Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Զարմացած եմ Հրանտ…
«Սիրելի՛ Հրանտ Բագրատյան
Երեկ քո ֆեյսբուքյան էջում դիտեցի Անժելա Թովմասյանի «Հայելու առաջ» հաղորդման տեսագրությունը: Շատ վիրավորված եմ քեզանից, որ հաղորդման հեղինակի՝ իմ հասցեին արված արտահայտությունը, թե իբր ես քծնում եմ ՀՀ իշխանություններին, չսաստվեց քո կողմից: Անկեղծ լինեմ՝ սպասում էի դրան…
Եթե քծնող լինեի, սիրելի՛ ընկեր, շատ-շատերի նման հեռու կմնայի քեզանից դեռ 2008թ.-ին՝ մարտի 1-ին անմիջապես հետևած ժամանակաշրջանում, երբ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, փոխանակ իրական մեղավորներին փնտրեր, անամոթաբար քո ամեն մի քայլին էր հետևում: Իսկ մենք, մտերիմ ընկերներ լինելով, այդ օրերին շարունակում էինք հաճախակի հանդիպել ինչպես Երևանի սրճարաններում, այնպես էլ Ստեփանակերտում՝ իմ օջախում: Եթե մորթապաշտություն ունենայի կամ իշխանության մոլուցքով տառապեի, նորանշանակ վարչապետ լինելով, արդյո՞ք կգնայի նման ռիսկի, մտածելով, որ մեր յուրաքանչյուր հանդիպումից հետո, հնարավոր է՝ ավարտվեր բարձրաստիճան պաշտոնյայի գործունեությունս, ո՞վ գիտի, գուցե և քաղաքական կարիերաս…
Անցած ավելի քան մեկ տասնամյակում դու շարունակաբար հանդես ես եկել ծայրահեղ ընդիմադիրի դիրքերից՝ սուր քննադատության ենթարկելով ՀՀ բոլոր կառավարությունների ղեկավարներին, որոնց հետ ունեցել եմ ջերմ գործընկերային հարաբերություններ: Այսօր էլ նույնն ես անում: Դրանից երբևէ տուժե՞լ է մեր մտերմությունը: Ի՞նչ ես կարծում, քծնող մարդը կարո՞ղ է լավ ընկեր լինել: Ես համոզված եմ, որ չի կարող, և գիտեմ, որ դու էլ ես այդ արժեհամակարգի կրողը: Եվ հենց դրա համար էլ բարեկամակաբար խորհուրդ կտայի հնարավորինս խուսափել այնպիսի հրապարակային հանդիպումներից, որտեղ մտավորականի կերպարդ փորձում են ստորաբար ծառայեցնել ինչ-որ շահերի…
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ իմ ղեկավարած քաղաքական ուժը Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխության առաջին օրերից մինչև հիմա սատարել և սատարում է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, կասեմ հետևյալը. այդ մասին հրապարակավ խոսելու ժամն էլ կգա:
Գիտեմ, որ կգտնվեն մարդիկ՝ այլ ուժերի հովանավորությունից օգտվածները, ովքեր, գուցե, չցանկանան ըմբռնել խոսքս, բայց նրանք, որոնց համար Հայրենիքը վեր է ճղճիմ շահարկումներից, հաշվի կնստեն ճշմարտության՝ գերագույն սկզբունքի հետ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը