27 02 2020

ՍԴ և գործող իշխանություն․ Հայաստանի երկու դեմքը․ Panorama.am

ՍԴ և գործող իշխանություն․ Հայաստանի երկու դեմքը․ Panorama.am

Panorama.am-ը գրում է․ «Հայաստանի մի դեմքը Սահմանադրական Դատարանի դատավորներն են, որ չդավաճանելով մարդու արժանապատվությանը և դատավորի երդմանը՝ վաղ կենսաթոշակի անցնելու դիմում չներկայացրեցին։ Հրայր Թովմասյանը, Ալվինա Գյուլումյանը, Արայիկ Թունյանը, Հրանտ Նազարյանը, Ֆելիքս Թոխյանը, Աշոտ Խաչատրյանը և Արևիկ Պետրոսյանը մնալու են Հայոց պատմության մեջ որպես պետական մտածողությունը կենսակերպ դարձրած մարտիկներ։

Հայաստանի մյուս դեմքը գործող իշխանությունն է, որ ոչ մի միջոցի առաջ կանգ չառնելով՝ նրանցից ազատվելու համար 3 միլիարդանոց անիմաստ հանրաքվե է անցկացնում։

Անկեղծ ասած, հանրաքվեի արդյունքն էական էլ չէ, քանի որ արդեն իսկ Սահմանադրական Դատարանը բարոյական մեծ հաղթանակ է տարել։ Սա այն դեպքն է, երբ հայերի շրջանում մի փոքր հումորային ընկալվող «բարոյական հաղթանակ» երևույթն ունի իրական խորքային իմաստ․ չէ՞ որ ամիսներ շարունակ դիմակայելով իշխող ուժի բիրտ ու ակնհայտ ճնշումներին՝ նրանցից ոչ ոք չընկրկեց դատավորի իր երդումից ու առաքելությունից։

Ոչ ոք չի կասկածում, որ առջևում դեռ կլինեն ավելի հիստերիկ ու անկանխատեսելի հարձակումներ։ Այդուհանդերձ, չպետք է նաև մոռանալ այն իրողությունը, որ դրանց ազդեցությունն այլևս առաջվանը չեն, քանի որ իշխանությունների հանդեպ հավատն ու սպասելիքները համեմատելի չեն 2018, անգամ 2019 թվականների հետ։ Շատերն են արդեն բաց աչքով ընկալում իրականությունը, որտեղ մի կողմից նախարարները ստանում են հազարավոր դոլարներով աշխատավարձ ու պագևավճարներ, մյուս կողմից՝ մեկը մյուսի հետևից փակվում են բուժհիմնարկներ և աշխատողները գործազուրկ են դառնում։ Սա ընդամենը մեկ օրինակ է «հեղափոխական նոր Հայաստանի» առօրեական դարձած կյանքից։

Յուրաքանչյուր ոլորտի մարդիկ իրենք գիտեն իրենց պրոբլեմները, որոնք լուծելու հույսով Կառավարության դիմաց մշտապես բողոքի ակցիաներ են տեղի ունենում։ Թե ինչ լծակներ կգործադրի իշխող ուժը այս հիասթափվածներին կրկին ոգեշնշելու համար՝ ցույց կտա քարոզարշավն ու ընտրության օրը։

Փետրվարի 27-ը խիստ խորհրդանշական օր է Հայաստանի համար, որովհետև հաղթեցին պետական մտածողությամբ մարդիկ։ ՍԴ դատավորնռերը կարողացան վեր կանգնել իրենց անձնական դժվարություններից, կարողացան հաղթահարել իրենց վախերը և օրինակ ծառայել մյուս բոլոր դատավորների համար։ Խիզախությունը բավականին վարակիչ երևույթ է (ճիշտ ինչպես վախկոտությունը, ինչը հաղթահարելն էլ հենց խիզախությունն է)։

Այսպիսի դատավորները հպարտություն են ցանկացած պետության համար։ Կանցնեն տարիներ, մարդիկ և իշխանություններ, բայց այս օրը պատմության մեջ կմնա որպես օրենքի պահապանների հաղթանակի դասագրքային օրինակ։

Լիա Իվանյան, հրապարակախոս

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ