04 03 2020

Ռոբերտ Քոչարյանի գործը կարող է վատթարացնել Երևան-Մոսկվա հարաբերությունները. «Կոմերսանտ»

Ռոբերտ Քոչարյանի գործը կարող է վատթարացնել Երևան-Մոսկվա հարաբերությունները. «Կոմերսանտ»

«Կոմերսանտ» թերթն անդրադարձել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի մարտի 3-ին կայացրած որոշմանը, մասնավորապես, որ դատավոր Աննա Դանիբեկյանը հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության լուծումը:

Նյութի հեղինակն անդրադառնում է նաև պաշտպան Հայկ Ալումյանի՝ դատավոր Աննա Դանիբեկյանին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությանը՝ մեջբերելով ԲԴԽ նախագահի այն խոսքերը, որ իշխանությունն ուզում է տեսնել Արմեն Դանիելյանի և Աննա Դանիեբկյանի նման դատավորների:

Նյութում նաև նշվում է, որ Քոչարյանի պաշտպանները ամենևին մեծ ակնկալիքներ չունեն միջոնրդությունից, իսկ պաշտպան Արամ Վարդևանյանն էլ ավելացրել է, որ մեղադրող կողմը այնքան մասշտաբային գործ է բերել, որ կարող է տարիներ տևել դրա քննությունը: Նա դժվարացել է նաև կանխորոշել, թե ինչպիսին կլինի ՀՀ նախկին վարչապետերի միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումը:

Այնուհետև թերթը նկատում է, որ Ռոբերտ Քոչարյանի գործը միայն Հայաստանի ներքին գործը չէ: Մոսկվան ամենասկզբից հետևում է այս հնչեղ գործին, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանը ջերմ ընկերական հարաբերությունների մեջ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Թերթը հիշեցնում է, որ 2018-ին, երբ գործընթացը նոր էր մեկնարկել, ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովն հայտարարել էր.

«Նման գործողությունները հակասում են Հայաստանի նոր ղեկավարության այն հայտարարություններին, որ իրենք մտադիր չեն սկսել հետապնդումներ քաղաքական պատճառներով»:

Թերթը նաև նկատում է, որ հենց այդ շրջանում ՌԴ նախագահը զանգահարել և շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա առթիվ: Իսկ մեկ տարի անց, երբ Վլադիմիր Պուտինը Երևանում մասնակցում էր Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին, նա հանդիպում ունեցավ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կնոջ՝ Բելլա Քոչարյանի և որդու՝ Լևոն Քոչարյանի հետ:

«Նման հզոր երկրի նախագահը, երբ նա շնորհավորում է հորս ծննդյան տարեդարձը, Նոր տարին, հանդիպում է մեզ հետ՝ հավանաբար հասկանալով, որ մեր իշխանություններին դժվար թե դուր գա, աա ցույց է տալիս, թե նա ինչպիսի մարդ և ինչպիսի ընկեր է նա », - ասել է Լևոն Քոչարյանը « Կոմերսանտ»-ի թղթակցի հետ զրույցում:

Նյութի հեղինակը նկատում է, որ Կրեմլում համարում են, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կատարվողը բացառապես քաղաքական գործընթաց է:

«Եթե մոտ ժամանակներս Ռոբերտ Քոչարյանի շուրջ ստեղծված իրավիճակը իրավական հարթության մեջ չլուծվի, ապա նրա կալանավորումը կարող է ռուս-հայկական երկկողմ հարաբերություններում դառնալ ամենաակտուալ հարցը»- եզրափակում է նյութի հեղինակը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ