24 01 2020

Ուշագրավ տեղեկություններ՝ 2008 թվականի նախընտրական իրավիճակի մասին

Ուշագրավ տեղեկություններ՝ 2008 թվականի նախընտրական իրավիճակի մասին

Վիքիլիքսի հրապարակումները, որոնք արդեն որերորդ օրն է ցնցել են հանրությանը, քաղաքական ուժերին իրենց բացահայտումներով, նոր չեն։ Սակայն հիմա էլ, որ արժանանում են ուշադրության։ Ինչու։ Որովհետև այն ժամանակ մենք հիմնականում ուշադրություն ենք դարձրել անդրանիկքոչարյանական, սեդասաֆարյանական, տիգրանպասկևիչյան սարքոցիներին, և ոչ ոք չէր ցանկանում խորանալ այլ նյութերի մեջ, որոնք չէին բխում կամ այնքան էլ չէին բխում այդ ժամանակի ընդդիմության շահերից։ Իրականության, իրական զրույցների, նամակների արտահոսքին հետևելու ցանկություն քչերն ունեին։

Այժմ հրապրակվել են փաստերը, փաստի առաջ են կանգնեցրել այն ժամանակվա ընդդիմությանը, որոնց վառ ներկայացուցիչներից մեկն այսօր իշխանության ղեկին է։

Առանց միջամտության երևում է այն պատկերը, որը կար այն օրերին՝ 2008 թվականին։ Եվ ուրեմն, «Իմ ձայնը» նախագծի պեղած նյութերին անդրադառնանք ըստ հետաքրքրության։

Եվ այսպես, ամերիկյան դիվանագիտական աղբյուրների որոշ տեսակետներ և գնահատականներ, որոնք տեղ են գտել Վիկիլիքսի կողմից գաղտազերծված փաստաթղթերում, ուշագրավ են 2008 թվականի ընտրությունների և մարտի 1-ի մասով։ Դրանք այժմ հրապարակում է «Իմ ձայնը» նախագիծը։

Վիկիլիքսի փաստաթղթերը՝ 2008 թվականի նախընտրական իրավիճակի մասին

«27.11.2007թ. «ԼՏՊ-ի սցենարը. երկար հարված, որը, միևնույն է, հարված է» վերտառությամբ նամակում ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փեննինգթոնը ներկայացնում է Լ. Տեր-Պետրոսյանի հնարավորությունները սպասվող ընտրություններում։ Ըստ նրա՝ Տեր-Պետրոսյանը հաղթելու շատ քիչ շանսեր ունի, լինի դա ընտրությունների, թե փողոցային ցույցերի միջոցով։ Ներկայացնելով թեկնածուներից Արթուր Բաղդասարյանին՝ Փեննինգթոնը նշում է, որ վերջինս կծախի իր աջակցությունը նրան, ում հաղթելու հավանականությունը ավելի մեծ կլինի։ Նա նաև նշում է, որ Խաչատուր Սուքիասյանը մեծ ֆինանսական օժանդակություն է ցուցաբերում Տեր-Պետրոսյանին։ Փեննինգթոնը հավանական է համարում, որ երբ մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ և օլիգարխներ անցնեն ԼՏՊ-ի կողմը, դա կարող է շղթայական հետևանք ունենալ, սակայն, միևնույնն է, ավելի հավանական է համարում, որ Ս.Սարգսյանը կդառնա նախագահ»։

Փաստորեն, համաձայն Վիկիլիքսի, Լևոն Տեր-Պետրոսյանը ոչ միայն առաջին, այլև անգամ երկրորդ տեղում չէր, երկրորդ տեղում Արթուր Բաղդասարյանն էր։ Եվ ուրեմն, ՀՔԾ-ն այսպես կոչված նոր դրվագով վերաբացելով գործը երբ նշում է Լևոն Տեր-Պետրոսյանի հաղթանակի մասին, պետք է սրան ուշադրություն դարձնի՝ ընդունելով որպես հիմք։ Իսկ ինչո՞ւ պետք է ՀՔԾ-ն հիմք ընդունի Վիկիլիքսի հրապարակումը․ շատ պարզ պատճառով․ որովհետև Վիկիլիքսի մեկ այլ հրապարակում հիմք ընդունելով՝ քրեական գործ է հարուցել նախկին փոխվարչապետ Արմեն Գրիգորյանի վրա։ Այն դեպքում, երբ ՍԴ այն անդամը, որին ենթադրաբար ճնշել է Արմեն Գրիգորյանը, հերքել է, թե նման բան է եղել։

Շարունակենք նընթերցումը։

«28-12-2007 – ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը նամակ է ուղղում ԱՄՆ պետդեպարտամենտին և մի շարք այլ կազմակերպությունների, որտեղ  ներկայացվում են նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի հետ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հանդիպման մանրամասները։ Հանդիպման ընթացքում Բաղդասարյանը բողոքել է USAID-ի ֆինանսավորմամբ IRI-ին կազմակերպած սոցհարցումներից՝ դրանք համարելով անարդար և նշելով, որ այն միայն նպաստում է վարչապետի կողմից իրականացվող քարոզչությանը։ ԱՄՆ ներկայացուցիչը ուշագրավ է համարում, որ չնայած նախորդ 6 հարցումները ցույց են տվել, որ վարչապետը 1-ինն է, իսկ Բաղդասարյանը՝ 2-րդը, վերջինս, այնուամենայնիվ, դժգոհ է դրանցից։ Բաղդասարյանը նաև դժգոհել է Հայաստանում Գելափի գործընկերոջ՝ Հայաստանի Սոցիոլոգիական Ասոցիացիայի աշխատանքից՝ այն համարելով իշխանամետ կառույց։

Փեննինգթոնն այս զրույցի վերաբերյալ իր մեկնաբանությունում նշում է, որ Բաղդասարյանի բողոքը IRI-ի կազմակերպած հարցումների վերաբերյալ իրենք լուրջ չեն համարում՝ հատկապես հաշվի առնելով, որ Բաղդասարյանը պնդում է, թե իբր իր «անկախ» հարցումները ցույց են տվել, որ ինքը 10%-ով առաջ է վարչապետից։  ԱՄՆ ներկայացուցիչը նշում է, որ ընդդիմության արձագանքը հարցումների վերաբերյալ իր համար զարմանալի է, քանի որ սովորաբար ընդդիմությունը գոհունակությամբ է ընդունում միջազգային հանրության աջակցությունը ընտրական գործընթացներին։ Ընդհանուր առմամբ՝ ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը դրական է ներկայացնում հարցումները»։

Այսինքն, այդ ժամանակ հանրության շրջանում անցկացրած հարցումները վկայել, որ երկրի վարչապետ Սերժ Սարգսյանն ունի շատ ավելի բարձր վարկանիշ, քան ընդդիմության թեկնածուները։ Այդ թեկնածուներից մեկը՝ Արթուր Բաղդասարյանը, հանդիպելով Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին, փորձել է իրեն բարձր վարկանիշ ստեղծել։ Իսկ ամերիկյան կողմը զարմացել է որ հարցման արդյունքներին չեն հավատում և վերահաստատել է, որ IRI-ի և Գելափի կազմակերպած հարցումները ճշմարտացի են։

Բայց քանի որ հետագայում աղմկող կողմը Լևոն Տեր-Պետրոսյանն էր, նշենք, որ նրա վերաբերյալ թվերն առավել ուշագրավ են։ Ընտրություններից ոչ շատ առաջ՝ 2007 թվականի օգոստոսին, IRI-ի հարցումները հետևյալ արդյունքն են ցույց տլիս․ Լևոն Տեր-Պետրոսյանի համար աջակցությունը՝ 20%, իսկ նրա նկատմամբ բացասական վերաբերմունքը՝ 76%։

Լևոն Տեր-Պետրոսյւանի հաղթանակի որևէ շանս չէր կանխատեսվում։

Փաստենք, որ ԱՄՆ-ն հետաքրքրված էր Հայաստանում ընտրություններով, և նրանք կանխատեսում էին անում, թե ով ավելի հաջող կլիներ և նշում են, որ թեև Արթուր Բաղդասարյանը Լևւոն Տեր-Պետրոսյանից առավել առաջ էր, բայց նա ևս շանս չուներ։ Ըստ նրանց, Սերժ Սարգսյանին իրական մրցակից կարող էր լինել Րաֆֆի Հովհաննիսյանը։

Ընդ որում, ակնհայտ է դառնում, որ ԱՄՆ-ն ընդդիմությանը աջակցելով հանդերձ, հետևել է իրավիճակին ընդամենը և մատնանշել է, որ իր հարցումների կանխատեսումներն իրական են և արդարացել են։

Շարունակելի․․․

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ