18 02 2020

Հիմա հասել ենք ա՛յս մակարդակին․ սա՛ էր Փաշինյանի կետը

Հիմա հասել ենք ա՛յս մակարդակին․ սա՛ էր Փաշինյանի կետը

Չափազանց ցավալի է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրի ներսում ծաղրի է արժանանում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը ցուցաբերած ոչ պրոֆեսիոնալ պահվածքի ու ձևակերպումների համար։ Անկախ քաղաքական «ճամբար» ասածից, հպարտություն կապրենք, եթե մեր երկիրը ներկայացնողը դա անի արժանապատիվ՝ լինի մյունխենյան բեմում՝ Իլհամ Ալիևի հետ վիճելիս, թե՝ եվրատեսիլյան բեմում։ Առաջին դեպքում՝ առավել ևս։

Ուշադրություն դարձրեք, եթե այդ քննադատողները լինեին պարզապես ֆեյսբուքյան ստատուսչիները, բոլորովին այլ բան կնշանակեր, բայց քննադատում են մասնագետները, փորձագետները, ղարաբաղյան հարցից, արտաքին քաղաքականությունից ու բանակցություններից գլուխ հանողները։

Ինչո՞ւ նրանք բացեիբաց բոլորի աչքի առաջ սկսեցին քննադատել վարչապետին, ցույց տալ թերությունները։ Սա ունի խորքային պատճառ։

Փաստ է, որ Նիկոլ Փաշինյանի գիտելիքներն արցախյան բանակցությունների վերաբերյալ չափազանց նվազ էին մինչ վարչապետ դառնալը։ Այժմ նա տիրապետում է ինֆորմացիայի, որը ի պաշտոնե կարող է իմանալ միայն պետության ղեկավարը և բանակցություններին անմիջապես մասնակցած անձը։ Դրանք գումարել է իր հին պատկերացումներին, այսինքն՝ որպես լրագրող և խմբագիր պատկերացումներին և չի ավելացրել ոչինչ։ Ո՛չ Սերժ Սարգսյանի, Ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ նրանց ժամանակների արտգործնախարարների հետ հանդիպում չի՛ ունեցել, քննարկում չի՛ արել։ Ընդամենը մեկ անգամ, իր պատմելով, հանդիպել է Լևոն Տեր-Պետրոսյանին, որից հետո հայտարարեց, թե այնպիսի բան առաջին նախագահը չասաց, որից ինքը տեղյակ չէր։

Նիկոլ Փաշինյանը պարզ հայտարարել է՝ «Ես բանակցությունները սկսելու եմ իմ սեփական կետից»։ Այդ սեփական կետը հենց սա է՝ բերել-իջեցնել բանակցությունները մինչև այն մակարդակին, որտեղից սկսած՝ ինքը գլուխ է հանում, ու նոր միայն շարունակել դրանք։ Դա այդ կետն է՝ լրագրող-վերլուծաբանի մակերեսային մակարդակը։

Այսօր շատերն են հիշեցնում, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ տեղի ունեցած բանակցություններում ո՛չ հայր Ալիևը, ո՛չ որդի Ալիևը չէին համարձակվի նման տոնայնություն ունենալ, էլ չեմ ասում՝ ձեռք առնել ու ծաղրել քննարկման ժամանակ։ Տեսախցիկները, ուղիղ հեռարձակումը, տասնյակ հյուրերը կաշկանդիչ, զսպիչ հանգամանք են, ու եթե Ալիևը այդքան մարդու ներկայությամբ իրեն այդպես է պահում, բոլորովին հասկանալի է, թե ժամերով ինչ են անում փակ դռների հետևում, է՛լ ավելի ազատ միջավայրում։ Արտգործնախարարները երկօրյա բանակցություններում այսպիսի բառապաշար են օգտագործել, վստահաբար։ Հիմա հասել ենք ա՛յդ մակարդակին։ Ստացվեց, դա՛ էր Փաշինյանի կետը։

Կրկնում եմ, Փաշինյանին քննադատում են մասնագետները և ընդհակառակը՝ սեփական թիմում նա պաշտպանություն չի տեսնում։ Կամ չեն հասկանում և չեն խոսում, կամ հասկանում են և շրջանցում թեման (մի անգամ Հովհաննես Իգիթյանը փորձեց արդարացնել բանակցություններին այսպես կոչված՝ ադրբեջանական համայնքի ղեկավարին մասնակցության փորձը և դրանից հետո այլևս չի անդրադառնում թեմային)։

Նիկոլ Փաշինյանը նախկինում իշխանության հետ ունեցել է կամուրջներ, բայց օդում կախված լուրերի համաձայն, այդ կամուրջները ծառայել են միայն ֆինանսական հարցեր լուծելու համար։ Իսկ հետո, ասում են, վառեց այդ բոլոր կամուրջները։ Չկա ոչ մի հանդիպում, չի ընդունում որևէ խորհուրդ։ Ցավոք, այս հրապարակային խորհուրդներն էլ չի ընդունում։ Եթե ընդուներ, կհասկանար գոնե մի քանի պարզ ճշմարտություն՝

  • Հայաստանը բանակցությունների կողմ չէ, գոնե մենք այդպես ենք ասում
  • Չի կարող լինել տարբերակ, որն ընդունելի լինի երեք կողմերի համար
  • Չի կարելի ասել Արցախը Հայաստան է ու վերջ
  • Չի կարելի ստել, թե՝ նախկինները 7 շրջանները հանձնում էին և այլն

Պետք է շարունակել նախկինի թողած ժառանգությունը՝ բարելավելով դրանք և ուժեղացնելով Հայաստանի նախկինում ձեռքբերած դիրքերը, այլ ոչ թե գնալ անգամ բանակցություններում նախկինն ամբողջությամբ մերժելու ճանապարհով։

Հիմա էլ չի ընդունելու խորհուրդներ, զուր տանջանքներ են բան բացատրելը։ Ընդհակառակը, Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է բոլորին հակառակ։ Նա գուցե հասկանում է, որ ճիշտ խորհուրդներ են տալիս, բայց քանի որ այդ խորհուրդը տալիս են ՀՀԿ-ականները, նախկինները, ուրեմն հակառակն է անում։

Սա իր ձախողումը չէ։ Նա ընդամենը թույլ տվեց իր վրա ծիծաղեն ու կասկածեն պատմության վերաբերյալ գիտելիքներին։ Սա մեր ձախողումն է՝ Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի հպա՛րտ քաղաքացիների ձախողումը։

 Ահարոն Համբարձումյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ