Yerkir.am-ը գրում է․ «Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ կառավարությանը ենթակա Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել իր ղեկավարած հիմնարկի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 31.12.2019 թվականը, այն է՝ Փաշինյանի իշխանության օրոք:
Ստացված գրավոր պատասխանից (կցվում է) տեղեկանում ենք, որ նշյալ հատվածում Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցներին վճարված պարգևատրումների ընդհանուր չափը կազմել է 41.516.581 ՀՀ դրամ (շուրջ 87 հազար դոլար):
Հայտնենք, որ ՀՀ վարչապետի 2018 թ. հունիսի 11-ի որոշմամբ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցների առավելագույն թիվը սահմանված է 45-ը: Եթե համարենք, որ հիմնարկն ունի հենց սահմանված առավելագույն թվով, այն է՝ 45 աշխատակից, ապա ստացվում է, որ տեսչական մարմնի յուրաքանչյուր աշխատակից նշված շրջանում միջինացված թվով ստացել է մոտ 2.000 դոլար պարգևավճար:
Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ, օրինակ, Հանրային ռադիոյի պարագայում գրանցվել է պարգևավճարների ռեկորդային ցածր թիվ՝ նշված շրջանի համար կազմելով 7.983.090 դրամ (շուրջ 16.700 դոլար): Վերոնշյալ գումարով պարգևատրվել է Հանրային ռադիոյի՝ թվով 238 աշխատակից:
Համեմատելով՝ փաստում ենք, որ Հանրային ռադիոյի պարագայում յուրաքանչյուր աշխատակցի պարգևավճարի միջինացված թիվը (շուրջ 70 դոլար) 28 անգամ ավելի քիչ է, քան Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի յուրաքանչյուր աշխատակցինը (շուրջ 2000 դոլար):
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը