24 01 2020

Իշխանությունը չի հաշտվում անկառավարելի և անկոտրում սահմանադրական մարմնի առկայությամբ. սահմանադրագետ

Իշխանությունը չի հաշտվում անկառավարելի և անկոտրում սահմանադրական մարմնի առկայությամբ. սահմանադրագետ

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն, սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի տանն ընթացող խուզարկությանը։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև

«Սահմանադրական դատարանի նախագահի բնակարանում իրականացվող խուզարկությունը իրականացվում է այն նույն քրեական գործով, որի շրջանակներում Հրայր Թովմասյանը դեռևս անցած տարվա դեկտեմբերի 27-ին ներգրավվել է որպես մեղադրյալ։

Խուզարկությունն իր էությամբ և նպատակով անհետաձգելի քննչական գործողություն է, որի իրականացման դատավարական կարգը հստակ նախատեսված է Քրեական դատավարության օրենսգրքով։

Տարրական իրավական պատկերացումներ ունեցող ցանկացած անձ գիտակցում է, որ անձին մեղադրյալ ներգրավվելուց օրվանից մեկ ամիս անց նրա բնակարանում իրականացվող խուզարկությունը չի հետապնդում իրավաչափ նպատակներ և ռեպրեսիվ ուժի կիրառում է անձի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ։

Ակնհայտ է՝ Հրայր Թովմասյանին նկատմամբ ցանկացած, անգամ տրամաբանության հետ աղերս չունեցող և իրավապես հիմնազուրկ հետապնդում, ռեպրեսիա և\կամ վերջինիս բարի համբավն արատավորող մանիպուլյատիվ տեղեկատվություն կամ գործողություն իշխող ուժի օրակարգում է։

Օրվա իշխանությունը չի հաշտվում անկառավարելի և անկոտրում սահմանադրական մարմնի առկայությամբ, առավել ես՝ չի հանդուրժում Հրայր Թովմասյանի պետականամետ և արդար կերպարը, ով Սահմանադրական դատարանի իր գործընկերների հետ համատեղ, այս ողջ ընթացքում, իրավապահ մարմինների խոշորացույցի տակ ապրելով՝ դիմագրավեցին մի շարք ճնշումների և ռեպրեսիաների։

Հ. գ. Հասկանալի է, որ Սահմանադրական դատարանը, ի դեմ՝ Հրայր Թովմասյանի, խոշոր ոսկոր է ձեր կոկորդում. դադարեցրեք այն կուլ տալու փորձերը՝ կարող եք խեղդվել»: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ