27 02 2020

Իմ սրբազան պարտքն եմ համարում դնել պատերազմի վերջակետը․ Վիտալի Բալասանյան

Իմ սրբազան պարտքն եմ համարում դնել պատերազմի վերջակետը․ Վիտալի Բալասանյան

Մեկնարկել է Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների քարոզարշավը։

«Մենք այն սկսեցինք «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի մոտից»,- հայտնում է Արցախի հերոս, նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի գրասենյակը։

Իր ելույթում Վիտալի Բալասանյանը նշել է․ «Իմ սրբազան պարտքն եմ համարում Ձեզ հետ միասին դնել պատերազմի վերջակետը և  դիվանագիտորեն հասնել Արցախի միջազգային ճանաչմանը։ Ընտրություն՝ հանուն Արցախի»։

Արմենակավան, Խրամորթ, Նախիջևանիկ, Վարդաձոր, Ուղտասար եւ Փառուխ. հենց այս գյուղերում փետրվարի 27-ին, նախընտրական հանդիպումներ ունեցան Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանն ու «Արդարություն» կուսակցության ներկայացուցիչները։

Վ. Բալասանյանը նշեց, որ իր նախընտրական ծրագիրը, որը կազմվել է մասնագիտական լուրջ պատրաստվածություն ունեցողների ներգրավմամբ, հաշվի է առնում արցախցու համար կենսական նշանակություն ունեցող բոլոր խնդիրները։

Այս գյուղերում հիմնականում առկա են երիտասարդ ընտանիքներին տնով ապահովելու, մանկապարտեզների բացակայության հարցերը։ Լուրջ է նաեւ գյուղերի ճանապարհային ենթակառուցվածնքների խնդիրը. վթարային վիճակում՝ կամուրջ, ոչ բարվոք վիճակում՝ ճանապարհներ։

«Իմ նախընտրական ծրագիրը ներառում է «Սեփական տանիք» շինարարական նոր հավակնոտ ծրագիր, որը կապահովի երիտասարդներին հարմարավետ նոր տներով։ Կապիտալ շինարարության ոլորտում ունենք բազում խնդիրներ: Հիմնովին պետք է վերանորոգվեն համայնքային ճանապարհները և կաւրջները։ Գիտեմ, թե ինչ վիճակում է գտնվում ձեր կանուրջը, որը կենսական նշանակություն ունի ուղտասարցու համար։ Խնդիրը կլինի մեր ուշադրության կենտրոնում, դրան պիտի լուծում տրվի օր առաջ»,- ասաց Բալասանյանը։

Կրթական համակարգի բարեփոխման, մասնավորապես, նախակրթական համակարգի պարտադիր ձևավորման եւ մեծ համայնքներում մսուր-մանկապարտեզներ կառուցելու հարցը նույնպես Բալասանյանի ծրագրի առանցքային հարցերից է։ «Այն համայնքներում, որտեղ կան դպրոցներ, բայց երեխաների փոքր թվի պատճառով շենքերն օգտագործվում են մասամբ, այդ մասը կհատկացվի մսուր-մանկապարտեզներին՝ համապատասխան վերակառուցումից հետո»,- ներկայացրեց Վ. Բալասանյանը:

Նախագահի թեկնածուն պատասխանեց նաեւ ընտրողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին երկրի անվտանգությանը, աշխատավարձերին, թոշակներին ու աշխատատեղերի ստեղծմանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ