23 01 2020

Նախատեսվում է Հայաստանի ղեկավարի առաջին այցը Նիդերլանդներ․ Փաշինյան

Նախատեսվում է Հայաստանի ղեկավարի առաջին այցը Նիդերլանդներ․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Վարչապետը ողջունել է պարոն Բլոկի այցը մեր երկիր և վստահություն հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի հայ-նիդերլանդական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանը: Կարևորելով բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը՝ վարչապետը հավելել է, որ այս տարի նախատեսվում է նաև իր պաշտոնական այցը Նիդերլանդներ, ինչը դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր կլինի Հայաստանի ղեկավարի առաջին այցն այդ երկիր: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունը կարևորում է երկկողմ համագործակցությունը ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ու հումանիտար բնագավառներում:

Այնուհետև վարչապետն անդրադարձել է Հայաստանում ժողովրդավարության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղություններով, դատական համակարգում և այլ ոլորտներում իրականացվող բարեփոխումներին և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը նշված ուղղություններով ձևակերպել է հագեցած և հավակնոտ օրակարգ և հետևողականորեն գնում է այն կյանքի կոչելու ճանապարհով: 

Նիկոլ Փաշինյանը ողջունել է Նիդերլանդների խորհրդարանի կողմից Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը, ինչը կարևոր նշանակություն ունի եվրոպական գործընկերների հետ հարաբերությունները և համատեղ ծրագրերն ընդլայնելու առումով:

Ստեֆ Բլոկը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ ակնհայտ տեսանելի են Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացներն ու բարեփոխումները և ընդգծել, որ իր երկրի կառավարությունը ևս պատրաստ է փոխգործակցության արդյունքում նպաստել դրանց արդյունավետ իրականացմանը:  Նիդերլանդների ԱԳ նախարարը հեռանկարային է համարել համագործակցությունը տնտեսության, այդ թվում՝ գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև հումանիտար բնագավառներում: Պարոն Բլոկը համոզմունք է հայտնել, որ վարչապետ Փաշինյանի այցը Նիդերլանդների Թագավորություն ևս կնպաստի երկկողմ հարաբերությունների օրակարգի հաստացմանն ու ընդլայնմանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ