Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մասնակցել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի տարեկան ընթրիքին, որի ընթացքում ելույթ է ունեցել:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ֆրանսիայի նախագահն իր ելույթում անդրադարձել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին՝ ընդգծելով, որ Ֆրանսիան արդեն 19 տարի է, ինչ լծված է այդ գործին: Էմանուել Մակրոնն ուրախությամբ նկատել է, որ արդեն մեկ տարի է, ինչ կատարված է ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր դարձնելու իր խոստումը:
«Պայքարը, որ հայերը մղում են Ցեղասպանության ճանաչման համար, պայքար է նաև լռության, մոռացության դեմ: Իսկ ճշմարտության հարցում գոյություն ունի եղբայրություն հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև»,- ասել է Մակրոնը:
Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ Թուրքիան իր քաղաքականության հիմքում դրել է ռևիզիոնիզմը. «Ոչ մի մեծ պատմություն չի կերտվում ստի, ժխտողականության ու ռևիզիոնիզմի հիման վրա»,- ասել է Մակրոնը:
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի տարեկան ընթրիքի մեկնարկին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի հիշատակին:
Որպես պատվավոր հյուր միջոցառմանը մասնակցել է նաև թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը