Սովորական բնույթ կրող հանդիպումներ են, այս անգամ հանդիպման ինձ կանչել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը, որը ես ուրախությամբ ընդունել եմ, մեր քննարիկման թեմաները բավականին լայն են և դրանք բոլորը վերաբերում են մեկ բանի՝ Հայաստանի ազգային անվտանգության հարցերին արտաքին ոլորտի մասով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով իր և «Իմ քայլը» խմբակցության փակ հանդիպմանը: Անդրադառնալով Իրանի և Մերձավոր Արևելքի զարգացումներին՝ Մնացականյանն ասաց, որ ԱԳՆ-ն արդեն արձագանքել է:
«Բնականաբար, մեզ համար շատ անհանգստացնող է կայունության խափանումը մեր հարևան տարածաշրջանում: Հաշվի առնելով այն փաստը, որ մեր անմիջական գործընկերներն ունեն տարաձայնություններ և դա մեր տարածաշրջանի և մեր երկրի անվտանգության վրա կարող է ազդել, ուստի մեր Ազգային անվտանգության համակարգը համախմբված աշխատում է, որ մենք պատրաստ լինենք: Բացի դրանից, մենք աշխատում ենք մեր բոլոր գործընկերների հետ, հեռախոսազրույցներ ենք ունենում, մեր դիվանգիտական կազմն է աշխատում բոլոր ուղղություններով»,- ասաց նա։
Արտգործնախարարը նաև հույս հայտնեց, որ այս հարցը կլուծվի միայն խաղաղ ճանապարհով, հնարավոր կլինի կայունացնել իրավիճակը և խուսափել որևէ իրավիճակից, որը կտանի անկայունության: Հարցին՝ տարեվերջին վարչապետը հայտարարել է, որ բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ չկա, զրոյի՞ց ենք սկսելու ամեն ինչ, Մնացականյանը պատասխանեց. «Ո՛չ, մենք բազմիցս անդրադարձել ենք այս հարցին, բանակցային գործընթացը տեղի է ունենում 25 տարի, Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, որը մենք շարունակում ենք համարել որպես ամենագործուն և ամենաէֆեկտիվ շրջանակ:
Բանակցային գործընթացի շրջանակներում ձևավորվել են բազմաթիվ մոտեցումներ, գաղափարներ ու այդ ամենի մեջ մեզ համար էական ու սկզբունքային է համադրել բազմաթիվ տարբեր պարամետրերը, որոնց մեջ արտահայտություն է գտնում այն, որ մեզ համար գերակա է մեր դիրքորոշումը»: Անդրադառնալով հարցին, թե արդյոք առաջիկայում հանդիպում սպասվում է իր և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի միջև, նա ասաց, որ բանակցային գործընթացը շարունակական է։
Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ դեռևս վաղ է խոսել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման մասին: «Մենք բանակցություններից երբևէ չենք խուսափել, հակառակը, շատ ակտիվ ներգրավված ենք բանակցային գործընթացում», - ասաց ՀՀ ԱԳ նախարարը։
Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ որևէ պահ չի եղել, որ Հայաստանը փորձի ձգձգել բանակցային գործընթացը։
«Նախարարների մակարդակով եղել են բավարար թվով հանդիպումներ, գործընթացը շարունակվում է, մենք ԱԳ նախարարների մակարդակով շարունակում ենք աշխատել», - ասաց Մնացականյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը