20 01 2020

Նաիրի Հունանյանն այլևս չի օգտվում Արման Բաբաջանյանի ծառայություններից․ Politik

Նաիրի Հունանյանն այլևս չի օգտվում Արման Բաբաջանյանի ծառայություններից․ Politik

Politik.am-ը գրում է․ «Այսպես կոչված նոր Հայաստանի քաղաքական կյանքում կարևորվում են սկզբունքեր չունեցող և հասարակությանը մոլորության մեջ գցող գործիչները։ Այս իմաստով Ազգային Ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը իր երազանքների դաշտում է հայտնվել։

Բոլորն են հիշում, թե ինչպես էր ամիսներ առաջ ոճրագործ Նաիրի Հունանյանի հետ հանդիպած Արման Բաբաջանյանը պնդում, որ ոճրագործը իրեն բացառիկ «փաստեր» է փոխանցել, որոնք պայթեցնելու են քաղաքական կյանքը․«Նաիրի Հունանյանից ստացա պատասխաններ, որոնք էական տարբերություններ ունեն քրեական գործում տեղ գտած փաստագրումներից։ Կարծում եմ, որ Մեղրիի վերաբերյալ վերջին շրջանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից շրջանառվող ուղղակի ապացույցները լիուլի են, որ մենք ձեռնամուխ լինենք գործի վերսկսմանը: Եվ պիտի ասեմ, որ Մարտի 1-ի գործը, որ հիմա նոր-նոր սկսվում է քննվել դատարանում, Նաիրի Հունանյանի փոխանցածի համեմատ ծաղիկներ են: Կարծում եմ, երանի կտան մեղավորները, որ Մարտի 1-ով վերջանա ամեն ինչ։ Անունները, որոնք նա հնչեցրեց, պատահական չեն: Քաղաքական այն գործիչները, որոնք դուրս էին գալիս Ազգային ժողովից և ռոմանտիկների քայլ էին ընդամենը բնորոշում Նաիրի Հունանյանի կատարած ոճիրը, պարզվում է, ոճիրից մի քանի օր առաջ հանդիպել են Նաիրի Հունանյանի հետ և նրան սնուցել են, նրան ոռոգել են իր մտադրության մեջ և նրան, ըստ էության, մղել են այդպիսի գործողության դիմել:», - Հունայնաի հետ հանդիպումից հետո  «Ազատություն» ռ/կ-ի եթերում ասել էր Ազգային ժողովի պատգամավորը։

Հունանյանի հետ հանդիպումը Բաբաջանյանին հնարավորություն տվեց մի քանի շաբաթ  լրատվական օրակարգ ստեղծել և հայտնվել ամենաքննարկվող քաղաքական գործիչների շարքերում։ Բաբաջանյանի աստղային ժամը կարճ տևեց և նա չկարողացավ հոկտեմբերի 27-ի զոհերի հաշվին քաղաքական հարթակ ստեղծել իր համար։

Հիմա պարզվում է Բաբաջանյանը չի վստահում Նաիրի Հունանյանին։ Պատգամավորը տեղեկանալով, որ Նաիրի Հունանյանը նամակով դիմել է վարչապետ Փաշինյանին կոչով է հանդես եկել և զգուշացրել կառավարությանը, որպեսզի չտրվեն Նաիրի Հունանյանի սադրանքներին․«Նա կարող է հաշվարկել, որ գործող իշխանության քաղաքական հակառակորդների անունների հրապարակումը կարող է գայթակղիչ լինել իշխանության համար, և գնալ այդ ճանապարհով: Կրկնում եմ՝ ամեն ինչ հնարավոր է, և պետք է Նաիրի Հունանյանի ցանկացած քայլի վերաբերվել խիստ զգուշավորությամբ: Անթույլատրելի է, որ Հոկտեմբերի 27-ի գլխավոր ոճրագործը հիմա էլ՝ ահաբեկչությունից 20 տարի անց, ինչ-ինչ հաշվարկներից ելնելով, սխալ ուղղությամբ տանի կազմակերպիչների մասով գործի քննությունը՝ պարտակելով ահաբեկչության ինչպես ներքին, այնպես էլ արտաքին հնարավոր կազմակերպիչներին»,- «Ֆակտոր» լրատվականի հետ ասել է Նաիրի հունանյանի հետ հանդիպած և նրա մեսիջները հասարակությանը փոխանցող պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Արման Բաբաջանյանի տարբեր ժամանակներում արված իրար հակասող այս հայտարարությունները թույլ են տալիս ենթադրելու, որ նա բարկացած է այն հանգամանքից, որ Նաիրի Հունանյանը փորձել է ուղիղ կապ հաստատել վարչապետ Փաշինյանի հետ և չի օգտվում միջնորդի դեր ստանձնած պատգամավորի ծառայություններից»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ