03 03 2020

Արցախում իրավիճակը պարզվում է. «Հրապարակ»

Արցախում իրավիճակը պարզվում է. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրել է. «Մարտունու շրջանում հանդիպումների ընթացքում նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը վերջնականապես հայտարարել է, որ իր քաղաքական պլատֆորմը «Միասնական հայրենիք» կուսակցության նախընտրական ծրագիրն է: Դա նշանակում է, որ նրա և Սամվել Բաբայանի թիմը նույնն է: Ավելի ճիշտ, Սամվել Բաբայանն իր թիմը ներգրավել է Մայիլյան նախագահական քարոզարշավին: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ Մայիլյանի և Բաբայանի միջև սկզբունքային համաձայնությունը կայացել է, և հաջողության դեպքում գործադիր իշխանությունը փաստացի կանցնի ՊԲ նախկին հրամանատարին:

Այսպիսով, գործ ունենք քաղաքական երեք բևեռի հետ՝ Արայիկ Հարությունյան, ում աջակցում են Քաղաքացիական միացյալ դաշինք, Շարժում 88, Արցախի արմենական, Արցախի հանրապետական և Արցախի ազատություն կուսակցությունները, տասից ավելի հասարակական կազմակերպություններ, Մայիլյան-Բաբայան դաշինք և Վիտալի Բալասանյան:

Տեղական դիտորդները հավանական են համարում, որ մրցապայքարի մի փուլում Ազգային վերածնունդ կուսակցության առաջնորդ Հայկ Խանումյանը կհայտարարի Մայիլյան-Բաբայան դաշինքին միանալու մասին: Ուշագրավ է, որ մինչ Մայիլյան-Բաբայան դաշինքը քարոզչությունը կառուցել է «ոչ Արայիկ Հարությունյանին» սկզբունքով, նախկին վարչապետն առաժյմ մրցակիցներից ոչ մեկին քաղաքական վերագրումներ չի անում:

Բավական հավասարակշռված և կոռեկտ քարոզչություն է տանում նաև Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի, նրա բառապաշարում առայժմ տեղ չունի Հայաստանի իշխանությունների հասցեին այն կոշտ քննադատությունը, որը պաշտոնանկության պատճառ էր հանդիսացել: Գրեթե բոլորն այն համոզման են, որ հիմնական մրցակցությունը ծավալվելու է Արայիկ Հարությունյանի և Մայիլյան-Բաբայան դաշինքի միջև, որին սատարում է նաև պաշտոնթող գնդապետ Գրիգորի Սահակյանը: Մայիլյանի աջակիցները ֆեյսբուքում լուսանկար են հրապարակել, որտեղ նախագահի թեկնածուի մի կողմում Գրիգորի Սահակյանն է, մյուսում՝ Արցախի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը:

Արցախում 1999-2000 թվականների ներքաղաքական ճգնաժամի շրջանում Արկադի Կարապետյանը հարում էր ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանին և փորձում էր քաղաքական ղեկավարության դեմ համախմբել ազատամարտիկներին: Նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի թիմում նրա ներգրավվածությունն, ըստ երևույթին, պայմանավորված է Սամվել Բաբայանի հետ երկարամյա մտերմությամբ: Մարտակերտի շրջանում ընտրողների հետ հանդիպումներից մեկի ժամանակ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն ասել է, որ գործարարությամբ զբաղվելով՝ ինքը վերջնական փլուզումից փրկել է Արցախի գյուղատնտեսությունը՝ նկատել տալով այդ շրջանում գինու գործարանների ապամոնտաժումն ու հզորություները մետաղի ջարդոնի տեսքով վաճառքի հանելու փաստերը:

Դա ակնարկ է, որ Արայիկ Հարությունյանը չափազանց նուրբ ինֆորմացիայի է տիրապետում՝ 1994-2000թվականներին Արցախի տնտեսությանը հասցված ծանրագույն վնասների թեմայով և կարող է հրապարակային շրջանառության դնել փաստեր, որ մրցակիցներից Մայիլյան-Բաբայան դաշինքին առնվազն մեծ անհարմարություն կպատճառեն: Կխորանա՞ քարոզչական դիմակայությունն այդ աստիճանի՝ կախված է նրանից, թե արդյոք Մայիլյան-Բաբայան դաշինքը կփոխի՞ մարտավարությունը, մերկապարանոց վերագրումների փոխարեն ընտրողներին հիմնավորված լուծումներ կառաջարակի՞: Համայնքներից և մայրաքաղաք Ստեփանակերտից ստացվող ազդակները թույլ են տալիս եզրակացնել, որ «թալանածը վերադարձնելու» կարգախոսը հանրային մեծ աջակցություն չի ստանում: Հիմնավոր փաստեր ոչ ոք այդպես էլ չի ներկայացնում, իսկ օդում խոսակցություններից մարդիկ վաղուց են կուշտ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ