06 02 2020

Մեզնից մի քանի հարյուր մետր այն կողմ տեղի է ունենում մի պրոցես, որի գնահատականը կտա պատմությունը․ Հրայր Թովմասյան



Մեզանից մի քանի հարյուր մետր այն կողմ տեղի է ունենում մի պրոցես, որի գնահատականը պատմությունը կտա, ես այսօր չեմ ուզում այդ ամեն ինչին անդրադառնալ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին ՍԴ-ի 24-ամյակի կապակցությամբ տոնական միջոցառման ժամանակ իր ելույթում ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։

«Ժամանակահատվածը մեզ համար հեշտ չի եղել, մեզ քննադատել են, քննադատել են տեղի ու անտեղի, մասնագիտական և ոչ մասնագիտական, հիմնավոր և անհիմն, դրանք բնական երևույթներ են, որոնք այսպես թե այնպես պիտի ունենայինք։ Եթե դրանց հիմքում չկա ինչ-որ մի ուղղորդում կամ շահ, ապա դրանք օբյեկտիվ ու մարդկային են։ Մենք մեր սխալների վրա, իրոք, սովորել ենք»,- ասաց ՍԴ նախագահը և հավելեց, որ այսօր էլ ՍԴ անդամները հեշտ ժամանակահատված չեն ապրում։

Հրայր Թովմասյանն ընթերցեց ապագայում ՍԴ անդամների անելիքների վերաբերյալ 7 կետ․

«1․ ՍԴ-ն քաղաքական ինստիտուտ չէ և անթույլատրելի է ստուգել դատական համակարգի քաղաքական վստահության աստիճանը, սա չկա և գոյություն ունենալ չի կարող։ Դատական համակարգը մասնագիտացված կառույց է, որի վստահությունը չափվում է բացառապես նրանց վարույթում գտնվող գործերի քանակով և դատավարական գործընթացներին մասնակցող սուբյեկտների թվով։

2․ Քաղաքական իշխանությունները և ընդհանրապես ոչ անկախ դատավորը չարիք է, չարիք է իր ընտանիքի, իր և մեր պետության համար։ Վախեցած դատավորը, որը կարող է ինչ-որ մեկին հաճոյանալու համար ինչ-որ որոշում կայացնել, իմացեք, որ վաղը նույն կերպ կարող են այդ անձի դեմ որոշում կայացվել։

3․ Իրավական և դատական համակարգում առկա խնդիրների առումով մեզանից յուրաքանչյուրը որպես անհատ և որպես ինստիտուտ ունենք և մեր ներդրումը և դրան հավասար ունենք նաև մեր անելիքն ու մեր մեղքի բաժինը

4․ Ոչ ոք սկուտեղի վրա ոչ ոքի անկախություն չի տալիս․ դա վերաբերում է և մարդկանց և պետություններին և ինստիտուտներին։ Անկախ նրանից, թե ինչ է գրված Սահմանադրության մեջ, այդ ամենի համար պետք է պայքարել ու ձեռք բերել։

5․ Իրավական համակարգի և դատարանների բարեփոխումները մեզ համար մեր երկրում հրամայական են։

6․ 21-րդ դարն այն պետություններին է, որոնք առավել արագ ու արդյունավետ կգտնեն պետության մոդերնիացիայի ճանապարհը․ այստեղ մենք իրոք անելիք ունենք

7․ Ցանկացած բարեփոխման համար անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտ»։

Վերադառնալով ՍԴ-ի 24-ամյակին՝ Թովմասյանը շնորհավորեց ՍԴ դատավորներին և մաղթեց, որ «հպարտ լինեն»։

«Դուք հպարտ լինեք, որ աշխատում եք Սահմանադրական դատարանում։ Եվ հպարտ լինեք, որ դուք ձեր աշխատանքով նպաստում եք մեր երկրի կայացմանը։ Ուզում եմ, որ մի օր էլ դուք տարիքի բերումով, կենսաթոշակի կանցնեք, ձեր թոռների հետ այստեղով անցնելիս հպարտորեն նշեք, որ աշխատել եք այս շենքում, այս մարդկանց հետ։ Վստահեցնում եմ, որ դատարանի բոլոր դատավորները երբեք չեն ընդունի այնպիսի որոշում, որի համար իրենք ամաչեն, որի համար դուք երբևէ որևէ տեղ, մեկի առաջ գլուխ կախելու, ամաչելու ինչ-որ առիթը ունենաք»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ