21 01 2020

Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ բացահայտվեց Փաշինյանի հակաժողովրդավարական դեմքը․ Վ․ Սողոմոնյան



Tert.am-ը գրում է․ «Իրավապահ մարմինները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի վերջին մոտ երկու տարվա ընթացքում բարձրաստիճան պաշտոնյաների մահվան դեպքերի հարցում հասարակությունը կասկածներ չունենա: Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Ըստ Վիկտոր Սողոմոնյանի՝ նախկին պաշտոնյաների ու իրողությունների նկատմամբ ձևավորված ատելության մթնոլորտը չէր կարող չազդել Գեորգի Կուտոյանի կայացրած ողբերգական որոշման վրա:Վիկտոր Սողոմոնյանի դիտարկմամբ՝ Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքները պարզելու համար վարկածներ ու ուրվականներ առաջ քաշելը ոչ մեկին օգուտ չի տալու:

Խոսելով Գեորգի Կուտոյանի մահը «Մարտի 1»-ի հետ կապելու առաջ քաշած վարկածներից՝ Սողոմոնյանը պատասխանել է. «Դա անբարոյականություն է: Կուտոյանի մահը «Մարտի 1»-ի հետ կապակցելն այնքան անբարոյականություն է, որքան Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի ուղիղ հեռարձակման տակ անբարո մեկնաբանություններ թողնելը»:

Դիտարկմանը՝  «ֆեյքերի» որս է իրականցվում, տարվա սկզբին էլ Դիանա Հարությունյան անունով կեղծ էջի օգտատիրոջը ԱԱԾ-ն բերման ենթարկեց, Վիկտոր Սողոմոնյանն ասել է, որ մի «ֆեյքի» վերաբերյալ վարչապետի մակարդակով արձագանք ենք տեսնում, իսկ ԱԱԾ նախկին պետի մասին «ֆեյքերի» գրառումները որևէ արձագանքի չեն արժանանում:

Անդրադառնալով ներքաղաքական վիճակին, հասարակության մեջ տիրող մթնոլորտին՝ Վիկտոր Սողոմոնյանը նկատում է, որ ընդդիմադիր Փաշինյանը բախվել է իշխանավոր Նիկոլ Փաշինյանին. «Նիկոլ Փաշինյանը երբեք պետական համակարգում չէր աշխատել ու այսօր դարձել է երկրի ղեկավար, դրա համար էլ նա բախվել է իրականության»:

Սողոմոնյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի արած քայլերը, մասնավորապես նախարարների աշխատավարձերի բարձրացումը, պարգևավճարները հակասում են իղձերի քաղաքականությանը, որը խոսքով Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ժողովրդին:

«Մարտի 1»-ի գործով դատավարությանն անդրադառնալով՝ Վիկտոր Սողոմոնյանն ասել է, որ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է մնալ մարտական տրամադրված. «Նախագահ Քոչարյանը ի թիվս բազմաթիվ ծառայությունների, որ մատուցել է հայ ժողովրդին, հիմա էլ կրելով զրկանքներ, հնարավորություն տվեց, որ մենք շատ արագ բացահայտենք ներկա իշխանությունների հակաժողովրդավարական դեմքը»:

Վիկտոր Սողոմոնյանը համոզված է, որ, եթե չլիներ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը, այս իշխանությունները ոչ մի պարագայում ճնշումներ չէր գործադրի դատական համակարգի վրա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ