28 01 2020

Տեր-Պետրոսյանն ամերիկացիներին գործարք էր առաջարկում՝ վտանգելով արցախյան բանակցությունները

Տեր-Պետրոսյանն ամերիկացիներին գործարք էր առաջարկում՝ վտանգելով արցախյան բանակցությունները

2008 թվականի ընտրությունների վերաբերյալ «Վիկիլիքսի» գաղտնազերծած նամակագրություններում ուշագրավ դրվագներ կան նաև արցախյան խնդրի մասով։ Դրանք վերաբերում են նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նամակագրությանն ու բանավոր պայմանավորվածություն ձեռք բերելու փորձերին՝ ղարաբաղյան խնդիրն օգտագործելով՝ իշխանության գալու համար։ «Իմ ձայնը» նախագծի հրապարակումներից ուշագրավ փաստեր են պարզվում։

12.10.2007թ. «Լ. Տեր-Պետրոսյանն առաջարկներ է ներկայացնում ԼՂ հարցի վերաբերյալ» վերտառությամբ նամակում Հայաստանում ԱՄՆ դեսպանության գործերի հավատարմատար Ռուդոլֆ Պերինան նշում է, որ Լ. Տեր-Պետրոսյանն իրեն հրավիրել է իր մոտ և տեսակետեր ներկայացրել ԼՂ հարցի վերաբերյալ՝ խնդրելով դրանք փոխանցել հատուկ դեսպան Մեթյու Բրայզային։ Տեր-Պետրոսյանի հիմնական գաղափարն այն էր, որ հարկավոր է ունենալ մեկ պաշտոնական փաստաթուղթ, որը կամփոփեր, թե ԼՂ բանակցային գործընթացում ի՛նչ արդյունքներ են գրանցվել Քոչարյանի կառավարման ժամանակաշրջանում։ Նա առաջարկում էր, որպեսզի Մինսկի խմբի համանախագահները ներկայացնեին հակամարտության կարգավորման պլան, որտեղ կամփոփվեին մինչ այժմ համաձայնեցված բոլոր հանգամանքները։ Անկախ նրանից՝ կողմերը դրան կհամաձայնեն, թե ոչ (իսկ իր կարծիքով այս փուլում չեն համաձայնի), այդպիսի փաստաթղթի առկայությունը կնշանակեր Քոչարյանի կառավարման ժամանակահատվածում բանակցային գործընթացի ամփոփ արդյունքի հրապարակում։ Տեր-Պետրոսյանի պնդմամբ՝ սա մյուս նախագահներին հնարավորություն կտար բանակցությունները շարունակել այդ կետից և չսկսել ամեն ինչ զրոյից։ Լևոն Տեր-Պետրոսյանը խնդրել է, որ առաջարկը չներկայացվի որպես իրենը, այդ հանգամանքը գաղտնի պահվի և ներկայացվի ամերիկյան համանախագահի անունից։ Տեր-Պետրոսյանը նաև խնդրել է հանդիպում կազմակերպել Բրայզայի հետ։ Մեկնաբանելով Տեր-Պետրոսյանի առաջարկությունը՝ Պերինան նշում է, որ դա ունի որոշ քաղաքական մոտիվացիա։ Նախ, ըստ նրա, սպասվող քարոզարշավի ժամանակ մի փուլում Լ. Տեր-Պետրոսյանը ցանկանում է հայտնել, որ քննարկել է ԼՂ հարցը ԱՄՆ-ի հետ՝ ցույց տալու համար, որ ինքը լուրջ այլընտրանք է Սերժ Սարգսյանի համեմատ։ Երկրորդ, եթե նա կարողանա նախագահ դառնալ, ինչն ինքը՝ Տեր-Պետրոսյանը, շատ հավանական է համարում, այդ փաստաթուղթը կարևոր կլինի, որպեսզի ցույց տա, թե իբր Քոչարյանը նույնպես բանակցել է պարտվողական փաստաթղթի շուրջ, ինչի համար իրեն 98թ․-ին հեռացրին։ Սա նրան հնարավորություն կտա նաև որպես նախագահ զիջումների գնալ Ադրբեջանի հետ բանակցություններում։

Լևոն Տեր-Պետրոսյանը, փաստորեն, նույնիսկ երկրի անվտանգության գնով պատրաստ է եղել Քոչարյանի դեմ աշխատելու։ Ըստ էության, ամերիկյան կողմից խնդրելով բացահայտել բանակցությունների չընդունված դետալները, նա հասկանում էր, որ դրանով հսկայական առավելություն է տալիս Ադրբեջանին՝ հետագա բանակցությունների ժամանակ։ Ի վերջո, բանակցությունների ժամանակ կողմերը կարող են  առաջ քաշել ցանկացած գաղափար, այդ թվում՝ ի սկզբանե հասկանալով, որ դա չի ընդունվի, այնպիսի գաղափարներ, որոնք ժամանակավոր առավելություն կամ դադար կարող էին տալ, այնպիսի առաջարկներ, որոնք  կունենային շեղող մանևրի հնարավորություն։   Լ. Տեր-Պետրոսյանը 2008-ին ձգտում էր իշխանության՝ Ղարաբաղի հարցում զիջումների գնալու պատրաստակամությամբ, ինչը նա չէր թաքցնում ամերիկյան դիվանագետների հանդիպման ժամանակ, և բնականաբար՝ ձգտելով դա բարդել Ռոբերտ Քոչարյանի վրա։  

Ընդ որում, այդ մանիպուլյացիաներն օգտագործում է նաև հանրահավաքներում։

Մասնավորապես, 12.02.2008թ․ ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փեննինգթոնի՝ ԱՄՆ պետդեպարտամենտին, ՆԱՏՕ-ին և մի շարք այլ կազմակերպություններին ուղղված նամակում անդրադարձ է կատարվում փետրվարի 9-ին Ազատության հրապարակում Լևոն Տեր-Պետրոսյանի կազմակերպած ցույցին, նշելով, որ դրան մասնակցել է շուրջ 40 000 մարդ։ ԱՄՆ ներկայացուցիչը հայտնում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանին իրենց աջակցությունն են հայտնել ԵԿՄ մի քանի ազդեցիկ և հարուստ ներկայացուցիչներ՝ Հակոբ Հակոբյան, Սասուն Միքայելյան, Սուրեն Բարսեղյան։ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից Փեննինգթոնն առանձնացնում է այն դրվագը, որտեղ վերջինս Քոչարյանին մեղադրում է Մեղրին Շուշիի և Լաչինի հետ փոխանակելու պատրաստակամության մեջ։ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի այս հատվածի վերաբերյալ իր մեկնաբանության մեջ Փեննինգթոնը նշում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի նպատակն էր՝ հավաքված հանրությանը ցույց տալ ղարաբաղցիների և հայաստանցիների միջև առկա տարաձայնությունը։ Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում էր ցույց տալ, որ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը պատրաստ են Հայաստանի տարածքի հաշվին պահպանել տարածքներ իրենց ծննդավայր Արցախում։ Ըստ Փեննինգթոնի՝ Լևոն Տեր-Պետրոսյանը նաև նպատակ ուներ՝ նորից հոկտեմբերի 27-ի պատասխանատվությունը գցել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի վրա։  

ԱՄՆ ներկայացուցիչը նույնպես մտածում է, որ Տեր-Պետրոսյանի ելույթի իրական նպատակը հանրությանը մանիպուլացնելն էր։ Բայց նաև նշվում է, որ երկրապահ կամավորական միությունը արդեն եկել էր հրապարակ։ Այսինքն, կառույցը խառնել էին քաղաքականությանը։

  Գաղտազերծված նամակագրության այս հատվածից պարզ  է դառնում, որ ամերիկյան դիվանագետներն ի սկզբանե արձանագրել էին Տեր-Պետորսյանի շարժման հիմնական թիրախները՝ մանիպուլացնել հասարակությունը և Հայաստանցի-ղարաբաղցի թշնամանք սերմանել։ Ամերիկացիների օգնությունն այս հարցում չի կարողանում ստանալ, բայց թշնամանք սերմանել հաջողվում է։ Հիշենք մարտիմեկյան դեպքերի ժամանակ ղարաբաղցիներին վերացնելու, նրանցից ազատվելու կոչերը։

Ի դեպ, Մեղրիի այդ դրվագը թեև բազմիցս հերքվել է, սակայն այն հաճախ է օգտագործում նաև Նիկոլ Փաշինյանը՝ հստակ իմանալով, որ դա մանիպուլյացիա է։

Շարունակելի․․․

Նախորդ հրապարակումը՝ Ուշագրավ տեղեկություններ՝ 2008 թվականի նախընտրական իրավիճակի մասին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ