12 02 2020

ԳՇ-ից հերքում են Հ1-ի՝ «Օրսիս»-ի վերաբերյալ ռեպորտաժը. Aysor.am

ԳՇ-ից հերքում են Հ1-ի՝ «Օրսիս»-ի վերաբերյալ ռեպորտաժը. Aysor.am

Aysor.am-ը գրում է․ «Հանրային հեռուստաընկերությամբ «Օրսիս» ընկերության վերաբերյալ փետրվարի 11-ին հեռարձակված ռեպորտաժում ներկայացված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը։

Նա ընդգծեց՝ նյութում որպես աղբյուր ներկայացված անձը չէր կարող տիրապետել սպառազինության ձեռք բերման մասին տեղեկատվությանը։«Այդ նյութում «Օրսիսի» թեմայով հարցազրույց տված անձը Զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանման հրամանատար չէ։ Նա չէր կարող տեղեկատվություն ունենալ Զինված ուժերի կողմից ձեռք բերվող սպառազինության ու դրա գների մասին, առավել ևս՝ մասնակցել այդ սպառազինության փորձարկումներին: Հետևաբար, ռեպորտաժում ներկայացված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում», - ասաց Սամվել Ասատրյանը:

Նրա խոսքով՝ տպավորություն է ստեղծվում, որ ինչ-որ անձինք փորձում են ստվեր գցել Զինված ուժերի վրա.

«Ինչպես նաև, կարծես թե, փորձում են ստվեր գցել հայ-ռուսական հարաբերությունների վրա: Հայտնում ենք նաև, որ այս դեպքի առնչությամբ ընթանում է ծառայողական քննություն», - ամփոփեց Սամվել Ասատրյանը։Նշենք, որ Հանրային հեռուստաընկերությունը՝ «Հայոց բանակին մարտական զինամթերքի փոխարեն՝ որսորդական. ի՞նչ է կատարվում «Օրսիսի» շուրջ» ռեպորտաժում՝ հղում անելով անանուն աղբյուրին հայտնել է.

«ԶՈՒ հատուկ նշանակության ստորաբաժանման նախկին հրամանատարն, ով անվտանգության նկատառումներից ելնելով, չցանկացավ ներկայանալ, հաստատել է տեղեկությունը, որ մարտական նշանոցների անվան տակ Հայաստանի զինված ուժերին փորձ է արվել վաճառել որսորդական զինամթերք, սակայն գործարքը չի կայացել»»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ