Հանրաքվեի քարոզչության ելած իշխանական «Այո»-ի ճամբարում, պարզվում է, բացասական էմոցիաները նախկինների կամ «սևերի» հանդեպ խիստ ժամանակավոր, կամ ձևական բնույթ են կրում, դրանք չեզոքանում են, նույնիսկ պատրաստ են վերածվել եղբայրական սիրո և ընկերության, եթե թիրախավորված «սև»-ը համաձայնի համագործակցել իշխանության հետ և օգնել նրան ընտրարշավի ժամանակ:
Yerevan.Today –ին հասած տեղեկություններով, օրեր առաջ գործող իշխանության որոշ ներկայացուցիչներ դիմել են նախկին երկու պատգամավորի՝ մոտավորապես նման խնդրանքով․ «Ընտրական տեխնոլոգիաների մեջ հմտացած եք, քանի ընտրություն կրել եք ու ոչ մի պրովոկացիա չի եղել ձեր դեմ, մեզ պադերժկա է պետք, որ կարողանանք շտաբի հանդիպումները մարդաշատ դարձնենք»։
Հատկանշական է, որ «մաստեր կլասսի» համար դիմելիս հատուկ ընտրել են երկու գործարար ՀՀԿ-ականների:
Մեզ հայտնի դարձած երկու դեպքն էլ մեծամասնականով 2 և ավելի անգամներ ընտրված պատգամավորների են վերաբերում․ մեկին ուղիղ են դիմել՝ մինչ այդ ունեցած կապերի, հարաբերությունների միջոցով, մյուս պերսոնաժի դեպքում, այսպես ասած՝ նրա «ձայն բերողներին» են դիմել:
Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքերից մեկով օգնության ձեռք հայցողները կոշտ մերժվել են, իսկ մյուս դեպքում գործարարը կազմակերպչական հարցերում չի համաձայնել ուղիղ աջակցել, տրված միակ խոստումը եղել է խորհուրդներ, հուշումներ անելու մասով:
Այսօրվա պաշտոնյաներից կան մարդիկ, որոնք անթաքույց շփվում են նախկինների հետ և դա նորմալ կարելի է համարել: Ինստիտուցիոնալ հիշողություն կրող պաշտոնյաներ թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի ապարատում շատ-շատ են եղել: Խոսք կա, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ժամանակ առ ժամանակ դիմում է նախկին երկու ֆինանսիստ նախարարների՝ Վաչե Գաբրիելյանի ու Վարդան Արամյանի օգնությանը, ու սա ևս շատ դրական կարելի է համարել։ Բայց որ ընտրական տեխնոլոգիաներում հմտացած՝ Նիկոլ Փաշինյանի հռչակած ընտրակեղծարարներին են արդեն սկսել դիմել նորեկները, սա արդեն խեղկատակություն է: Ու չի բացառվում, որ մեծամասնականով ՀՀԿ-ի համար աշխատած գործարարներին դեռ հերթով կդիմեն ու չմերժվելու համար միգուցե կհասկացնեն՝ համագործակցեք, որ հետագայում չհայտնվեք ՀՔԾ հաղորդագրություններում:
Ակնկալել, որ մեր ունեցած տեղեկատվությունը պաշտոնապես հաստատեն «Այո»-ի շտաբում, բնականաբար տրամաբանական չէր լինի:
Սյուզի Բադոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը