այդպես տեղի ունեցավ նաեւ այս անգամ»,- հայտնել է Պուտինը։
Ռուսաստանը եւ Թուրքիան Սիրիայի կարգավորման հարցով համատեղ փաստաթուղթ են համաձայնեցրել։ «Մեր բանակցությունների արդյունքներով մենք համաձայնեցրել ենք համատեղ փաստաթուղթ, որի դրույթները կհրապարակեն արտգործնախարարները։ Դրանում շարադրված են այն լուծումները, որոնք մենք պարոն Էրդողանի հետ միասին մշակել ենք այսօրվա ավելի քան վեց ժամանոց խորհրդակցությունների ընթացքում»,- ասել է Պուտինը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը