Արա Վարդանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«ԱԺ-ում տեղի ունեցավ հերթական հարց ու պատասխանը։ Դե ինչ, կարելի է անել հետևյալ եզրահանգումները.
1. Գազի հնարավոր թանկացման մեղավոր նշանակվեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Չեմ բացառում, որ ապրիլին հենց այդ պատրվակով իրեն կազատեն զբաղեցրած պաշտոնից։ Հատկանշական է, որ հարցը ուղղվել էր Վարչապետին, բայց դե մեր խմբագիր մաեստրոն որոշեց փուռը տալ իր տեղակալին։
2. Գևորգ Կուտոյանի գործի նախաքննությունը հանձնարարվեց իր ընտանիքին և եթե այն չբացահայտվի՝ ապա մեղավորը ընտանիքն է։ Ուշադրություն դարձնենք, որ Վարչապետը կրկին չբարեհաճեց հայտնել իր ցավակցությունը։
3. Պարզվեց, որ մեր սիրելի կառավարությունը և իշխող ուժը լրջորեն զբաղված են երջանկության ինդեքսով Հայաստանում։ Երևի հենց դրանով է պայմանավորված համատարած ատելության քարոզը, ծննդատների փակումը և այլ շատ "երջանկացնող" քայլերը։ Իսկ իրականում, այդ առումով կասկած չունեմ, որ մեր կառավարության անդամները և պատգամավորները ամենաերջանիկն են։ Բա այդքան աշխատավարձ ու հավելավճար ստացողը ո՞նց կարա երջանիկ չլինի։
4. Մսավաճառների հարցը ձգվեց մի քանի ամսով, ինչը շատ սպասելի էր։ Կարելի է ենթադրել, որ շուտով ականատես կլինենք տաքսիի վարորդների կողմից նման դրսեորումների՝ բալային համակարգի անցնելու հետ կապված։ Չեմ էլ կասկածում, որ իրենց դեպքում էլ հարցին կտան ժամանակավոր լուծում, որպեսզի բողոքի ալիքը չբարձրանա։
Իսկ ընդհանուր առմամբ շատ ծիծաղելի է երբ պատգամավորը հարց տալու փոխարեն անում է կառավարության գովքը, կառավարության ներկայացուցիչը չհնչած հարցին պատասխանելու տեղը շարունակում է ինքնագովքը, և այս ամենից հետո որպես արձագանք պատգամավորը ավարտում է իր խոսքը կրկին գովքով։ Կեցցեք»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը