Հունվարի 28-ին մենք բոլորս ականատես եղանք անձնական կամ քաղաքական նպատակներով ՀՀ Ոստիկանության բացահայտ օգտագործման փաստին։ Կիրառվեց ցուցադրական ուժ, որի անհրաժեշտությունը բացարձակապես չկար։ Ակնհայտ է, որ բերման ենթարկված հանրային գործիչներից որևէ մեկը չէր խուսափի ներկայանալ ոստիկանություն և պատասխանել իրավապահներին հետաքրքրող ցանկացած հարցի։ Ակնհայտ է, որ կար հրաման՝ ժանրի ցածրորակ ֆիլմերի սցենարով գործողություն իրականացնել։
Նարեկ Մալյանը, Արթուր Դանիելյանը, Նարեկ Սամսոնյանը և որևէ այլ մեկը՝ անկախ իր քաղաքական նախասիրություններից և հայացքներից, ունեն ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված բոլոր իրավունքները՝ ազատ հանրային գործունեության համար։ Կարելի է ենթադրել, որ այս գործողության հրամանի կայացման և կատարման նախապատմությունն ունի հանրությանն անհայտ կետեր և դրդապատճառներ։
Ցավոք, «ոստիկանը մերն է»՝ հեղափոխության հիմնական կարգախոսներից մեկը վերափոխվում է «ոստիկանը իմն է» վտանգավոր միտմանը։
Կոչ ենք անում՝ զգոն լինել այս փոփոխությունների հանդեպ։ Զարմանալիորեն՝ այս ամենը կատարվում է ազատական, ժողովրդավարական արժեքներ դավանող, երիտասարդ ու հեռանկարային կազմով խորհրդարանի պատգամավորների աչքի առջև, որոնց մեծ մասը մինչ վերջերս հանդես էր գալիս մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության, օրենքի առջև հավասարության սկզբունքային դիրքերից։ Եթե նրանք այսօր լռեն, իրենց ձայնը ստորադասեն, ապա գործընթացները կգնան շատ անցանկալի ուղղությամբ, և նրանք այս ամենում կունենան պատասխանատվության իրենց բաժինը։ Մարդու իրավունքների պաշտպանությունը չի կարող պայմանավորված լինել քաղաքական նպատակահարմարությամբ ու հայացքների համընկնմամբ, և այսօր պահն է՝ բաց աչքերով ֆիքսելու, որ մինչ այս պահը չի ներկայացվել ցուցադրաբար, բռնության գործադրմամբ բերման ենթարկելու որևէ հիմք։ Հիմնավորում չի ներկայացվել անհամաչափ ուժի կիրառման, բերման ենթարկելու պրոցեսը ցուցադրաբար իրականացնելու, տեսանկարահանելու և տարածելու անհրաժեշտության վերաբերյալ։
Միևնույն ժամանակ կոչ ենք անում մեր բոլոր գործընկերներին, համախոհներին, ընդդիմախոսներին՝ միասնաբար թույլ չտալու հասարակության և ոստիկանության միջև նոր անջրպետներ։ Այստեղ կարևոր է նաև հենց ոստիկանության դերակատարումը. անկախ ամեն ինչից, կառավարությունների փոփոխությունից, ոստիկանությունը պետությանն է և պետք է գործի բացառապես օրենքի և բանականության սահմաններում։
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը