10 02 2020

ԼՀԿ-ն առաջարկում է համաներում հայտարարել արտերկրում բնակվող 27 տարին լրացած և չծառայած քաղաքացիների նկատմամբ

ԼՀԿ-ն առաջարկում է համաներում հայտարարել արտերկրում բնակվող 27 տարին լրացած և չծառայած քաղաքացիների նկատմամբ

Փետրվարի 10-ին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրեց կուսակցության նոր նախաձեռնության մասին, որով դիմում են ՀՀ վարչապետին` առաջարկելով համաներում կիրառել 27 տարին լրացած, հանրապետությունում չգտնվող և ԶՈՒ-ում ծառայությունից խուսափելու համար հետախուզման մեջ գտնվող 3647 քաղաքացիների նկատմամբ:

«Մինչ օրս ունեինք օրենսդրական կարգավորում, որով 27 տարին լրացած ՀՀ արական սեռի այն ներկայացուցիչները, որոնք արտերկրում են և մինչև 2017թ. ՀՀ զինված ուժերում չծառայելու համար գտնվում են հետախուզման մեջ՝ իրավունք ունեին գալ Հայաստան և վճարել 1 միլիոն 800 հազար դրամ, ապա կանգել պահեստազորում, ստանալ զինգրքույկ»,- ներկայացրեց նա և նշեց, որ այնուհետև վճարվող գումարի շեմը բարձրացավ, իսկ հիմա, այլևս այդ հնարավորությունը քաղաքացիները չունեն:

«Հազարավոր մարդիկ, որոնք հանրապետությունից դուրս են գտնվում և քրեական հետապնդման մեջ են, նրանց խնդիրը մնում է չլուծված»,- ասաց նա և նշեց, որ  2019թ. ամփոփել ենք հետախուզման մեջ գտնվող 10 940 մարդկանցով:

«Հենց հիմա 3647 քաղաքացի, որոնց 27 տարին լրացել է և գտնվում են հետախուզման, եթե անգամ նրանք հայտնաբերվեն, ապա չեն կարող ծառայել Զինված ուժերում, քանի որ զինապարտության տարիքն անցել է և նրանք պետք է գան և բանտ նստեն»,- նշել է Մարուքյանը և հավելել, որ նրանցից շատերը բազմաթիվ պատմությունների պատճառով են լքել հայրենիքը:

«Մեր առաջարկը հետևյալն է. քանի որ խմբակցությունը կամ պատգամավորը չունի համաներման նախաձեռնության իրավունք, դա ունի միայն կառավարությունը, ես պատրաստվում եմ գրություն ուղարկել վարչապետին և առաջարկել, որ համաներման նախաձեռնություն ներկայացվի, և 3647 քաղաքացիների նկատմամբ համաներում հայտարարվի, որպեսզի նրանք կարողանան գալ Հայաստան»,- ասաց նա:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ վերջին համաներման ժամանակ ծանր հանցագործություններ կատարած բազմաթիվ մարդիկ են համաներվել, իսկ նրանք, որ 8, 10 տարեկանում լքել են հանրապետությունը, չեն կարող վերադառնալ:

«Արդյունքում կմնա 7 հազար մարդ, որոնց 27-ը չի լրացել և նրանք կգան ու կծառայեն: Մենք կարող ենք ասել, որ սա առաջին և վերջին անգամ ենք անում»,- ասաց նա և նշեց, որ խոսքը չի վերաբերում մինչև 27 տարեկաններին, ովքեր դեռ կարող են գալ և ծառայության անցնել բանակում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ