17 02 2020

Ապրիլի 5-ի հանրաքվեն հակաօրինական է. «Կամք» նախաձեռնություն

Ապրիլի 5-ի հանրաքվեն հակաօրինական է. «Կամք» նախաձեռնություն

ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու նպատակով ապրիլի 5-ին հանրաքվե անցկացնելու իշխանական ճամբարի նախաձեռնությունը արջի ծառայություն է մատուցում Նիկոլ Փաշինյանի վարչակարգին՝ դրանով իսկ վտանգելով Հայաստանում սկսված եւ ընթացող սոցիալական արդարության հաստատման գործընթացը: Այս մասին հայտարարություն է  տարածել «Կամք»  նախաձեռնությունը։

«Ինչու՞ բոյկոտել ապրիլի 5-ի հանրաքվեն

ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու նպատակով ապրիլի 5-ին հանրաքվե անցկացնելու իշխանական ճամբարի նախաձեռնությունը արջի ծառայություն է մատուցում Նիկոլ Փաշինյանի վարչակարգին՝ դրանով իսկ վտանգելով Հայաստանում սկսված եւ ընթացող սոցիալական արդարության հաստատման գործընթացը:

Հանրաքվեն միաժամանակ անընդունելի է ե՛ւ բարոյական, ե՛ւ իրավական, ե՛ւ գործնական առումներով:

Ապրիլի 5-ը անընդունելի է բարոյական առումով

Բարոյական առումով հանրաքվեն անհեռանկար է, որովհետեւ այն ծառայում է սպիտակների եւ սեւերի պայքարի մանր հաշիվներին: Այսպես կոչված՝ սեւերից սահմանադրական դատարանը վերցնելով՝ այսպես կոչված՝ սպիտակները ցանկանում են իրենց վերահսկողությունը հաստատել Հայաստանի Հանրապետության դատարանների վրա: Նման գործելաոճը բարոյապես անընդունելի է, եւ հետեւում է ամբողջատիրական սովորույթներին՝ Սահմանադրությունը ծառայեցնելու իշխող վարչախմբին: Հիշենք, որ Սերժ Սարգսյանի վարչակարգը տապալվեց Սահմանադրությունը ժողովրդի դեմ օգտագործելու արդյունքում:

Ապրիլի 5-ը անընդունելի է իրավական առումով

Ըստ ՀՀ Սահմանադրության պահանջների, Սահմանադրության փոփոխության իրավական ակտերի նախագծերը Ազգային Ժողովը ներկայացնում է սահմանադրական դատարանի հաստատմանը: Ապրիլի 5-ի հանրաքվեն հակաօրինական է եւ հակասում է ՀՀ Սահմանադրությանը (Սահմանադրության 168-րդ հոդվածի երկրորդ կետին, 169-րդ հոդվածի 2-րդ մասին, սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին):

Ապրիլի 5-ը անընդունելի է գործնական առումով. այն աշխարհաքաղաքական եւ սոցիալական նման իրավիճակում խոցելի է դարձնում մեր երկիրը ներսից եւ դրսից:

Կոչ ենք անում

ՀՀ Ազգային Ժողովին, Կառավարությանն ու Նախագահին՝ հետ կանգնել սահմանադրական բարեփոխումների հանրաքվե անցկացնելու սխալ ճանապարհից:

ՀՀ քաղաքացիներին՝ բռնել պետականության, իրավականության, ժողովրդավարության եւ համերաշխության ճանապարհը, բոյկոտել ապրիլի 5-ի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն»,- ասված է հայտարարությունում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ