01  02  2020

Անթույլատրելի ենք համարում Արցախի անունից բանակցություններ վարելը. Հայտարարություն

Անթույլատրելի ենք համարում Արցախի անունից բանակցություններ վարելը. Հայտարարություն

Արցախի «Արդարություն» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անթույլատրելի է համարում Արցախի անունից բանակցություններ վարելը, իսկ Բաքվում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգի հանդիպումը Լեռնային Ղարաբաղի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ գնահատում է որպես այդ համայնքի լեգիտիմացման և բանակցային կողմ դարձնելու փորձ: Նշենք, որ Արցախի Արդարություն» կուսակցությունը կայտարարել է, որ 2020-ին Արցախի նախագահի «ընտրություններում սատարելու է Վիտալի Բալասանյանի թեկնածությունը:

Ստորև ներկայացնում ենք կուսակցության հայտարարությունն ամբողջությամբ.

«Արցախի «Արդարություն» կուսակցությունը, նախորդ տարվա դեկտեմբեր ամսվա սկզբին, դատապարտել էր ՀՀ վարչապետ Փաշինյանի անունից ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի կողմից արված այն հայտարարությունը, թե Փաշինյանը դեմ չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացում Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված «ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչների ներկայությանը: «Արդարություն» կուսակցությունը նաև հայտարարել էր, որ, իրավունքի ուժով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում, չի հանդուրժի որևէ երկրի կողմից Արցախի Հանրապետության անվտանգությունը և սուբյեկտայնությունը վտանգող որևէ դրսևորում:

Ի պատասխան վերոնշյալ հայտարարությանը՝ ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակը շտապեց հայտարարել, որ դա թյուրըմբռնում է, և որ նման իրողություն գոյություն չունի:

Ինչպես գիտենք, սույն թվականի հունվարի 29-30-ին, Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ ու մասնակցությամբ, տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող մի շարք հարցերի, այդ թվում, 2019 թվականին ձեռքբերված պայմանավորվածությունների և քննարկված առաջարկների իրականացմանը, հայ և ադրբեջանցի ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելուն ուղղված հնարավոր հաջորդական քայլերին:

Հատկանշական է, որ նախարար Զոհրաբ Մնացականյանը շեշտել է խաղաղ կարգավորման գործընթացում Արցախի ժողովրդից ընտրված ներկայացուցիչների ներգրավման անհրաժեշտությունը: Եվ հենց այդ համատեքստում էլ նախօրեին, Ժնևում ընթացող բանակցություններին զուգահեռ, Բաքվում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգը սեփական նախաձեռնությամբ հանդիպել է Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքի ղեկավար Թուրալ Գյանջալիևի հետ:

Արցախի «Արդարություն» կուսակցությունը կրկին անգամ ահազանգում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացը չի կարող համարվել լիիրավ, եթե Արցախի Հանրապետության ընտրված իշխանությունները (և ոչ թե Արցախի ժողովրդից ներկայացուցիչները) զրկված են դրանցում լիարժեք մասնակցություն ունենալու իրավունքից և հնարավորությունից:

Արցախի «Արդարություն» կուսակցությունն անթույլատրելի է համարում 2019 թվականին ձեռքբերված ինչ–ինչ պայմանավորվածությունների ու քննարկված առաջարկների կիրարկումը, ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ հնարավոր հաջորդ քայլերի քննարկումը, քանի դեռ խորհրդային Ադրբեջանի իշխանությունների իրավահաջորդ հանդիսացող Ադրբեջանի ներկայիս իշխանությունները չեն տվել իրավաքաղաքական գնահատական 1988 թվականի փետրվարին Սումգայիթում, 1990 թվականի հունվարին Բաքվում և 1988–1991թթ. Արցախի պատմաիրավական տարածքների այլ բնակավայրերում հայերի և այլ ազգերի նկատմամբ իրականացված ցեղասպանությանն ու հայրենազրկմանը, և քանի դեռ չեն վերացրել դրանց հետևանքները:

Մեր գնահատմամբ, ներկայումս ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ հնարավոր քայլերը դրանք սոսկ ծուղակ են հայկական կողմի համար:

Արցախի «Արդարություն» կուսակցությունը անթույլատրելի է համարում Արցախի Հանրապետության անունից բանակցություններ վարելը, իսկ Բաքվում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգի հանդիպումը Լեռնային Ղարաբաղի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ գնահատում ենք որպես այդ համայնքի լեգիտիմացման և բանակցային կողմ դարձնելու փորձ:

Արցախի «Արդարություն» կուսակցությունը, դատապարտելով վերոնշյալ իրողությունները, հորդորում է Արցախի իշխանություններին և քաղաքական բոլոր ուժերին հստակ արտահայտել իրենց դիրքորոշումը մեր երկրին ու ժողովրդին նետված վերոնշյալ սպառնալիքների վերաբերյալ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ