ՀԱՊԿ մասնակից յուրաքանչյուր երկիր 75 զինծառայող կուղարկի Մոսկվա՝ մասնակցելու 2020 թվականի մայիսի 9-ի Հաղթանակի շքերթին։ Այս մասին Բիշքեկ-Երեւան-Մինսկ-Մոսկվա հեռուստակամրջի ժամանակ տեղեկացրել է ՀԱՊԿ Միավորված շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:
Սիդորովը նաև նշել է, որ ՀՀ-ում 102-րդ ռազմակայանի պոտենցիալի ընդլայնումը եւ հայկական բանակի զինումը նոր սպառազինություններով ուղղված են հանրապետության եւ ամբողջ ՀԱՊԿ անվտանգության ամրապնդմանը։
Նա ընդգծեց, որ Հայաստանի անվտանգության մակարդակի բարձրացումը ծառայում է որպես կազմակերպության կովկասյան ուղղության անվտանգության ամրապնդման կարեւորագույն բաղադրիչ։ «Դա տեղավորվում է այն տրամաբանության մեջ, որի համաձայն՝ առանձին անդամ պետության ռազմական ամրապնդումը բխում է ամբողջ կազմակերպության շահերից։ Բացի այդ, կանոնադրական փաստաթղթերում մարտունակության բարձրացման հիմնական աղբյուր, կառույցի գործունեության գերակա ուղղություն է սահմանվել ազգային զինված ուժերի ամրապնդումը»,- նշեց Սիդորովը։
Գեներալը նշեց նաև, որ 2020 թ․ ՀԱՊԿ շրջանակում ամենից շատ զորավարժություններ տեղի կունենան ՀՀ տարածքում։ «Հայաստանում տեղի կունենան համատեղ զորավարժություններ «Որոնում» հետախուզության ուժերի եւ միջոցների հետ համատեղ, «Փոխգործակցություն – 2020» զորավարժություն Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հետ եւ «Էշելոն» հատուկ զորավարժությունը անդամ պետությունների նյութատեխնիկական ապահովման ուժերի եւ միջոցների հետ։ Երկու այլ զորավարժություն ՀԱՊԿ շրջանակում տեղի կունենան Ռուսաստանի եւ Ղրղղզստանի տարածքներում»,- ասաց նա։
ՀԱՊԿ պաշտոնյան նաև նշեց, որ ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն փորձում են Վրաստանին ՌԴ դեմ հակազդեցության գործիք դարձնել՝ ձգտելով ամրապնդել իրենց ազդեցությունը Կովկասում: Նրա խոսքով՝ դա դրսեւորվում է Վրաստանի զինված ուժերի հետ ռազմական համագործակցության ամրապնդմամբ, ֆինանսական, տեխնիկական եւ ռեսուրսային աջակցությամբ: «2019 թվականին ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների նավերը բազմիցսս մտել են Վրաստանի նավահանգիստներ, ինչը խոսում է Կովկասում ռազմական ակտիվության նրանց ձգտման մասին: Նման գործողությունները չեն նպաստում տարածաշրջանային կայունության ամրապնդմանը»,- ասաց Սիդորովը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը