ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է «Независимая Газета» պարբերականում լույս տեսած Սումգայիթյան ողբերգության մասին հոդվածին:
«Շատերը չգիտեն, որ «Независимая Газета»-ի կարգախոսը հնչում է հետևյալ կերպ. «Առանց զայրույթի և կողմնակալության»: Ինչ տխուր է հասկանալ, որ լրագրողները հաճախ մոռանում են այն պատճառները, որով որոշել են զբաղվել իրենց գործունեությամբ: Հենց այդպիսի «անաչառության մարտիկների» ձեռքում տեղեկատվությունը իսկական զենք է դառնում:
Ասկերովի վերջին` «Սումգայիթյան ողբերգություն. Ինչից է սկսվել և ինչպես է դա եղել» հոդվածը ինձ հանգեցրեց մի մտքի, որ թերթի «անկախությունից» մնացել է միայն անունը, իսկ անկողմնակալությունից մնացել է միայն մութ կողմը (от «бес»-пристрастия - только «бес»-ы):
Այս հոդվածի հեղինակ Լև Ասկերովը «Независимая Газета»-ում դարձել է Բաքվի իսկական սուրհանդակը: Եվ խնդիրը ամենևին էլ այդպիսի «դեղին» հոդվածի առկայությունը չէ, այլ այն, որ դա ներկայացնում են տասնյակ հազարավոր մարդկանց՝ առանց տեղեկատվության հավաստիության մասին պատասխանատվություն կրելու: Գոյություն ունի լրագրողի շատ հայտնի պարտականություն, որը նախատեսված է ԶԼՄ-ների մասին ՌԴ դաշնային 49-րդ օրենքի առաջին հոդվածի 2-րդ մասով` «Ստուգել տրամադրվող տեղեկության հավաստիությունը»:
Իսկ հիմա ավելի խորքային խնդրի` Սումգայիթյան ողբերգության մասին:
Մենք տասնյակ տվյալներ ունենք զոհերի թվի մասին: ԽՍՀՄ գլխավոր դատախազության պաշտոնական տվյալների համաձայն անկարգությունների հետևանքով մահացել է 32 մարդ, 26 հայ և 6 ադրբեջանցի: Ֆրանսահայ պատմաբան Կլոդ Մութաֆյանը մահացածների պաշտոնական թիվը անվանում է «ծաղրելի նվազեցում»: The Washington Post-ը 1989 թվականի սեպտեմբերի 6-ի հոդվածում նշում է 200 մահացած հայերի մասին: Բրիտանացի պատմաբան Քրիստոֆեր Ուոլքերը խոսում է զոհերի շատ ավելի մեծ քանակի մասին: Ըստ ամերիկացի պատմաբան Պիտեր Քենեզի՝ մահացել է 90 հայ, հարյուրավորները վիրավորվել են: Ամերիկահայ պատմաբան Ջորջ Բուրնությանը և բրիտանացի պատմաբան Ջեֆրի Հոսկինգը նշում են հարյուրավոր զոհերի մասին:
Անփոփոխ և անսասան է միայն մեկ փաստ, որը պաշտոնապես ընդունվել է Մոսկվայում Խորհրդային միության Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի նիստին. Սումգայիթում զանգվածային ջարդերն ու սպանությունները տեղի են ունեցել ազգային հողի վրա:
Իր էությամբ Սումգայիթը և ամբողջ այն մղձավանջը, որը տեղի ունեցավ 1988-ի փետրվարին, ավելի սարսափելի խնդրի նշան է, քան Ղարաբաղյան հակամարտությունն է:
Սումգայիթը արտացոլում է Ադրբեջանի և Թուրքիայի՝ մինչև ուղնուծուծը հայաֆոբ տրամադրվածությունը, որը միշտ արտացոլվում է ցեղասպանություն կատարելու ձգտումներով:
Իսկ ի՞նչ է ցեղասպանությունը: Ահա մի հատված ՄԱԿ-ի գլխավոր ասսամբլեայի «Ցեղասպանության հանցագործության նախազգուշացման և դրա պատիժների մասին» կոնվենցիայից:
«Այս կոնվենցիայում ցեղասպանություն տերմինով հասկացվում են հետևյալ գործողությունները, որոնք կատարվել են ամբողջությամբ կամ մասնակիորեն ոչնչացնելու ցանկացած ազգային, էթնիկ, ռասսայական կամ կրոնական խմբի. ա)այսպիսի խմբերի անդամների սպանություն, բ)այդպիսի խմբերի անդամներին լուրջ մարմնական վնասվածքների կամ հոգեկան խնդիրների հասցնելը»:
Հենց այդպիսի` հայերին լրիվ կամ մասնակիորեն ոչնչացնելու չիրականացված մտադրությունն է այն խնդրի արմատը, որը մենք պետք է ներառենք ակտուալ օրակարգում:
Ահա և գոյություն ունեցող հակամարտության լուծման բանալին: Եթե հայաֆոբիան Ադրբեջանում քարոզվում է պետական մակարդակով(ինչի մասին վկայում են հանցագործությունների կոծկման փաստերը, «գիշերային մարդասպանների» հերոսացումը, 2016 թվականի քառօրյա պատերազմի վայրագությունների փաստերը, մշակությաին ժառանգության վերացումն ու յուրացումը, ցուցակը կարելի է անվերջ շարունակել), մի՞թե կարելի է խոսել այդ երկրում հայերի անվտանգության մասին: Հարցը հռետորական է, իսկ նրա պատասխանն այն է, որ միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճանաչումը կապահովի մարդկանց անվտանգությունը:
Իսկ Լև Ասկերովի պատմությունը, որը այդպես ուսումնասիրել է ԽՍՀՄ ազգային անվտանգության արխիվները և իբր գտել է Ադրբեջանի ԽՍՀ հակահետախուզության գնդապետ Թոմաս Գիորգիի Կարիչաձեի զեկույցը, դիտվում է որպես մահացածների հիշատակի առաջ հերթական ծաղրանքն ու էժանագին քարոզչությունը:
Հիշեցի մեջբերումներ Ֆյոդոր Դոստոևսկու իմ սիրելի «Ոճիր և պատիժ» գործից.
«Ախր ամենավիրավորականն ի՞նչն է: Ախր այն չէ, որ նրանք ստում են, սուտը միշտ էլ կարելի է ներել, սուտը նուրբ գործ է, որովհետև տանում է դեպի ճշմարտություն: Վիրավորական է, որ ստում են, և սեփական ստին խոնարհվում»:
Ահա ևս մեկ մեջբերում նույն վեպից. «ոճիրին հետևում է պատիժը»:
32 տարի հետո մենք հիշում ենք Սումգաիթյան ողբերգության զոհերին, խոնարհում ենք մեր գլուխները նրանց առջև, պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ մենք թույլ չենք տա, որ դա նորից կրկնվի»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը