06  02  2020

Միհրան Պողոսյանը տարածքը լքել է այն ժամանակահատվածում, երբ քրեական գործը դեռևս գտնվում էր ԱԱԾ-ում. Հայտարարություն

Միհրան Պողոսյանը տարածքը լքել է այն ժամանակահատվածում, երբ քրեական գործը դեռևս գտնվում էր ԱԱԾ-ում. Հայտարարություն

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի խոսնակ Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հրապարակում եմ ի պատասխան ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ երեկվա հանդիպման ժամանակ արված և այսօր հրապարակված հայտարարությունների առանձին դրվագի կապակցությամբ պարզաբանում ստանալու մի քանի լրատվամիջոցների հարցմանը ՀՀ դատախազության արձագանքը: Ի պատասխան ձեր հարցման՝ տեղեկացնում ենք հետևյալը. Միհրան Պողոսյանի կողմից առերևույթ տարբեր հանցագործություններ կատարելու վերաբերյալ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին գրությամբ տեղեկացվել է 2018թ. օգոստոսի 31-ին:

Ի ապահովումն քրեադատավարական ընթացակարգերի պատշաճ պահպանման՝ 2018թ. սեպտեմբերի 6-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից Արթուր Վանեցյանին պատասխան նամակով պարզաբանվել է, որ նկարագրված տեղեկությունների էական մասը հանդիսանում են այնպիսի նոր հանցագործությունների վերաբերյալ տվյալներ, որպիսիք Միհրան Պողոսյանի վերաբերյալ քննված և վարույթը կարճված գործով քննության և իրավական գնահատականի առարկա չեն հանդիսացել, հետևաբար որևէ իրավական արգելք չկա, ու հանձնարարվել է այդ փաստերի կապակցությամբ սկսել քրեադատավարական գործընթաց և հարուցել քրեական գործ: Իսկ Միհրան Պողոսյանի վերաբերյալ քննված և վարույթը կարճված քրեական գործի քննության առարկա փաստերի կապակցությամբ հայտնվել է, որ վարույթը կարճելու վերաբերյալ որոշումը վերացնելու նպատակով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49.1 գլխով սահմանված կարգով (նոր երևան եկած հանգամանքի հիմքով վարույթի վերանայումը) հիմքեր ձեռք բերելու դեպքում, ըստ գործող ընթացակարգերի, այսինքն նոր երևան եկած հանգամանքով վարույթ հարուցելու և հիմքերը հաստատվելու պարագայում, այդ որոշումը կվերացվի:

Ի կատարումն այդ հանձնարարության՝ ԱԱԾ-ում իրականացված նոր քրեադատավարական վարույթի շրջանակներում 05.10.2018թ. միայն հարուցվել է նոր քրեական գործ, որը ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է 09.10.2018թ.: Ընդ որում՝ քրեական գործի հարուցման մասին ՀՀ գլխավոր դատախազությանը գրավոր տեղեկացվել է 08.10.2018թ., իսկ ըստ առկա տվյալների՝ Միհրան Պողոսյանը ՀՀ տարածքը լքել է 07.10.2018թ.: Այդ պահի դրությամբ դեռևս կարճված գործի վերանայման համար նոր երևան եկած հանգամանքներ դատախազություն ներկայացված չեն եղել:

Հետագայում արդեն հարուցված նոր քրեական գործով, որի նախաքննությունն իրականացվել է ՀՀ ՀՔԾ վարույթում, ձեռք են բերվել օրենքով վերը նշված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49.1 գլխով նախատեսված այնպիսի նոր երևան եկած հանգամանքներ, որոնց պայմաններում կարող էր վերանայվել ավարտված քրեական գործի վարույթը կարճելու որոշումը: Այդ հիմքերի առկայության պայմաններում անմիջապես ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից 17.01.2019թ. որոշում է կայացվել նախկինում կայացված վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու վերաբերյալ: Երկու գործերը միացնելուց հետո համատեղ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների հիման վրա միայն 13.04.2019թ. է բավարար ապացույցների համակցությամբ որոշում կայացվել Միհրան Պողոսյանին որպես մեղադրյալ ներգրավելու, խափանման միջոց կալանավորումն ընտրելու և նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ:

Ինչ վերաբերում է Արթուր Վանեցյանի կողմից հնչեցված այն հարցադրումներին, թե ինչո՞ւ Միհրան Պողոսյանը մեկնեց, կամ ո՞վ նրան տեղեկացրեց, ապա նախ՝ հարկ ենք համարում կրկնել, որ վերջինս ՀՀ տարածքը լքել է այն ժամանակահատվածում, երբ քրեական գործը դեռևս գտնվում էր ԱԱԾ-ում: Երկրորդ, Արթուր Վանեցյանը շուրջ մեկ տարի, որպես ՀՀ ԱԱԾ տնօրեն, ի պաշտոնե ուներ դրանց բացահայտման համար անհրաժեշտ ողջ գործիքակազմը և այդպիսի պաշտոնեական պարտականություն, սակայն այդպիսիք չեն բացահայտվել:

Այդուհանդերձ, եթե պարոն Վանեցյանին հայտնի են իր կողմից նշված հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ, այժմ էլ կարող է առանց որևէ կաշկանդվածության դրանք ներկայացնել պատկան մարմիններին, որի բացահայտման ուղղությամբ դատախազությունը կցուցաբերի առավելագույն հետևողականություն»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ