Ինչպես արդեն տեղեկացրել էինք երեկ՝ հունվարի 31-ին չեղարկվել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կայացրած որոշումներից մեկը։
ԱԺ նախագահի որոշմամբ 2020 թվականի փետրվարի 6-ին պետք է խորհրդարանում արտահերթ նիստ հրավիրվեր, սակայն այն անվավեր է ճանաչվել, քանի որ փետրվարի 6-ին ԱԺ արտահերթ նիստ գումարելու փաթեթն ամբողջական չի եղել, այն վերադարձվել է հեղինակներին, որ շտկվի:
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Ազգային ժողովի նախագահը չեղարկում է իր նախորդ որոշումը թերի լինելու կամ իր չիմացության պատճառով։
Նախորդ անգամ էլ ԱԺ-ում կարդային ջարդի վերաբերյալ Միրզոյանի ներկայացրած նոր հաստիքացուցակը չէր հաստատվել ԱԺ խորհրդի կողմից։
Մեկ դեպք էլ օրերս գրանցվեց․ Արարատ Միրզոյանը 2019 թվականի դեկտեմբերին հայցադիմում էր ներկայացրել ընդդեմ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանի վիրավորանքի և զրպարտության միջոցով պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման, նախապես վճարված պետական տուրքի և փաստաբանի վարձատրության գումարների բռնագանձման պահանջի մասին։
Սակայն դատարանը հունվարի 13-ին որոշում է կայացրել վերադարձնել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի փաստաբան Լուսինե Գրիգորյանի կողմից ներկայացված հայցադիմումը։ Դատարանը, մասնավորապես, արձանագրել է, որ հայցադիմումում չեն նշվել այն փաստերը, որոնց վրա հիմնվել են հայցապահանջները, ինչպես նաև հայցի առարկան հստակ ու կոնկրետ չէ:
Դատարանը նշել է, որ հայցադիմումում, այդ թվում նաև հայցադիմումի խնդրամասում, չի նշվել, թե որ արտահայտություններն են վիրավորանք, և որ փաստացի տվյալներն են զրպարտություն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը