28 02 2020

Սիրիական օդուժի հարվածների հետևանքով Թուրքիան Իդլիբում 33 զոհ և 32 վիրավոր ունի

Սիրիական օդուժի հարվածների հետևանքով Թուրքիան Իդլիբում 33 զոհ և 32 վիրավոր ունի

Թուրքիայի Հաթայ նահանգի նահանգապետ Ռահմի Դողանը հայտարարել է, որ Սիրիայի կառավարական ուժերի օդային հարվածների հետևանքով թուրքական զինված ուժերը 33 զոհ և 32 վիրավոր ունի: Այս մասին տեղեկացնում է tr.euronews.com կայքը:

Միաժամանակ նահանգապետը նշել է, որ վիրավոր և հոսպիտալացված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում: Նահանգապետի խոսքով` Սիրիայի կառավարական ուժերի կողմից կրկին խախտվում են Սոչիի համաձայնագրով հաստատված «անվտանգության գոտու» սահմանները:

ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ փետրվարի 27-ին սիրիական բանակի բացած կրակի տակ հայտնված թուրք զինծառայողները գտնվում էին հարձակումներ կատարած գրոհայինների շարքերում: Այս մասին տեղեկացնում է tvzvezda.ru-ն:

«Փետրվարի 27-ին Բեհուն բնակավայրի մոտակայքում սիրիական զորքերի կրակի տակ են հայտնվել թուրք զինծառայողներ, որոնք գտնվում էին ահաբեկչական կազմավորումների մարտական շարքերում»,- նշել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:

Նախարարությունից հայտնել են նաև, որ ահաբեկչական «Հայաթ Թահրիր ան-Շամ» խմբավորումը Իդլիբի անվտանգության գոտում փորձել է լայն ճակատով հարձակում գործել Սիրիայի կառավարական ուժերի վրա:

Նախարարությունում նշել են, որ վերջին օրերի ընթացքում Հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի կողմից ճշգրտվել և հաստատվել են ահաբեկիչների ռազմական գործողությունների շրջաններում Թուրքիայի զինված ուժերի գտնվելու կոորդինատները: Թուրքական կողմի տրամադրած տեղեկությունների համաձայն` Բեհուն բնակավայրի մոտակայքում թուրքական զինված ուժերի ստորաբաժանումներ «չեն եղել և չպետք է լինեին»: 

Գերատեսչությունում հավելել են, որ ռուսական ավիացիան սիրիական Բեհուն բնակավայրի մոտակայքում, որտեղ թուրք զինծառայողներ են մահացել, հարվածներ չի հասցրել:

Ռուսական գերատեսչությունում նշել են նաև, որ թուրք զինծառայողների մահվան մասին իմանալուց հետո ձեռնարկվել են բոլոր քայլերը, որպեսզի սիրիական բանակը դադարեցնի կրակը:    

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Սիրիայի Իդլիբում կրակն անհապաղ դադարեցնելու կոչ է արել. գրում է ՏԱՍՍ-ը՝ ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Սթեֆան Դյուժարիկի հայտարարությունը:

Նա, մասնավորապես, նշել է. 

«Գլխավոր քարտուղարը մեծ մտահոգությամբ է հետևում Սիրիայի հյուսիս-արևմուտքում էսկալացիային ու այն տեղեկություններին, որ օդային հարվածի հետևանքով զոհվել են տասնյակ թուրք զինվորականներ»,- նշել է նա  ու հավելել. «Գլխավոր քարտուղարը կրկին կոչ է անում կրակն անհապաղ դադարեցնել և մտահոգություն է հայտնում ռազմական գործողությունների հետևանքով խաղաղ բնակիչների զոհվելու հավանականությամբ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ