Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն-ԱՄՆ պետդեպ նամակագրության՝ վիկիլիքսյան բացահայտումների հաջորդ մասը, ինչպես վերահրապարակել է «Իմ ձայնը» նախագիծը, վերաբերում է նախագահական ընտրությունների ընտրությունների արդյունքներին և դրանից հետո մինչև մարտի 1 ընկած ժամանակահատվածին։
19.02.2008թ. նամակում ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փեննինգթոնը նշում է, որ հաղթելու շանսերը Սերժ Սարգսյանինն են և վերջինիս առավելություններից մեկը՝ նա նշում է, որ հիմնական մրցակից Լ. Տեր- Պետրոսյանն ասոցացվում է մութ ու ցուրտ տարիների հետ, մինչդեռ նախագահ Քոչարյանի օրոք ՀՀ քաղաքացիների կենսամակարդակը զգալիորեն բարելավվել է։
20.02.2008թ. - Ջոզեֆ Փենինգթոնի նամակը՝ ուղղված ԱՄՆ պետդեպարտամենտին, ԱԽ-ին, Թուրքիա (հավանաբար՝ Անկարայում ԱՄՆ դեսպանատանը) և մի շարք այլ կազմակերպությունների – «ՍՍ-ը ճանաչվել է ընտրությունների հաղթող. ընդդիմության ցույցերի թիվը հասնում է 50 000-ի»։ Փենինգթոնը նշում է, որ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունն ընտրությունները որակել է որպես «հիմնականում միջազգային ստանդարտներին համապատասխան»։ Բայց նա չի բացառում բախումների հնարավորությունը։ Կանխատեսում է, որ ցույցերը առաջիկա մի քանի օրերին առնվազն կշարունակվեն՝ հաշվի առնելով ցուցարարների վրդովմունքը և տեղեկությունները ընտրակեղծիքների մասին։ Ըստ նրա՝ առավոտյան Տեր-Պետրոսյանի հռետորաբանությունը ելույթի ժամանակ ավելի շատ հանգստացնող, քան գործողությունների մղող էր։ Սակայն նշում է նաև, որ վերջինիս մերձավոր շրջանակներից ոմանք կարող են ավելի կոնֆրոնտացիոն մոտեցում ցուցաբերել։
Եվ այսպես, ԱՄՆ-ի համար բոլորովին անակնկալ չէր Սերժ Սարգսյանի հաղթանակը, քանի որ մինչ այս հարցումները դա էին ցույց տվել, բացի այդ, հանրության մեծ մասը Լևոն Տեր-Պետրոսյանին պատրաստ չէր ընտրել՝ նրան կապելով իր սոցիալական խնդիրների հետ։ Բողոքի ակցիաներն էլ դեռ ընտրություններից առաջ էին հասկանալի, քանի որ, նույն դեսպանատան նամակագրության համաձայն, Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստվում էր չընտրվելու դեպքում դուրս գալ փողոց՝ հայտարարելով, որ ընտրությունները կեղծված են։ Հարց էր՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ու թիմը պատրա՞ստ են առանց բախումների ակցիաներ անել։
21.02.2008թ. Փեննինգթոնը շտապ նամակ է ուղարկում պետդեպարտամենտ, որտեղ նշվում է, որ փետրվարի 21-ին Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդական Լ. Զուրաբյանը ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչի հետ հանդիպում է խնդրել։ Զուրաբյանը ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչին մի նամակ է փոխանցել՝ նշելով, որ այն անձամբ Լևոն Տեր-Պետրոսյանից է։ Նշվում է, որ Զուրաբյանը Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ԱՄՆ դեսպանատան հետ հիմնական կապ հաստատող անձն է։ Բացի նամակից՝ Զուրաբյանը նաև բարձրաձայնել է երկու դիտողություն. նա նշել է, որ տեղեկություններ ունեն, որ ժամը 15-ին նախատեսված ցույցերը իշխանությունները պատրաստվում են խոչընդոտել։ Նաև հայտնել է, որ իշխանությունները բաց են պահում երկրորդ փուլի անցկացման հնարավորությունը, քանի որ Սարգսյանի արդյունքը կարող է նվազել 50%-ից և անցկացվել երկրորդ փուլ։ Զուրաբյանը հայտնել է, որ իրենք հավատում են, թե ընտրությունների արդյունքում հաղթել է Լևոն Տեր-Պետրոսյանը՝ եթե ոչ բացարձակ մեծամասնությամբ, ապա՝ Սարգսյանի հետ համեմատությամբ։ Զուրաբյանը նաև նշել է, որ իրենք կոնկրետ պլան չունեն դեսպանների առջև ցույցեր կազմակերպելու մասին, սակայն հնարավոր համարեց ցույցը Ֆրանսիայի դեսպանատան մոտ՝ հաշվի առնելով այն, որ Սարկոզին շտապ շնորհավորել է ՍՍ-ին։ ԱՄՆ ներկայացուցիչը կոչ է արել՝ ցույցերի խաղաղ բնույթը պահել, ողջունելով այդ տեսանկյունից թե՛ իշխանության, և թե՛ ընդդիմության՝ մինչ այդ պահի վարքագիծը։ Լևոն Տեր-Պետրոսյանը ԱՄՆ դեսպանատանը կոչ է անում ճնշում գործադրել իշխանության վրա, որպեսզի երկրորդ փուլի գնան, չխանգարեն իրենց խաղաղ ցույցերին՝ նշելով, որ իշխանությունները չեն կարող մերժել դեսպանատան պահանջները։ Մեկնաբանելով Տեր-Պետրոսյանի նամակը, Փեննինգթոնը նշում է, որ իրենք մտադիր չեն ներքաշվել ՀՀ ներքաղաքական խնդիրների մեջ, մինչդեռ Տեր-Պետրոսյանը հենց դա է ակնկալում։ Միաժամանակ նշում է, որ ԱՄՆ-ը պետք է հնարավորինս օբյեկտիվորեն գնահատեն ընտրությունները և իրենց պաշտոնական հայտարարությունները բխեցնեն հենց այդ օբյեկտիվ վերլուծությունից։
Փաստորեն, Լևոն Տեր-Պետրոսյանը, ստանալով 21 տոկոս ձայն, հայտարարում էր, թե ընտրվել է նախագահ, իսկ ահա դեսպանատանն ուղղված նամակում արդեն կասկածում էր իր հաղթանակին և պատրաստ էր գնալ երկրորդ փուլին։ Հետաքրքիր է, որ նրանք, ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ հետո, փորձում էին ներքաշել դիվանագիտական հաստատություններին ներհայաստանյան գործընթացների մեջ։ Ու արդեն որերորդ անգամ ԱՄՆ դեսպանատունը հրաժարվում էր ճնշում գործադրել Հայաստանի իշխանության վրա և շեշտում էր, որ ընտրություններում չափազանց հավանական է համարում Սերժ Սարգսյանի հաղթանակը։
27.02.2008թ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը և դեսպանատան մեկ այլ աշխատակից փետրվարի 26-ին հանդիպում են Ս. Սարգսյանի գլխավոր օգնականի և խորհրդականի հետ և հայտնում եմ, որ իրենք հավատում են, որ Ս. Սարգսյանն ավելի շատ ձայն է հավաքել, քան մյուս թեկնածուները, և պատրաստ են աշխատել նախագահի հետ մի շարք ուղղություններով, երբ ճգնաժամը կհանգուցալուծվի։ Նրանք նաև կարծիք են հայտնել, որ թեև ՍՍ-ը, հնարավոր է, հաղթել է փետրվարի ընտրություններում, սակայն դրանից հետո պարտվում է մարտը հասարակական կարծիքի համար։ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի մասին 2018թ. հուլիսի 3-ի հաղորդագրության մեջ ՀՔԾ-ն որպես հաստատված փաստ ներկայացնում է, որ 2008 թվականի փետրվարի 19-ին անցկացված՝ Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրության նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի են ունեցել այնպիսի ընտրախախտումներ, որոնք, ըստ հասարակության լայն շերտերի, խախտել են այդ ժամանակ գործող ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածում ամրագրված` ընտրական իրավունքի հիմնական սկզբունքները, որի արդյունքում ժողովուրդը զրկվել է ազատ ընտրությունների միջոցով իր իշխանությունն իրականացնելու հնարավորությունից։
ՀՔԾ-ն որևէ անդրադարձ չի կատարել ՊՆ փոխնախարարների և ԵԿՄ քաղաքական գործընթացին ներքաշելու վարկածին։ Մինչդեռ ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները կարողացել են բավականին հստակ ինֆորմացիա կուտակել այդ խնդրի վերաբերյալ։ Փեննինգթոնը 2008թ. փետրվարի 28-ին նախագահ Քոչարյանի հետ տեղի ունեցած հանդիպման մանրամասները ներկայացնելիս, հիշատակել է, որ նախագահը տեղեկացրել է, որ մի քանի օր առաջ ԵԿՄ-ի մասնակցությամբ տեղի են ունեցել վտանգավոր գործընթացներ, երբ իրավիճակը քաղաքական կարգավիճակից կարող էր մտնել այլ՝ ռազմական կարգավիճակ՝ նկատի ունենալով հեղաշրջման փորձը։ ՊՆ փոխնախարար Մանվել Գրիգորյանի քաղաքական գործընթացներին ներգրավվածության մասին ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները տեղեկատվություն ստացել են նաև ընդդիմության կողմից։
28.02.2008թ Փեննինգթոնը ներկայացնում է փետրվարի 28-ին նախագահ Քոչարյանի հետ ունեցած հանդիպման մանրամասները։ Ռոբերտ Քոչարյանը հանդիպման ժամանակ հետաքրքրվել է, թե արդյո՞ք ԱՄՆ դեսպանությունը սուբյեկտիվ դիրքորոշում ունի և կարող է աջակցել քաղաքական պայքարի կողմերից մեկին։ Ըստ նրա, Քոչարյանը շեշտել է, որ իրենք տեղյակ են, որ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն իրենց ներքին զրույցներում հաճախ նշում են, որ պետք է խորհրդակցեն ԱՄՆ դեսպանատան հետ։ Նա նշել է, որ գուցե դրանք ուղղակի վերջիններիս ներքին խոսակցություններն են և խնդրել է հստակեցնել՝ արդյո՞ք ԱՄՆ դեսպանատունը համագործակցում և ուղղորդում է Լևոն Տեր-Պետրոսյանի շարժումը։ ԱՄՆ ներկայացուցիչը հերքել է այդպիսի համագործակցությունը։ Նա նշել է, որ իրենք հաճախ զրուցում են Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչների հետ, որպեսզի տեղյակ լինեն իրադարձությունների ընթացքից, սակայն երբեք չեն համակարգում նրանց գործողությունները և կապ չունեն վերջիններիս ռազմավարության հետ։ Հանդիպման ժամանակ Քոչարյանը ամերիկյան կողմին նաև տեղեկացրել է, որ մի քանի օր առաջ ԵԿՄ-ի մասնակցությամբ տեղի են ունեցել վտանգավոր գործընթացներ, երբ իրավիճակը քաղաքական կարգավիճակից կարող էր մտնել այլ՝ ռազմական կարգավիճակ՝ նկատի ունենալով հեղաշրջման փորձը։ Քոչարյանը նշել է, որ ԵԿՄ-ն արդեն գիտի, որ եթե փորձի ռազմական աջակցություն ցուցաբերել Տեր-Պետրոսյանին, նրանց պետությունը ողջ ուժով կդիմակայի։ Լևոն Զուրաբյանն էլ փետրվարի 22-ին ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչի հետ զրույցի ժամանակ ասել էր, որ Մոսկվայից վերադառնալուց Քոչարյանը կոշտ զրույց է ունեցել ՊՆ փոխնախարար Մանվել Գրիգորյանի հետ, որից հետո վերջինս կարծես վախեցած է, ինքնամեկուսացվել է և անհասանելի է դարձել Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի համար։ Անդրադառնալով որոշ ձերբակալությունների՝ Փեննինգթոնը նշում է, որ Քոչարյանը նշել է, որ իրենց նպատակն է՝ ցույցերի ժամանակ բացառել զենքի առկայությունը։ Քոչարյանը նշել է, որ եթե ուզենա ազատել հրապարակը, դա կանի 40 րոպեում, բայց դա կվնասի ցուցարարներին, ինչը ինքը չի ցանկանում։ ԱՄՆ տեղեկությունները ևս մեկ անգամ, ըստ էության, հաստատում են այն մտահոգությունը, որ փորձ է արվել Պաշտպանության Նախարարության պատասխանատու պաշտոնյաների, ԵԿՄ-ի առանձին հրամանատարների միջոցով քաղաքական գործընթացները տանել երկրի պետականության համար վտանգավոր ճանապարհով, սահմանադրական կարգի բռնությամբ տապալման ուղղությամբ։
Նշվում է նաև, որ ՀՀ նախագահը ցույցերը ցրելու մտադրություն չունի, և այսպես առաջ է գալօիս արդեն սադրանքի թեզը։ Ովքե՞ր էին ցանկանում ցույցերը վերածել անկարգությունների ու բախումների, ովքե՞ր էին զինում հավաքված քաղաքացիներին, չէ՞ որ իշխանությունը դրանք ցրելու մտադրություն չուներ։
Նախորդ հրապարակումները՝
Ուշագրավ տեղեկություններ՝ 2008 թվականի նախընտրական իրավիճակի մասին։
Տեր-Պետրոսյանն ամերիկացիներին գործարք էր առաջարկում՝ վտանգելով արցախյան բանակցությունները։
Լևոն Տեր-Պետրոսյանի պլանը հենց ցույցերն են․ ԱՄՆ Դեսպանատունը՝ 2008-ի մասին ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը